Ապրիլ 25, 2018 19:49 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Իրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ» հաղորդաշարի հերթական համարում կշարունակենք նախորդ հաղորդումներում սկսած մեր զրույցը իրանցի կենսագիր ու բանաստեղծ Ալիղոլի Վազիրիի կյանքին ու գործունեության մասին:

Վալե Ղաղեսթանի անվամբ հայտնի Ալիղոլի Խանը ծնվել է լուսնային հիջրեթի 1124 թվականի սաֆար ամսին՝ Սեֆևյան Շահ Սոլթան Հոսեյնի թագավորության օրոք՝ Սպահան քաղաքում: Վալեի հայրը՝ Մոհամմեդ Ալիխանն էր, ով լուսնային հիջրեթի 1126 թվականին ստանձնում է Երևանի բեյգլաբեյգի պաշտոնն ու իր ընտանիքի հետ միասին մեկնում է այդտեղ: Հոր մահից հետո Վալեն ընտանիքի հետ միասին վերադառնում է Սպահան և իր հորեղբոր՝ Հասան Ալի Խանի խնամակալության ներքո աշակերտում է այդ ժամանակաշրջանի Սպահանի գիտության ու գրականության մեծ ուսուցիչներին: Ղուրանը սերտելուց հետո իր բնատուր ընդունակության շնորհիվ կարճ ժամանակում տիրապետում է արաբերենին, պարսկերենին, պատմությանն ու գրականությանը: Հորեղբոր պաշտոնազրկումից հետո նա այլևս ուսումը շարունակելու հնարավորություն չի ունենում: Վալեն սիրահարված էր հորեղբոր դստերը՝ Խադիջա Սոլթանին, սակայն նրանից հետո, երբ Մահմուդ Աֆղանը ուժ ստանալով գրավում է Սպահանը, նրանց միջև տարածություն է ընկնում ու հենց դա էլ Վալեին մղում է գրել քնարական հուզումնալի գազելներ: Վալեն լուսնային հիջրեթի 1144 թվականին՝ 20 տարեկան հասակում, Նադեր Շահի ուժ ստանալու հետ միաժամանակ լքում է հայրենիքն ու մեկնելով Հնդկաստան մտնում է Հնդկաստանի թագավոր Սոլթան Մոհամմեդի արքունիքը: Մինչև կյանքի վերջին պահը նա ապրում է Իրան վերադառնալու կարոտով և ի վերջո 1170 թվականին՝ 46 տարեկան հասակում, վախճանվում է Դեհլիում ու նույն քաղաքում էլ հողին է հանձնվում, սակայն նրա գերեզմանի վայրը դեռ մնում է անհայտ:Նաև ասացինք, որ Վալե Ղադեսթանիից հիշատակ են մնացել որոշ ստեղծագործություններ, որոնցից գլխավորներն են բանաստեղծությունների դիվանը և «Ռիազ-օլ-Շոարա» կենսագրականը, որն իր խմբագրման ձևի բերումով քննարկման արժանի է:

----------------------

Պարսկերեն լեզվով գրված կենսագրականների մեծ մասը որոշակի շրջագծում ու կառուցվածքով են ներկայացրել հեղինակների կյանքն ու ստեղծագործությունները և ընդհանրապես հեղինակները գրքի նախաբանում բացատրում են իրենց դրդապատճառներն ու ընթերցողին նախապես ծանոթացնում են իրենց նախագծին: «Ռիազ-օլ-Շոարա»-ի նախաբանում Վալեի մատնանշումները վկայում են, որ նա այս ստեղծագործությամբ մի տեսակ գրական քննադատության նպատակ է ունեցել: Նա նպատակ չունի ի մի հավաքել անցյալ ու ժամանակակից հեղինակների կենսագրությունները: Նա փորձ է կատարել, որպեսզի իր ընդգծմամբ այդ կենսագրությունը բանասիրական աշխատանք լինի և տարբեր տեսակետներից օգտակար հանդիսանա մշակույթով ու արվեստով հետաքրքրվողների համար: Իր մտադրությունն իրագործելու համար նա չորս նպատակ է հետապնդել: Նախ պոեզիայի տեխնիկաների, այդ թվում հանգերի ու չափերի մասին որոշ բացատրություններ է ներկայացրել: Ապա ներկայացրել է իրեն նախորդած ու ժամանակակից բանաստեղծների հատընտիրը, երրորդ՝ ներկայացրել է ժամանակի պատմական իրադարձությունները, որոնք ինչ-որ կերպով առնչվում են պոեզիային և ի վերջո պարզել է բանաստեղծի կամ բանաստեղծների զբաղեցրած դիրքն ու աստիճանը:

Վալեն իր աշխատության հիմնական նպատակը համարել է «խոսքի գնահատումը և ոչ-մասնագետ կենսագիրներին ազդարարություն տալը»:

Վալեն այն ժամանակ գրեց «Ռիազ-օլ-Շոարա»-ն, երբ Հնդկաստանում կենսագրական աշխատանքների մեծ պահանջարկ կար: Ամեն օր նոր կենսագրականներ էին գրվում և դրանցից շատերում չէին հարգվում կենսագրության սկզբունքները: Կենսագիրներն օրինակ էին ծառայեցնում ու նույնիսկ ընդօրինակում էին միմյանց: Այդ պատճառով էլ նա իր կենսագրական գիրքը գրել է քննադատական հայացք նետելով պոեզիային և իր համոզմամբ փորձ է կատարել նոր ոգի փոխանցել պոեզիայի տեխնիկային, որն այդ օրերին անկում էր ապրում:

Վալեն խիստ մտահոգված էր ժամանակի գրականությամբ: Նա հավատացած էր, որ պոեզիայի բախտի արեգակը Սոլթան Հոսեյն Բայղարայի շրջանից հետո սկսել է մարել: Վալեի համոզմամբ այդ շրջանում բանաստեղծների մեծարման հարցում չափազանցություններ են կատարվել և ոմանք հանգավորված տողեր գրելով իրենց բանաստեղծ են անվանել ու դա էլ պատճառ է դարձել, որ պոեզիան ամենանուրբ արվեստներից լինելով հանդերձ հետզհետե «կորցնի իր վարկն ու ծիծաղի առարկա դառնա»: Վալեն անգամներ բացարձակ կերպով հայտարարել է, որ իր ժամանակաշրջանի բանաստեղծներն ու բանաստեղծ ձևացողները որևէ գիտություն չունեն: Այդուհանդերձ քննադատական խոսքին զուգահեռ արդար է եղել ու գնահատել է լավ բանաստեղծությունն անկախ նրա հեղինակի ով լինելուց:

Վալեի ժամանակաշրջանը համընկել է հնդկական ոճին, որը նաև «Թարզ նո» կամ նոր ուղի են կոչել: «Թարզ նո» է կոչվում բանաստեղծության այն ոճը, որը հիմնված է վերացական պատկերացումների, տարօրինակ փոխաբերությունների ու բանաստեղծության մեջ նուրբ իմաստի ներկայացման վրա: Բանաստեղծական այս ոճը պարսից բանաստեղծության մեջ սկիզբ առավ Բաբա Ֆեղանի Շիրազիի բանաստեղծություններով և իր գագաթնակետին հասավ Սաեբ Թաբրիզիի ու Բիդ Դեհլավիի ստեղծագործություններով: Սակայն գնալով ծայրահեղության մատնվեց ու սկսեց անկում ապրել, այնպես որ այս ոճի հետևորդներից շատերի բանաստեղծությունները տարօրինակ, անմշակ ու անըմբռնելի են թվում:

Վալե Դաղեսթանին «Ռիազ-օլ-Շոարա»-ում նշել է, որ Զոհուրի Թորշիզիի բանաստեղծություններով «Թարզ նո»-ի ոճն ավարտվում է և ծայրահեղ հնդկական ոճը, որ ամենաշատ կողմնակիցներն ուներ պարսկախոս հնդիկների մոտ համարել է գրական անկում ու շեղում: Վալեի համոզմամբ այս ոճի երեք բանաստեղծների՝ Վահշի Բաֆղիի, Զոհուրի Թորշիզիի և Շոքաթ Բոխարիի բանաստեղծություններ այս ոճի անկման պատճառ են դարձել: Վալեն համոզված է, որ այս երեք բանաստեղծները սկսեցին ընթանալ մի ուղղությամբ, որ մյուսներն անկարող էին նրանց հետևել և շեղվեցին: Վահշին «առօրյա լեզվով գրելու», «Զոհուրին նուրբ ու մակերեսային իմաստներ ստեղծելու» և Շոքաթ Բոխարին «նուրբ երևակայության» միջոցով կատարելագործման հասցրեցին բանաստեղծությունը: Այս երեք բանաստեղծները կարողացան լավագույնս կատարել իրենց ընտրած ուղին, սակայն նրանց հետևորդները շեղվեցին ու սկսեցին ցնդաբանել:

«Ռիազ-օլ-Շոարա»-ում Վալեն փորձ է կատարել պարզաբանել բանաստեղծ լինելու չափանիշները: Նա տառապելով բազմաթիվ բանաստեղծ ձևացողների ու անտաղանղ հեղինակների ներկայության պատճառով փորձել է մշակել ու ներկայացնել չափանիշներ, որոնց միջոցով հնարավոր պիտի լինի ճանաչել իսկական բանաստեղծին: Ընդունելով այս չափանիշները, որոնց վրա պնդել է Վալեն մեծ թվով հավակնորդ ու անտաղանդ ստեղծագործողներ դուրս են մնում բանաստեղծների շրջանակից: Բանաստեղծի բնիկ լինելն և դրա արդյունքում մայրենի ու խոսակցական լեզվին տիրապետելը, վարպետներին աշակերտելն ու բանաստեղծական տաղանդը այն երեք գլխավոր սկզբունքներն են, որոնց միջոցով Վալեն որոշում է իսկական բանաստեղծներին: Վալեն խիստ հավատացած է բանաստեղծական տաղանդին ու կոչումին: Նրա համոզմամբ բանաստեղծ լինելը կոչում է, որ տրվում է մեկին և չի կարելի դա վաստակել:

«Ռիազ-օլ-Շոարա»-ում կարելի է ծանոթանալ պարսից պոեզիայի մասին Վալեի խոր հայացքներին, ինչը վկայում է նրա գիտության ընդարձակ սահմանների մասին: Օրինակ, նա Սաադի Շիրազիի անվան ներքո պատմական քննարկման է ենթարկում պարսկերեն գազելի ընթացքը, ինչին այդ ժամանակաշրջանում անդրադառնալը գրաքննադատների համոզմամբ վկայում է Վալեի գրական լայն տեղեկությունների մասին: Վալեի համոզմամբ «գազելի արվեստի հիմնադիրը» Սաադին է և անցյալ սերնդի վարպետներից որևէ մեկին չի հաջողվել նրա վարպետությամբ քայլել այդ ճանապարհով: Վալեի տեսակետից Սաադի գազելը կասիդայի մի հատված է և այն ինչը, որ մինչև Սաադին ստեղծագործած բանաստեղծները գազելի անվան ներքո բերել են իրենց դիվաններում իրականության մեջ ոչ թե գազել, այլ համառոտ կասիդա է:

Այս յուրահատկությունն, այսինքն գրականության հանդեպ պատմական հայացքը Վալե Դաղեսթանիի կենսագրական աշխատության ուշագրավ յուրահատկությունն է, որ հազվադեպ է նկատվում պարսկերեն լեզվով գրված մյուս կենսագրական աշխատանքներում: Վալեն հավատացած է, որ գրականությունն ու պոեզիան դեպի կատարելագործում գնացող ընթացքի են հետևում, հետևաբար ցանկացած բանաստեղծություն պիտի քննարկել իր պատմական ժամանակաշրջանը նկատի առնելով:

 

 

 

Պիտակ