Իմամ Հոսեյնի ուսմունքը (1)
Շարունակ այն հարցն է արծարծված եղել, որ Իմամ Հոսեյնն ի՞նչ դրդապատճառ է ունեցել իր ընդվզման համար: Արդյոք իշխանության տիրանալն է եղել Իմամ Հոսեյնի շարժման գլխավոր պատճառը, թե իսլամական հասարակության մեջ բարեփոխումը: Արդյո՞ք իմամը չէր կարող առավել խաղաղ միջոցներով իրագործել իր նպատակը, որպեսզի մարդիկ մարգարեի գերդաստանի սպանվելու, կողոպուտի ենթարկվելու և գերեվարվելու ականատեսը չլինեին:
«Իմամ Հոսեյնի ուսմունքը» տասը մասերից բաղկացած հաղորդաշար է, որը երեք առանձին բաժիններում փորձում է պատասխանել այս հարցերին:
Մոհամմեդ մարգարեն ասում է. «Հոսեյնն առաջնորդող փարոս ու փրկության նավ է»: Նրա գործնական ու բարոյական սկզբունքներին հետևելն անկասկած կարող է երաշխավորել անհատի ու հասարակության երջանկությունը: Շիաներից բացի նաև սուննի մոհադեսների կողմից հաստատված հադիսում ասված է, որ մի օր Իմամ Հոսեյնը մանկության շրջանում ներկայանում է իր մեծ հորը՝ մեծ մարգարեին: Նա տեսնելով Հոսեյնին ասում է. «Բարի ես եկել Հոսեյն, ով երկինքների ու Երկրի զարդը»: Մեծ մարգարեի աջակիցներից ու Աստծո խոսքը գրի առնողներից մեկը, որն այն պահին գտնվում էր մարգարեի կողքին ասաց. «Ով դու Աստծո առաքյալ, արդյոք քեզանից բացի ուրիշ մեկը կարող է երկինքների ու Երկրի զարդը լինել»: Մարգարեն ասաց. «Երդվում եմ Աստծո անունով, ով ինձ մարգարե է նշանակել, Հոսեյնի դիրքը երկնքում շատ ավելի բարձր է Երկրի վրայից ու այնտեղ է, որ գրված է. «Հոսեյնն առաջնորդող փարոս, փրկության նավ ու վճռական առաջնորդ է»:
Առաջին ու գլխավոր կետը, որ կարելի է մատնանշել Իմամ Հոսեյնի հատկանիշների մասին այն է, որ նա բառի բուն իմաստով Աստծո ծառան էր: Նա հնազանդ եղավ Աստծուն և այդ հնազանդությունը դրսևորվել էր նրա կյանքի, խոսքի ու գործի տարբեր ծալքերում: Նա Աստծո գոհունակությունից բացի այլ բանի մասին չէր խորհում ու նրա ընդվզումն ու խաղաղությունն Աստծո համար էր: Տարիներ Մոավիեի ժամանակ համբերատարությամբ պահպանեց Աստծո կրոնը ու երբ Աստծո կամքը Եզիդի դեմ ընդվզման մեջ գտավ այդ ճանապարհին չխնայեց իր ու իր սիրելիների կյանքը և ասաց. «Ով տեր Արարիչ, ին՞չ կարող է գտնել նա՝ ով կորցնում է քեզ ու նա ով գտնում է քեզ՝ ի՞նչ ունի կորցրած»:
«Աբա Աբդելլահ» կոչումը նրան տրվել է Աստծո հանդեպ մեծ սիրո և հնազանդության բերումով, որը կատարելիության է հասնում արյան զոհաբերմամբ: «Իմամ Հոսեյնի առանձնահատկությունները» գրքում ասված է. «Հոսեյնը պաշտամունքի խորհրդանիշ է: Աստծո բոլոր պատգամաբերներն ու առաջնորդներն անկեղծորեն ու սիրահարի նման պաշտել են իրենց Աստծուն, սակայն Հոսեյնի պաշտամունքը յուրահատուկ է: Այն պահից երբ նրա գոյության լույսով լցվեց նրա մոր՝ Ֆաթեմեի հոգին, մինչև այն պահը, երբ նրա լուսավոր գլուխը բարձրացվեց նիզակների վրա, ամենուր և ամեն պահ զբաղված էր Աստծո փառաբանմամբ ու պաշտամունքով ու շարունակ արտասանում էր Աստծո խոսքը»:
Իմամ Հոսեյնը 25 անգամ ոտքով Հաջջի ուխտագնացության մեկնեց ու օրվա ընթացքում հազար ռաքըաթ աղոթք էր կարդում: Աղոթքի ու Աստծո պաշտամունքի հանդեպ Հոսեյնի սերն այն աստիճանի էր, որ երբ Աշուրայի գիշերը թշնամու բանակը պատրաստվում է հարձակվել Իմամ Հոսեյնի վրանների վրա, Իմամն Աստծուն աղոթելու և պաշտամունք կատարելու համար ժամանակ է պահանջում և գիշերը լուսացնում է աղոթելով: Քյարբալայի դեպքի ժամանակ էլ ինչքան ավելի էին Իմամի ուսերին ծանրանում տառապանքների ու խնդիրների բեռը, ու ինչքան ավելի էր մեծանում սիրելիների կորստյան ցավալի վիշտը նույնքան մեծանում էր Աստծո նկատմամբ Իմամ Հոսեյնի հնազանդության ու տոկոնության չափը ու նա ասում էր. «Տեր գոհանում եմ նրանով, ինչով դու գոհ կլինես»:
----
Մեծ մարգարեի վախճանումից հետո առաջացած շեղումները ժամանակի ընթացքում առավել մեծ ծավալ ստացան: Օմավյան իշխանները, որոնք Օսմանի խալիֆայության շրջանից իրենց տիրապետությունն էին տարածել Շամում, լուսնային հիջրեթի 41 թվականին պաշտոնապես տիրացան իսլամական հասարակության խալիֆայությանը: Ղորայշ ցեղախմբում մեծ մարգարեի գլխավոր թշնամու՝ Աբուսոֆյանի որդի, Մոավիեի իշխանության հասնելով իսլամի արժեքներում փոփոխություններ առաջացան, այնպես որ միայն իսլամի անունն էր մնացել: Նույնիսկ այդ անունը Մոավիեի մահով ու Եզիդի իշխանության հասնելով դրվեց հարցականի տակ: Այնպես որ Եզիդը մերժելով ամեն ինչ հայտարարեց. «Երկնքից ոչ մի լուր չի ստացվել ու որևէ հայտնություն չի կատարվել»:
Իր իշխանության հիմքերն ամրապնդելու համար Եզիդը ցանկանում էր ամեն գնով ձեռք բերել Իմամ Հոսեյնի ուխտակցությունը: Բեյըաթը կամ ուխտակցությունը նշանակում է մարգարեի իրական խալիֆայի կամ ներկայացուցչի հանդեպ հնազանդ լինել ու նրա հրամանների ճանապարհին անձնազոհություն կատարել: Նման ուխտակցություն Եզիդի նման անձնավորության հետ, նույնիսկ եթե դա ձևական բնույթի ու վտանգը վերացնելու համար լիներ, կնշանակեր հաստատման կնիք դնել Եզիդի անբարոյական արարքների վրա: Այդ ուխտակցությունը պարտավորություն էր ստեղծելու մասնակից լինել անմեղ մարդկանց սպանությանն ու իսլամի վարկաբեկմանը ու դա Իմամ Հոսեյնի համար հնարավոր չէր: Հետևաբար երբ Եզիդը ցանկանում է փոխարինել Մարգարեին և իրեն մուսուլմանների հոգևոր ու քաղաքական առաջնորդ և իսլամ աշխարհի ղեկավար ներկայացնել, Իմամը հրաժարվում է ուխտակից լինել նրան: Իրականության մեջ նա Եզիդին դիմադրելուց ու նրա իշխանությունը ոչ-կրոնական հայտարարելուց բացի այլ ելք չուներ:
Մեծ մարգարեի գերդաստանից ու իր մեծ հոր ժառանգորդներից համարվող Իմամ Հոսեյնը արաբ անվանի բանաստեղծ Ֆարազդաղին հանդիպելով ասում է. «Եզիդի մերձավորները հրաժարվել են բարեգութ Աստծուն հնազանդվելուց, բացեիբաց անբարո քայլեր են կատարում ու վերացրել են օրենքները, գինի են ըմպում ու տիրացել են աղքատների ունեցվածքին: Ու ես կրոնին օժանդակելու համար ընդվզելու և Աստծո ճանապարհին ջիհադ կատարելու համար ամենահարմար անձն եմ»: Այդ պատճառով էլ Իմամը կանգնում է Եզիդի դեմ: Սակայն այդ դիմակայումը զուգակցում է հնարամտությամբ ու խելամտությամբ, որպեսզի դա օրինակ ծառայի բոլորի համար: Իմամ Հոսեյնն իր ընդվզումն առավել ազդեցիկ դարձնելու համար դա նաև շաղախել էր բռնահարվածությամբ, որպեսզի պատմության ընթացքում առհավետ ատելի դարձնի բռնահարիչներին: Հետևաբար Իմամ Հոսեյնի ընդվզումը նրա ու նրա ընտանիքի անդամների նահատակությամբ հավերժանում է:
---
Իմամ Հոսեյնի շարժումը հիշեցնում է այն մեծ ու մաքուր մարդկանց ոգին, ում անձնազոհությունը Աստծո ճանապարհին հանձնառության ու անձնազոհության ներշնչող աղբյուր է հանդիսանում, այնպիսի լուսավոր դեմքերի, ովքեր կյանքում հավատում են վեհ նպատակների ու բարձր արժեքների են ձգտում: Մարդիկ, ովքեր հավատքի, բարոյականության, սխրանքի, անձնվիրության ու դիմադրության տեսակետից զարդարել ու զարդարում են պատմության էջերը:
Դրանցից մեկը Մոսլեմ Իբն Աղիլն է: Աստծո ճանապարհին այս անձնազոհ զինվորի անունը սխրագործություն ու անձնազոհություն է հիշեցնում: Քուֆեում Մոսլեմ Իբն Աղիլի սխրանքը Աշուրայի մեծ շարժման նախերգանքն էր ու ինքը՝ Մոսլեմը, Իմամ Հոսեյնի շարժման առաջամարտիկն ու Քյարբալայի հեղափոխության դեսպանն էր, ով իր կյանքը զոհաբերեց Աշուրան կերտողին:
Լուսնային հիջրեթի 60 թվականին Քուֆեից ու Բասրայից ընդարձակ հանրագրեր են ուղարկվում Իմամ Հոսեյնի համար, որտեղ հիշյալ քաղաքների ժողովուրդը Եզիդի բռնության դեմ պայքարի համար Իմամ Հոսեյնի օգնությունն էր հայցել: Այդ նամակների թիվը հազարների է հասնում: Քուֆեի իրավիճակը հստակ գնահատելու և ժողովրդի ուխտակցությունը ստանալու համար Իմամը որպես ներկայացուցիչ Քուֆե է գործուղում Մոսլեմ Իբն Աղիլին: Նա թե' քաղաքական գիտակցություն ուներ և թե՛ բարեպաշտ ու հավատացյալ անձնավորություն էր: Իմամ Հոսեյնն ասում է, որ եթե ժողովուրդն ինձ հետ ուխտակցի ես էլ կգամ: Մոսլեմ Իբն Աղիլն ուղևորվում է Քուֆե, որն արկածներով լեցուն ու տարբեր հակումներով քաղաք էր, ու թեև առերևույթ խաղաղ էր թվում, սակայն դա փոթորկին նախորդող անդորրն էր: Մոսելմը ժողովրդի կողմից դիմավորվելով գնում է Մոխթարի տունը: Ժողովուրդը խումբ-խումբ ներկայանալով նրան հանդիպում ու իր ուխտակցությունն է հայտնում:
Ուրախությունը երկար չի տևում: Քուֆեի վրա իր տիրապետությունը պահպանելու համար Եզիդը Բասրայի իշխան Օբեյդոլլահ Իբն Զիադին կարգում է նաև Քուֆեի կառավարիչ, որպեսզի Մոսլեմ Իբն Աղիլին ձերբակալի ու սպանի:
Իբն Զիադը սարսափի այնպիսի մթնոլորտ է առաջացնում, որ բոլորը ցրվում են և միայնակ թողնում Մոսլեմին: Մոսելմը ծպտված կերպով գնում է Քուֆեի երեցներից և շիա հեղինակավոր դեմքերից համարվող Հանի Իբն Օրվայի տուն: Հանին նաև Մարգարեի ներկայության պատիվն էր ունեցել և մեծ հարգանք էր տածում Մարգարեի գերդաստանին:
Իբն Զիադը սպառնում էր նրանց ովքեր ապաստան կտային Մոսլեմ Իբն Աղիլին ու նրան գտնողին խոստանում էր մեծ պարգևներ:
Քուֆեյում բոլոր դռները փակվել էին Մոսլեմ Իբն Աղիլի առջև ու ամեն մարդ ձգտում էր իր գլուխը փրկել: Մի քանի օր տարագրությունից հետո Թուըա անունով մի կին ապաստան է տալիս Մոսլեմին: Թուըայի որդին Իբն Զիադի կողմնակիցներից էր ու երբ գիշերը տուն է վերադառնում իր մոր պահվածքից իմանում է, որ իրենց հյուրը Մոսլեմ Իբն Աղիլն է:
Թուըայի որդու մատնությամբ Իբն Զիադի զորայինները գիշերով ներխուժում են Թուըայի տունը: Մոսլեմը միայնակորեն դիմադրում է Իբն Զիադի զորայիններին, սակայն ի վերջո նրան մեջքից նիզակով հարվածում ու գերեվարում են: Գերիների փրկության մասին խորհող ազատամարտիկն գերի է ընկնում: Նրան տանում են իշխանական ապարանք, և այսպիսով պատմության էջերը հարստանում են մի այլ սխրագործությամբ:
Նահատակության պահին Մոսլեմ Իբն Աղիլը գոհունակություն է հայտնում նահատակության բարձր աստիճանին արժանի դառնալու համար և ասում է. «Ես այսօր արյան կարասից ըմպում եմ նահատակության հյութը, սակայն ուրախ եմ, որ իմ մահը Աստծո ու Ղուրանի ճանապարհին է»:
Իր հավատարիմ զինակցի նահատակության լուրը լսելով արցունքով են լցվում Իմամ Հոսեյնի աչքերն ու նա ասում է. «Տեր Աստված բարձր դիրք ապահովիր իմ ու իմ հետևորդների համար ու մեզ արժանի դարձրու քո բարությանը, քանզի դու ամենակարող ես»:
Աստված և նրա հրեշտակներն ու բոլոր սրբերը ողջույն են հղում Մոսլեմ Իբն Աղիլի վեհ հոգուն:
Ողջույն նրա ճանապարհը շարունակողներին, որը Բարու և ազատության ճանապարհն է: