Արտադրության բարգավաճումը՝ զարգացման առանցք (21)
Խավիարն աշխարհի ամենաէներգետիկ, ամենահամեղ և ամենաթանկ սնունդներից մեկն է: Իրանի հյուսիսում գտնվող Կասպից ծովը թառափի ամենախոշոր բնական միջավայրն է: Համաշխարհային շուկայում խավիարի մոտ 90 տոկոսը ձեռք է բերվում Կասպից ծովից: Իրանական խավիարն աշխարհում լավագույն խավիարն է, քանի որ դրա թառափը հեռու է աղտոտող աղբյուրներից: Այս շաբաթ «Արտադրության բարգավաճումը՝ զարգացման առանցք» հաղորդաշարի այս համարում կխոսենք երկրի տնտեսության մեջ այս կարևոր արտահանման առավելության մասին:
Երբ խոսում ենք Իրանի լավագույն արտահանվող ապրանքների մասին, որոշ ապրանքներ ավելի են ընդգծվում մեր մտքում, քան մյուսները: Դրանք են նավթը, գորգը, պիստակը, զաֆրանը և խավիարը։ Թառափազգի ձկները (Sturgeons) ջրային տեսակների խումբ են, որոնք գոյատևում են Յուրայի ժամանակաշրջանից: Այդ պատճառով էլ դրանք կոչվում են նաև կենդանի բրածոներ: Նրանց ավելի քան 90 տոկոսն ապրում է աշխարհի ամենամեծ լճում՝ Կասպից ծովում, որի հարավային մասեր, այսինքն Իրանի ափեր նրանք գալիս են ձվադրման համար: Կասպից ծովի հարավում ձկների տեղափոխման հիմնական պատճառը ծովի այս հատվածում բարենպաստ ու ցանկալի պայմաններն են նրանց միգրացիայի ու ձվադրման համար: Կասպից ծովի հյուսիսային շրջանները ցանկալի չեն թառափազգի ձկների բնակության համար՝ ձմռան սաստիկ ցրտի, այդ տարածքների ցածր խորության, գետերի վրա հսկայական ամբարտակների կառուցման և գործարանների ու նավերի կողմից առաջացած աղտոտվածության պատճառով: Կասպից ծովի արևելյան ափերը, հատկապես Բանդար-Թորքաման նավահանգստի ափերը՝ Հասանղոլի ծոցից մինչև Մյանքալեն, իրանական թառափազգի ձկների որսի ամենակարևոր վայրերից են: Այս տարածքներից է ձեռք բերվում Իրանի խավիարի կեսը:
Խավիարը իրականում թառափազգի (sturgeons) ձկների ձկնկիթն է: Այս ձկները հիմնականում ծանրաքաշ են և կշռում են ավելի քան 100 կգ: Թառափազգի ընտանիքին պատկանող խավիարի ձկները ջրային կենդանիների եզակի տեսակներից են։ Որակի առումով, Կասպից ծովում այս ձկների հինգ լավագույն տեսակներն են՝ Բելուգան, Պարսկական թառափը (Acipenser persicus), Ոսկե կամ Ռուսական թառափը (Acipenser gueldenstaedtii), «Շիպ» թառափը (Acipenser nudiventris), Սևրուգա ձուկը (Stellate Sturgeon), որն ավելի թեթև է, քան մյուսները:
Թառափի արժեքը ոչ թե նրա մսի մեջ, այլ նրանց ձվերում, որոնք հայտնի են որպես խավիար կամ սև մարգարիտ: Ոսկե, կարմիր և սև խավիարները խավիարի այն տեսակներն են, որոնցից ավելի թանկ է սև խավիարը գնային առումով, թեև նրանց բոլորի սննդային արժեքը քիչ թե շատ նույնն է: «Բելուգա»-ն Իրանի ջրային տարածքներում ապրող ամենամեծ ձուկն է, որը խավիարի որակի առումով առաջին տեղում է: Երբեմն որսվել են մոտ 1400 կիլոգրամ քաշով, ավելի քան 100 տարեկան թառափներ: Այս ձուկը յուրաքանչյուր 2 կամ 3 տարին մեկ ձվադրում է: «Բելուգան» աշխարհում ամենաթանկ ձուկն է և դրա խավիարը լավագույնն է:
«Ղարե-Բորուն» ձուկը կամ «Պարսկական թառափը» մեկ այլ տեսակ է, որը ներկայումս առանձին տեսակ է համարվում: Նախկինում այս տեսակը ռուսական ձկների ենթատեսակ էր համարվում: «Ղարե-Բորուն» թուրքերեն նշանակում է «սև քիթ», իսկ նրա խավիարն արժեքի առումով երկրորդ տեղում է: Թառափի երրորդ տեսակն է «Չալբաշը» կամ «Ռուսական թառափը»: Այս թառափը հանդիպում է Կասպից ծովի բոլոր մասերում։ Նրա Խավիարը անվանում են Ոսկե խավիար, որը երրորդ տեղում է արժեքի առումով: «Շիպ»-ը թառափազգի ձկների մեկ այլ տեսակ է: Այս ձուկը միգրանտ ձուկ է, որը սովորաբար Իրանի ափեր է գալիս ձվադրման համար։ Այն ձվադրում է Կասպից ծով թափվող գետերում։Եվ վերջապես, պետք է նշենք Կասպից ծովի ամենափոքր թառափը՝ Սևրուգա ձուկը (Acipenser stellatus), որը վերջին տեղում է որակի առումով, քանի որ դրա խավիարն ավելի մանր է և էժան:
Խավիարը բարձր կալերիականությամբ սննդամթերք է, որը շատերի կարծիքով անուշաբույր ու անուշահամ է, թեև հնարավոր է, որ ոմանց համար նրա համն ու հոտը հաճելի չլինի: Խավիարը հայտնի է որպես երիտասարդության էլիքսիր, քանի որ նրա յուրաքանչյուր ճաշի գդալը պարունակում է մարմնին անհրաժեշտ 40 կկալ էներգիա, 4 գրամ սպիտակուց, 3 գրամ ճարպ, 11 տոկոս երկաթ ու մագնեզիում և 15 տոկոս սելենիա: Խավիարը այնքան սննդարար է, որի օգտագործումը նույնիսկ ավելի նախընտրելի է, քան ձկան միսը: Իրանական խավիարը հարուստ է A, D և E վիտամիններով ու այնպիսի հանքանյութերով, ինչպիսիք են յոդը և ֆոսֆորը, ինչը կարող է նվազեցնել ապաքինման ժամանակահատվածը դժվար վիրահատությունների կամ ինֆեկցիոն հիվանդություններից հետո: Այս զարմանահրաշ սննդամթերքը կանխում է դեպրեսիան ու սրտանոթային հիվանդությունները`իր Օմեգա -3 ճարպաթթուների շնորհիվ: Խավիարի օգտագործումը շատ արդյունավետ է Ռևմատոիդ արթրիտի (հոդերի բորբոքում), աղեստամոքսային հիվանդությունների և քաղցկեղի որոշ տեսակների կանխարգելման գործում: Խավիարը հարուստ է նաև երկաթով, այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում երկաթի պակասից առաջացած անեմիա ունեցող մարդկանց համար:
Բնության մեջ թառափազգի ձկները ուշ են հասունանում: Ձկից խավիար ստանալու համար սովորաբար անհրաժեշտ է մոտ երկու տասնամյակ: Անցյալում ձկնորսները ռետինե մուրճով անզգայացնում էին թառափը, որպեսզի պաշտպանվեին նրա պոչի հարվածներից: Այնուհետև դատարկում էին խավիարը և վաճառում նրա միսը: Սակայն այսօր, այս ձկնատեսակների թվաքանակի նվազման պատճառով, ձկնկիթը որովայնից հանում են կեսարյան հատումով և դրանց մի մասը թողնում ձկան որովայնում`ձվադրման ու վերարտադրման համար: Այնուհետև ձուկը երեք ամիս պահում են կարանտինի պայմաններում հատուկ ջրավազաններում, որից հետո նրանց նշանավորում ու ծով են վերադարձնում: Նրանք կարող են դա անել վեց անգամ յուրաքանչյուր ձկան դեպքում:
Ինչ վերաբերում է իրանական խավիարին, ապա պետք է նշել, որ նրանց հատիկները գնդաձև են, իսկ գույնը կախված ձկների տեսակից լինում է ոսկեգույն, շագանակագույն, մոխրագույն, սև: Նախկինում Կասպից ծովի ձկներից ձեռք էր բերվում տարեկան 300 տոննա խավիար, սական ցավոք սրտի, Խորհրդային Միության փլուզումից հետո Կասպից ծովի ավազանում գտնվող պետությունների կողմից անխնա ձկնորսության հետևանքով այս ձկների տեսակը հայտնվեց անհետացման եզրին: Այդ պատճառով, Կասպից ծովի ավազանի պետությունների համաձայնությամբ, 2011թ. արգելվեց Կասպից ծովում խավիարի առևտրային որսը։ Դրանից հետո ամեն տարի կենդանի ռեսուրսների հանձնաժողովը որոշում է կայացնում այս կապակցությամբ: Իրանը պատասխանատու է Կասպից ծովում թառափազգի ձկների պահպանման, վերարտադրման և բաց թողման գործը ղեկավարելու համար: Այս հազվագյուտ տեսակը պահպանելու և խնամելու նպատակով Իրանի ձկնաբուծության հատվածը ծով է բաց թողնում տարեկան մոտ 20-22 միլիոն Պարսկական տեսակի թառափի ձկան ձագ:
Հաշվի առնելով խավիարի արժեքը, բազմաթիվ երկրներ ձգտում են ներդրումներ կատարել թառափազգի ձկների բուծման բնագավառում: Կատարված ներդրումների արդյունքն է աշխարհում տարեկան մոտ 300 տոննա խավիարի արտադրությունը: Իրանում գոյություն ունի մոտ 100 թառափազգի ձկների բուծման տնտեսություն, որոնք գտնվում են Հանրապետության Մազանդարան, Գիլան, Գոլեստան, Հորմոզգան, Ֆարս, Ղոմ և Խուզեստան նահանգներում: Իրանական ձկնաբուծության վիճակագրության համաձայն, Իրանի խավիարի արտադրությունը կազմում է 5 տոննա, սակայն դրա գինը համաշխարհային շուկաներում մոտ 3 անգամ գերազանցում է մրցակիցների գներին: Այս հանգամանքը ցույց է տալիս, որ Իրանը առաջատար է այս ապրանքի որակի և ապրանքանիշի հարցում: Այդ իսկ պատճառով, աշխարհում խավիար արտադրող բազմաթիվ երկրներ իրենց արտադրանքը շուկա են հանում Իրանի անվան տակ:

Իրանի և այլ երկրների արտադրանքների որակի միջև տարբերությունը կայանում է նրանում, որ իրանական խավիարն իր յուրահատուկ հաճախորդներն ունի ամբողջ աշխարհում: Չնայած վերջին տարիներին Իրանի դեմ արևմտյան պատժամիջոցների առավելագույն ճնշմանը, իրանական խավիարն այն արտադրանքներից է, որի վրա չի ազդել պատժամիջոցները: Աշխարհում խավիարի և թառափազգի ձկների խոշորագույն արտադրող՝ «Ղարա Բորուն» ընկերության արտադրության գծով տնօրեն Մեհդի Էսլամիի խոսքով. «Իրանի գնորդների կողմից այս ապրանքը խիստ պահանջված է: Հաճախորդներն իրենք են գալիս իրանական խավիարի հետևից, և հենց նրանք էլ ամեն ինչ անում են, որպեսզի ամեն գնով այդ առևտուրը տեղի ունենա»:
Վերջում խավիարի որակը որոշելու համար պետք է իմանաք, որ ձկների տեսակից բացի, տարիքը ևս խավիարի որակի վրա ազդող գործոններից մեկն է: Ավելի բարձր տարիքի ձկներն ունենում են ավելի որակյալ, ավելի մեծ չափսերի, միանման խավիար: Եթե ձկնկիթը չի հասել հասունացման փուլ, ապա այն ավելի փոքր է, և եթե անցնում է դրա ժամանակը, ապա այն կորցնում է իր տեսքն ու լինում լխճված ու փափուկ վիճակի: Խավիարի պայծառությունն ու թափանցիկությունը նրա առողջության նշանն է: Խավիարի համը չպետք է լինի դառը, շատ աղի և թթու: Հոտի առումով այն պետք է ունենա հաճելի միջերկրական բույր՝ առանց տհաճ հոտի: Խավիարի հատիկները պետք է լինեն նույն չափի ու միանման։