Մայիս 14, 2018 19:07 Asia/Yerevan
  • Իրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ  (174)

«Իրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ» հաղորդաշարի այս համարում ձեզ կծանոթացնենք Իրանում ու աշխարհում փիլիսոփայության ու իմաստասիրության հայտնի դեմքերից Սադր-օլ-Մոթեալեհին  կամ Մոլա Սադրա անունով հայտնի դարձած Մոհամմադ Իբն Էբրահիմ Ղավամի Շիրազիին:

Ողջույն թանկագին բարեկամներ: «Իրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ» հաղորդաշարի այս  համարում ձեզ կներկայացնենք իրանցի մեկ այլ պանծալի գործչի: Մեր այս թողարկումը նվիրված է Իրանում ու աշխարհում փիլիսոփայության ու իմաստասիրության հայտնի դեմքերից Սադր-օլ-Մոթեալեհին  կամ Մոլա Սադրա անունով հայտնի դարձած Մոհամմեդ Իբն Էբրահիմ Ղավամի Շիրազիին:

-----------------------------------

Շիրազն Իրանի պատմական քաղաքներից է, որը գտնվում է Ֆարս նահանգում և աշխարհում հայտնի է Թախթե Ջամշիդի ավերակներով, որը հրդեհվեց ու ոչնչացվեց Ալեքսանդր Մակեդոնացու միջոցով , նաև այդ տարածքում հասակ նետած գիտության, գրականության ոի միստիկայի պանծալի դեմքերով: Այդ շարանում կարելի է հիշատակել Հաֆեզի, Սաադու և Մոլա Սադրա Շիրազու անունները: Շիրազը Սեֆևյանների իշխանության շրջանում անկախ նահանգներից է համարվել որտեղ իշխել է թագավորի եղբայրը: Մոլա Սադրայի հայրը՝ Խաջե Էբրահիմ Ղավամին գիտնական ու չափազանց հավատացյալ քաղաքական գործիչ է եղել և ասվում է, որ վարել է Շիրազի իշխանի նախարարի պաշտոնը: Չնայած իր մեծ հարստությանը, փառքին ու դիրքին նա զավակ չի ունեցել, սակայն Աստծուն ուղղված նրա աղոթքներն իրականություն են դառնում և լուսնային հիջրեթի 980 թվականի ջամադի-ալ-ավալ ամսվա 9-ին՝ 1571 թվականին բախտավորվում է մի տղա զավակով, որի անունը Սադրեդդին Մոհամմեդ են դնում ու հաճախ նրան Սադրա էին կոչում: Դա պատճառ դարձավ որ հետագային արժանանալով  մեծ գիտնականներին տրվող «Մոլա» տիտղոսին, հայտնի դառնա Մոլա Սադրա անունով:

Մոլա Սադրա

 

Սադրեդդին Մոհամմեդն Ֆարս ընդարձակ տարածքի իշխանի միակն արու զավակն էր ու ապրում էր ազնվականի կյանքով: Այդ օրերի սովորության համաձայն ազնվականների երեխաները կրթվում էին տանը՝ մասնավոր ուսուցչի միջոցով: Սադրան չափազանց ուշիմ, ակտիվ, ժիր ու հետաքրքրասեր երեխա էր և կարճ ժամանակում սերտում է պարսից և արաբ գրականությունը և վարպետանում է գեղագրության արվեստում: Նույնիսկ հնարավոր է, որ այդ օրերի սովորության համաձայն ձիավարության, որսի ու ռազմական հմտությունների դասեր առած լինի: Մաթեմատիկան, աստղագիտությունն ու որոշ չափով բժշկագիտությունն այդ օրերին պատանիներին փոխանցվող առարկաներից էին: Նրա սերտած մյուս առարկաներից էին իսլամական օրենսգիտությունը, իսլամական իրավունքը, տրամաբանությունն ու փիլիսոփայությունը: Երիտասարդ Սադրան, որ դեռ արբունքի տարիքին չէր հասել բոլոր գիտություններից որոշ չափերով տեղեկություններ է ձեռք բերում, սակայն նրան հետաքրքրում էին փիլիսոփայությունն ու մասամբ միստիցիզմը:

Նրա երիտասարդության տարիներից պահպանված գրությունները լավապես արտահայտում են միստիկ գրականության, հատկապես Ֆարիդեդդին Աթարի, Ջալալեդդին Մոլավիի  ու Էրաղիի պարսկերեն բանաստեղծությունների, նաև Իբն Արաբիի սուֆիզմի հանդեպ նրա հետաքրքրության մասին:

Պատանի Սադրան տարրական կրթության մի մասն անկասկած Շիրազում է ստացել, սակայն դրա խոշոր մասն ամենայն հավանականությամբ սերտել է այդ օրերին Սեֆևյանների իշխանության մայրաքաղաքը համարվող Ղազվինում: Սեֆևյան ժամանակաշրջանի պատմական աղբյուրների համաձայն Թագավորի վախճանումով գահ է բարձրանում նրա եղբայրը, որ Ֆարսի կառավարիչն էր և լուսնային հիջրեթի 985՝ փրկչական 1577 թվականին պարտավորված Ղազվին է մեկնում: Ասվում է, որ Սադրայի հայրը, որպես թագավորի նախարար ու խորհրդական ընտանիքի հետ միասին Շիրազից փոխադրվում է Ղազվին: Հետևաբար Սադրան վեց տարեկան հասակում հոր հետ Ղազվին է գնում և այդ քաղաքի բազմաթիվ ուսուցիչների մոտ գիտության բոլոր ճյուղերում տարրական ու միջին մակարդակի դասեր է առնում և մյուսներից շատ ավելի շուտ հասնում է բարձր մակարդակին:

Մոլա Սադրան Ղազվինում ծանոթանում է երկու մեծ գիտնականների ու տաղանդների՝ Շեյխ Բահայի անունով հայտնի Շեյխ Բահաեդդին Ամելիի և Միրդամադ անունով հայտնի Միր Մոհամմեդ Բաղերի հետ, որոնք ոչ միայն իրենց ապրած ժամանակաշրջանում, այլև մինչ այսօր երբ արդեն չորս դարեր են անցնում նրանց ապրած տարիներից եզակի գործիչներ են համարվում: Մոլա Սադրան աշակերտում է նրանց և  կարճ ժամանակամիջոցում իր ընդունակությամբ կարողանում է նրանց աշակերտների մեջ գերազանց տեղ զբաղեցնել:

Շեյխ Բահային ոչ միայն իսլամական գիտությունների, այդ թվում օրենսգիտության, հադիսի, մեկնաբանության ու միստիցիզմի մեջ վարպետ էր, այլև տիրապետում էր աստղագիտությանը, տեսական ու ինժիներական մաթեմատիկային, ճարտարապետությանն ու բժշկությանը, որոշ գերբնական գիտություններին, բայց այնպես է թվում, որ իր սուֆիական մտածողության պատճառով փիլիսոփայություն ու իմաստասիրություն չի դասավանդել:

Ժամանակի մյուս մեծ տաղանդը՝ Միրդամադը, տեղյակ է եղել ժամանակի բոլոր գիտություններից, սակայն նրա դասավանդությունը հատկացված է եղել իսլամական օրենսգիտությանը, հադիսին ու առավելապես փիլիսոփայությանը: Նա իսլամական փիլիսոփայության Մաշայի և Էշրաղի ուղղություններում հայտնի է եղել և իրեն համեմատել է Ավիցեննայի, Ֆարաբիի հետ և իրենն համարել է նրանց հետևորդը համարվող բոլոր փիլիսոփաների ուսուցիչը: Մոլա Սադրան փիլիսոփայության ու միստիցիզմի բնագավառում ամենաշատը սովորում է Միրդամադից և շարունակ նրան ներկայացրել է, որպես իր վարպետն ու իրական ուսուցիչը:

Մոլա Սադրան նաև աշակերտել է Սեֆևյանների շրջանի մեծ միստիկ, ճգնավոր ու մաթեմատիկոս Միր Աբոլղասեմ Միրֆենդերսկիին: Մոլա Սադրան Միրֆենդերեսկիի մոտ տիրապետում է «Մելալ և Նահալ» գիտությանը, որտեղ ծանոթանում է ժողովուրդների, ազգությունների ու կրոնների հետ:

Լուսնային հիջրեթի 1006 թվականին՝ փրկչական 1598 թվականին, Սեֆևյանների մայրաքաղաքը Ղազվինից Սպահան փոխադրվելով Շեյխ Բահային ու Միրդամադն էլ իրենց աշակերտների հետ մեկնում են Սպահան և իրենց դասարանները կազմակերպում են այդ քաղաքում: Այդ ժամանակ 26-27 տարեկան երիտասարդ Մոլա Սադրան էլ մեկնում է Սպահան, սակայն այլևս ուսում ստանալու կարիք չէր զգում և փորձում է նոր ուղղություն ստեղծել փիլիսոփայության մեջ և հիմնադրում է իր հայտնի դպրոցը:

Մոլա Սադրան իր արտակարգ հիշողության և ուսման հանդեպ հետաքրքրության պատճառով Խաջեի դպրոցում ամենագերազանցիկ աշակերտն է դառնում և ինչքան ավելի էր ընդլայնվում նրա գիտելիքների սահմանը, ավելի մեծ հարգանք էր վայելում ուսուցիչների մոտ, քանի որ կարողանում էր թափանցել նրա գիտելիքների խորքը:

Ավարտելով սովորական գիտությունների սերտումը, ներքին ձգտումի ու նաև որոշ ցուցամոլ հոգևորականների ճնշման ներքո, ովքեր դեմ էին նրա միստիկական ուղղությանը, Մոլա Սադրան պարտավորվում է հեռանալ Սպահանից: Նա ճգնության շրջան անցկացնելու և աշխարհիկ կյանքի երևույթներից ձերբազատվելու համար ապաստանում է Ղոմի մերձակայքում գտնվող Քահաք գյուղը և 7 տարի ու որոշ վկայությունների համաձայն 15 տարի, այդ տարածքում ապրում է հեռու մնալով աշխարհում ընթացող իրադարձություններից, մինչև որ նրան հաջողվում է բացահայտել ներքին ճշմարտությունները:

Մոլա Սադրայի տունը Ղոմի Քահաք գյուղում

 

Իր կյանքի այդ տարիների մասին Մոլա Սադրան ասում է. «Ինձ հայտնի դարձան այնպիսի գաղտնիքներ, ինչը հնարավոր չէր լինի տրամաբանության ու պատճառների միջոցով: Այն ինչը որ սերտել էի մտային տրամաբանության միջոցով առավել մանրամասնությամբ տեսա հայտնության միջոցով»: Հետզհետե Մոլա Սադրայի համբավը տարածվում է ամենուր և նրա իմաստասիրության սիրահարները հեռու ու մոտիկ վայրերից գալիս են նրա մոտ, որպեսզի օգտվեն նրա գիտելիքներից: Այդ ժամանակ Ֆարսի կառավարիչ Ալլահվերդի Խանը Շիրազում մի դպրոց է բացում, որը հայտնի է դառնում «Խան»-ի դպրոց անունով և Մոլա Սադրայից խնդրում է վերադառնալ իր ծննդավայր Շիրազ քաղաքն ու այդ դպրոցում ուսուցչություն անել: Մոլա Սադրան հրավերն ընդառաջում է և Շիրազում նրա ներկայությամբ «Խան»ի դպրոցը դառնում է Իրանի գիտական կարևոր կենտրոններից մեկը և մինչև Մոլա Սադրայի վախճանումը հեռու ու մոտիկ վայրերից իր կողմն է գրավում գիտության սիրահարներին:

 

 

Պիտակ