Ճանաչենք իսլամը (186)
Այս հաղորդման ժամանակ խոսելու ենք «Ասհաբ-ե Քահֆ»-ի պատմության մասին, որը կարող է «Մաադ»-ի կամ հարության մեկ այլ ապացույց համարվել:
Ողջույն թանկագին բարեկամներ: «Ճանաչենք իսլամը» հաղորդաշարի հերթական համարում շարունակելով «Մաադ»-ի պատճառների քննարկումը կանդրադառնանք «Ասհաբ-ե Քահֆ»-ի պատմությանը: «Ասհաբ-ե Քահֆ»-ի կամ «Քարայրի աջակիցներ»-ի պատմությունը: «Ասհաբ-ե Քահֆ»-ի պատմությունը գեղեցիկ ու զարմանալի է: «Ասհաբ-ե Քհաֆ»-ի պատմությունը Ղուրանում համառոտ կերպով ներկայացված է «Քահֆ» սուրայի 9-ից 26-րդ այաներում:
«Ասհաբ-ե Քահֆ»-ը բացառությամբ մեկի, որ հովիվ էր, ազնվականներ ու պալատականներ էին, ովքեր հավատում էին բարձրյալ Աստծուն: Նախորդ հաղորդման ժամանակ ասացինք, որ նրանք ապրում էին մի հասարակության մեջ, որտեղ տիրապետում էր կռապաշտությունն ու բազմաստվածությունը: Թեև այդ ազնվականներն վայելում էին ամեն տեսակ բարիք, սակայն իրենց հավատքի պահպանումը և ժամանակի բռնապետի ու բազմաստվածության դեմ պայքարը գերադասեցին ամեն տեսակ պաշտոնի, դիրքի ու հասարակական առավելություններից: Հետևաբար թիկունք դարձրեցին ամեն տեսակ պճնանքի ու առերևույթ հանգստավետության, գաղտնի կերպով լքեցին քաղաքն ու ապաստանեցին մի քարայրում: Այդ պատճառով էլ նրանց «Ասհաբ-ե Քհաֆ» կամ քարայրի աջակիցներ են անվանում: Ղուրանը «Քահֆ» սուրայի 13-րդ այաում գրում է. «Մենք նրանց պատմությունը ճշտությամբ փոխանցում ենք ձեզ: Նրանք անձնվեր տղամարդիկ էին, որ հավատում էին իրենց Արարչին ու մենք նրանց առաջնորդեցինք»:
3-րդ դարի կեսերին Հռոմում իշխում էր Դեսիուս կայսրը: Նա մարդկանց կռապաշտության կոչ էր անում ու սպանում էր նրանց ովքեր չէին պաշտում կուռքերին:
Պատմական աղբյուրներում «Ասհաբ-ե Քահֆ»-ի մասին ասված է, որ նրանք Դեսիուսի վեց նախարարներն էին, որոնցից մելը Թեմլիխա էր կոչվում: Նրանք դեմ էին կռապաշտությանն ու բազմաստվածությանը և հավատում էին աշխարհի միակ Արարչին: Նրանք իրենց հավատքի պահպանման համար որոշեցին հեռանալ նեխած ու կռապաշտությամբ պատված այդ միջավայրից: Հետևաբար հեռանում են իրենց քաղաքից ու ապաստանում են անապատներում ու լեռներում: Որոշ տարածություն կտրելով հանդիպում են մի հովվի և նրանից սնունդ են խնդրում: Հովիվը նրան հյուրընկալում ու ասում է. «Ձեր արտաքինից այնպես է երևում, որ ազնվական եք ու փախչում եք Դեսիուսի բռնությունից»: Նրանք հովվին պատմում են ճշմարտությունը: Հովիվն ասաց. «Ես էլ ձեզ նման եմ մտածում: Թույլ տվեք այս ոչխարներին վերադարձնեմ իրենց տերերին ու միանամ ձեզ»: Հովիվն իրենց տերերին վերադարձրեց ոչխարներին ու միացավ նրանց իր հետ տանելով իր շանը:
Նրանք մտածեցին, որ եթե այդ շունն ընկերակցի իրենց կարող է պատահել, որ նրա հաչոցից իրենց գաղտնիքը բացահայտվի: Փորձեցին շանը հեռացնել, բայց չհաջողվեցին: Նրանք շարունակեցին իրենց ճանապարհը և շունն էլ հետևում էր նրանց մինչև որ գիշեր եղավ: Նրանք հասան մի լեռ ու այն բարձրանալով ապաստանեցին մի քարայրում: Քարայրի կողքին մրգի ծառեր ու աղբյուր տեսան ու սնվեցին: Նրանք որոշեցին մի փոքր հանգիստ առնել, շունն էլ քարայրի դռանը պահակություն էր անում: Այդ պահին Աստված մահվան հրեշտակին հրահանգեց նրանց հոգին առնել: Նրանք մահվան նման խոր քուն մտան:
Որոշ վկայությունների համաձայն դա տեղի է ունեցել Եփեսոս քաղաքում որի մերձակայքում էլ գտնվում է քարայրը: Քաղաքի ավերակներն այսօր էլ դեռ կանգուն են Թուրքիայի Իզմիր քաղաքի մերձակայքում: Մեկ այլ վկայության համաձայն այդ քաղաքը գտնվում է Հորդանանի մայրաքաղաք Ամանի մերձակայքում:
Այս հայտնի մարդկանց քաղաքից հեռանալու լուրը տարածվում է ամենուր: Կայսրը զայրանում է և մտահոգվում է նրանից, որ դա կարող է պատճառ դառնալ որ ժողովուրդը զարթոնք ապրի և կամ նրանք հեռու ու մոտիկ վայրեր գնալով միաստվածություն քարոզեն: Հետևաբար հրահանգում է գտնել, կալանավորել ու պատժել նրանց: Բայց նրանց գտնելու համար կատարվող որոնումներն անօգուտ են մնում: Դա քաղաքի ժողովրդի համար առեղծվածի է վերածվում: Հենց այն իրողությունը, որ մի խումբ պաշտոնյաներ ու ազնվականներ հրաժարվելով իրենց նյութական առավելություններից ընտրեցին միաստվածության վտանգներով լի ուղին ժողովրդի մեկ մասի համար զարթոնքի աղբյուր դարձավ: Այսպիսով այս խմբի առեղծվածային պատմությունը գրանցվեց պատմության մեջ ու փոխանցվեց մեկ սերնդից մեկ այլը: Այս զարմանալի դեպքից անցավ լուսնային 309 և արեգակնային 300 տարի:
Այդ ընթացքում Դեսիսուսի իշխանությունը վերջ գտավ ու շատ մեծ փոփոխություններ տեղի ունեցան: «Ասհաբ-ե Քահֆ»-ը երկար ժամանակ ննջելուց հետո Աստծո կամքով զարթնեցին: Նրանք ենթադրում էին, որ միայն մի քանի ժամ են քնել ու միմյանց հարցնում էին թե դա ինչքան է տևել: Նայեցին Արեգակին ու տեսան, որ դա արդեն բարձրացել է: Մտածեցին, որ քնել են առավելագյունը մեկ օր: Սաստիկ սով զգացին: Հետևաբար որոշեցին, որ իրենցից մեկը ծպտված կերպով քաղաք գնա ու սնունդ ապահովի: Նրան ասացին. «Զգուշացիր որ քեզ չճանաչեն: Քանի որ եթե տեղեկանան մեր գտնվելու վայրի մասին կամ մեզ կսպանեն և կամ էլ կպարտադրեն որ հավատափոխ լինենք»:
Նա գնաց քաղաք, բայց նկատեց որ քաղաքի տեսքը շատ է փոխվել: Նկատեց որ շենքերը փոխվել են, մարդիկ այլ կերպ են հագնված ու նույնիսկ նրանց խոսելու ձևը և վարքն եւ բարքը փոխվել են: Շատ զարմացավ: Մի պահ մտածեց, որ երազ է տեսնում: Բայց հետո իմացավ, որ այն ինչը որ տեսնում է իրականություն է:
Միևնույն ժամանակ նրա տեսքը, հագուստն ու խոսելու եղանակն էլ ժողովրդի համար տարօրինակ էր համարվում: Նա ցանկացավ վճարել իր գնած հացի գումարը: Վաճառողը նկատեց, որ նրա առաջարկած մետաղադրամը պատկանում է 300 տարի առաջվա: Երբ բացատրություն պահանջեց, նա պատասխանեց որ այդ մետաղադրամը նոր է ձեռք բերել:
Հետզհետե փաստերի վրայից ժողովուրդն ու քաղաքի կառավարիչն իմացան, որ նա այն մարդկանցից մեկն է, որոնց անհայտանալու մասին գրված է պատմության էջերում: Բազմությունը շրջապատեց նրան: Այդ ժամանակ նրա զարմանքը հասավ գագաթնակետին ու իմացավ, որ ինքն ու իր ընկերները երկար ժամանակվա համար քուն են մտել:
Այս մասին լուրն արագորեն տարածվում է քաղաքում: Որոշ պատմագիրներ գրել են, որ այդ ժամանակ երկրում իշխում էր հավատացյալ մի պաշտոնատար, սակայն ժողովրդի մեծ մասը հստակ պատկերացում չուներ մեռելների հարության մասին: Ամեն դեպքում «Ասհաբ-ե Քահֆ»-ի երկար ժամանակ տևած քունը հավատացյալների ու «Մաադ»-ի կողմնակիցների համար ամուր ապացույց դարձավ:
Նա որ սնունդ գնելու համար «Ասհաբ-ե Քահֆ»-ի կողմից քաղաք էր մեկնել իրավիճակը տեսնելով վերադառնում է քարայր ու զարմանալի դեպքի մասին պատմում է իր ընկերներին: Բոլորը ապշում են:
Գաղտնիքը բացահայտվելուց հետո «Ասհաբ-ե Քահֆ»-ին տեսնելու համար բազմությունը մեկնում է քարայր: Սակայն «Ասհաբ-ե Քահֆ»-ն Աստծուց խնդրում են որ իրենց կյանքին վերջ տրվի ու նրանց հոգին միանա բարեգութ Արարչին: Նրանց պահանջը կատարվում է Արարչի կողմից: Այսպիսով այդ մաքրահոգի մարդիկ վախճանվում են ու նրանց դիակները մնում են քարայրում:
Այս դեպքից հետո վեճ է ծագում մեռելների հարությանը հավատացողների ու ընդդիմախոսների միջև: Ընդդիմախոսները ցանկանում էին, որ «Ասհաբ-ե Քահֆ»-ի քնելու և զարթնելու հարցը մոռացության տրվի և դա հավատացյալների համար ամուր ապացույց չդառնա: Հետևաբար որոշում են նրանց գտնված վայրում շինություն կառուցել, որպեսզի նրանք ընդմիշտ հեռու մնան հայացքներից ու դեպքն էլ մնա քողարկված: Նրանք ժողովրդի հետաքրքրությունը նվազեցնելու համար ասում էին, որ այդ մարդիկ առեղծվածային ճակատագիր ունեցան, որից տեղյակ է միայն իրենց Արարիչը: Մինչդեռ ճշմարիտ հավատացյալներն ովքեր տեղեկացել էին այդ մասին և դա կենդանի ապացույց էին համարում մեռելների հարության համար, որոշեցին թույլ չտալ, որ մոռացության տրվի: Հետևաբար ասացին, որ նրանց դամբարանի հարևանության մեջ մզկիթ կամ տաճար ենք կառուցելու, որ մարդիկ նրանց հիշեն:
Ղուրանի «Քահֆ» սուրայի 21-րդ այաում կարդում ենք. «Այսպիսով քաղաքի մարդկանց տեղեկացրեցինք իրենց ճակատագրի մասին, որպեսզի իմանան, որ մեռելների հարության մասին Աստծո տված խոստումն իրավացի է և դատաստանի օրվա մասին որևէ կասկած չկա»:
Երկար ժամանակ տևած այս քունը չափազանց զարմանալի էր: Քանի որ տևեց 300 տարի, բայց նրանց մարմինը չփթեց: Այս ընթացքում առանց սնվելու և ջուր խմելու ինչպե՞ս կարողացան ողջ մնալ: Արդյոք սա չի ապացուցում այն, որ Աստված ամենակարող է: Նկատի առնելով այս դեպքը կարելի է եզրակացնել, որ հետմահու կյանքը հնարավոր է: «Ասհաբ-ե Քահֆ»-ի դեպքն ակնարկում է այն կետին, որ Աստված հարություն տվեց մեռելներին ու նրանց զարթնեցրեց խորը քնից: Աստված երկար ժամանակ քնեցրեց «Ասհաբ-ե Քահֆ»-ին ու հետո նրանց զարթնեցրեց, որպեսզի մարդկանց հասկացնի, որ մահն ու հարությունը «Ասհաբ-ե Քահֆ»-ի ննջելու և ապա զարթնելու նման է: Այս ընթացքում Արարիչը թույլ չտվեց, որ ժամանակի ընթացքն իր հետքը թողնի նրանց դեմքի վրա: Նրանք չծերացան ու նրանց մարմինն էլ լիարժեքորեն առողջ մնաց:
Ղուրանը «Ասհաբ-ե Քահֆ»-ի գաղտնիքի բացահայտումը պատաճառաբանում է մարդկանց հարությունը գործնական ապացուցմամբ: Անկասկած այս երկարատև քունը նման է մահվան, իսկ դրան հաջորդած զարթոնքը՝ մեռելների հարության: Հետևաբար դա կարող է «Մաադ»-ն իրականություն լինելու վառ ապացույց համարվել: