Մի գավաթ անդորր - 119 - Ծնող-երեխա-վստահություն
Հոգեբան ՝ Իրինա Խանամիրյանի մասնակցությամբ Աղբյուր՝ «Շտապ օգնություն» հաղորդում
Շատ հաճախ ծնողներին տանջում է մեկ հիմնական հարց. ինչպե՞ս չկորցնել իրենց երեխաների սերը և վստահությունը:
Հարցի պատասխանը առավել քան պարզ է: Ուղղակի անհրաժեշտ է վստահել ձեր երեխային: Եթե չկա վստահություն` չկա հարգանք, եթե չկա հարգանք` չկա վստահություն: Վստահելով ձեր երեխային` դուք ցույց եք տալիս, որ հարգում եք նրան և նրա կողմից արժանանում եք փոխադարձ հարգանքի:
Իսկ երբ երեխան սովորում է հարգել, նա կարողանում է նաև ձեզ շնորհակալ լինել այն ամենի համար, ինչ դուք տվել եք նրան կյանքում:
Վստահություն, սոցիալական հարաբերությունները սահմանող կարևորագույն գործոններից մեկը։ Այն դիտարկվում է որպես ենթահամակարգերի միջև ռեսուրսների փոխադարձ փոխանակում, ինչպես նաև ենթադրություն, սպասում այն գործողությունների և իրավիճակների, որոնցում անհատն ընդգրկված է։
Վստահությունը՝ մարդկանց միջև հարաբերություններում այն գլխավոր արժեքն է, որի վրա կառուցվում են ընկերությունն ու սերը: Մեզ շրջապատում են մարդիկ, որոնց կարելի է վստահել և որոնց վրա կարելի է հույս դնել դժվար պահերին, և այնպիսիները՝ որոնցից մենք գրեթե ենթագիտակցաբար զգուշանում ենք:
Դուք վստահու՞մ եք ձեր շրջապատին: Եթե այո, ուրեմն ձեզ հաջողվել է ստեղծել այնպիսի հարաբերություններ, երբ հարցերը իրոք հարցեր են այլ ոչ «պոչից քաշելու» առիթ կամ այլ հանգամանք:
Անվստահությունն այն է, երբ դուք հարց եք տվել, սակայն պատասխանն արդեն ինքներդ եք հորինել: Եվ կապ չկա, թե ինչ ձեզ կպատասխանեն, դուք միևնույն է չեք հավատա: Իսկ եթե դուք անկեղծ եք միմյանց հետ, ապա ձեզ, իրոք, կարելի է շնորհավորել:
Սակայն եթե ձեր կյանքում չկա վստահություն, ուրեմն դուք պետք է պարտադիր սովորեք վստահել: Հակառակ դեպքում, մի գեղեցիկ օր ձեր անհիմն խանդը և սեփականատիրական նկրտումները կփլուզեն հարաբերությունները ձեր միջև:
Այո, պետք է սովորել վստահել: Դրա համար առաջին հերթին պետք է լսել միմյանց: Լսել, որպեսզի հասկանա, որ նա կարևոր է ձեր կյանքում: Պետք է հասկանալ, թե ինչ է նա ցանկանում, ինչից է նա վախենում, ինչ է նրան անհանգստացնում: Այդպիսի երկխոսությունը զույգերի միջև պետք է փոխադարձ լինի:
Միմյանց վստահելն ավելի հեշտ կլինի, եթե դուք գիտակցեք, որ խանդը և անվստահությունը ոչ այլ ինչ են, քան անվստահություն սեփական անձի հանդեպ: Միգուցե ձեր ինքնագնահատականն այդքան էլ բարձր չէ, որքան դուք պատկերացնում էիք:
Վստահության արտահայտումը մարդկանց միջև անկեղծություն է: Եթե դուք զգում եք, որ ձեր հարաբերություններում անվստահություն է ներթափանցում, փորձեք կիսվել ձեր մտավախություններով սիրելի մարդու հետ: Պատմեք նրան ձեր վախերի և կասկածների մասին: Մի վախեցեք անկեղծությունից, հենց դա է վստահության վերին շեմը:
Իսկ եթե դուք վախենում եք բացվել ձեր սիրելիին, հիշեք ձեր մանկությունը՝ ինչպես էիք հաղթահարում ձեր մանկական վախերը: Եթե չանցնեք ձեր վախի վրայով և չանեք առաջին քայլերը, ոչ մեկը ձեր փոխարեն դա չի անի: Վստահությունն ամենակարևորն է մարդկանց հարաբերություններում: Սովորեք վստահել սիրելի մարդկանց և կտեսնեք, թե ինչպես կփոխվի ձեր կյանքը: