Սպահանը հյուրընկալեց ձեռարվեստի համաշխարհային խորհրդի նստաշրջանը
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i37381-Սպահանը_հյուրընկալեց_ձեռարվեստի_համաշխարհային_խորհրդի_նստաշրջանը
Ձեռարվեստի համաշխարհային խորհուրդը ձեռարվեստի հեղինակների հանդեպ հարգանքն ու մեծարումը և նրանց ինքնավստահություն փոխանցելը համարել է անհրաժեշտություն և համոզված է, որ հիշյալներն իրենց ձեռքերում կրում են մեր մշակութային ժառանգության կենդանի գանձը: Ձեռարվեստի համաշխարհային խորհուրդը համոզված է, որ քանի դեռ որևէ ժողովրդի մշակույթը կենդանի է, կենդանի է մնալու նաև տվյալ ժողովուրդը:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Հոկտեմբեր 05, 2016 16:31 Asia/Tehran
  • Սպահանը հյուրընկալեց ձեռարվեստի համաշխարհային խորհրդի նստաշրջանը

Ձեռարվեստի համաշխարհային խորհուրդը ձեռարվեստի հեղինակների հանդեպ հարգանքն ու մեծարումը և նրանց ինքնավստահություն փոխանցելը համարել է անհրաժեշտություն և համոզված է, որ հիշյալներն իրենց ձեռքերում կրում են մեր մշակութային ժառանգության կենդանի գանձը: Ձեռարվեստի համաշխարհային խորհուրդը համոզված է, որ քանի դեռ որևէ ժողովրդի մշակույթը կենդանի է, կենդանի է մնալու նաև տվյալ ժողովուրդը:

Ձեռարվեստի համաշխարհային խորհրդի 18-րդ նստաշրջան

 

Ձեռարվեստի համաշխարհային խորհրդի 18-րդ նստաշրջանն առաջին անգամ աշխարհի տարբեր երկրների ձեռարվեստի ու ավանդական արվեստի 200 գործիչների ու տնօրենների ներկայությամբ գումարվեց Իրանում: Այս նստաշրջանը սեպտեմբերի 24-ից 27-ը տեղի ունեցավ Սպահանում, որի ընթացքում նաև մեծարվեցին ձեռարվեստի ոլորտի լավագույն գործիչները և «Ստեղծարար ձեռք» և մրցանակով պարգևատրվեցին Իրանի ձեռարվեստի 10 վարպետներ: 80 տաղավարներից բաղկացած միջազգային ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին Իրանի ու աշխարհի ձեռարվեստի ամենաընտիր նմուշները, վարպետության դասերը, փորձագիտական քննարկումներն այս նստաշրջանի շրջանակներում Սպահանում իրականացված աշխատանքներից էին: Ցուցահանդեսի շրջանակներում ավանդական ներկարարության դասընթացը, համաշխարհային քաղաքների քաղաքապետների բանախոսությունը, Սպահան քաղաքում շրջագայությունը, «Տեխնոլոգիան, ձեռարվեստն ու ապագան» խորագրով համաժողովը, ինչպես նաև Շիրազ ու Եազդ քաղաքներ այցելությունը ձեռարվեստի համաշխարհային խորհրդի 18-րդ նստաշրջանի մյուս ծրագրերն էին:

Գիտական փոխանակումները, առևտրական զարգացումը և համաշխարհային կառավարմանը մասնակից դառնալը Սպահանի նստաշրջանի գլխավոր նպատակներից էին: Նստաշրջանը նաև հարմար առիթ էր Սպահանը ներկայացնելու որպես աշխարհի ձեռարվեստի մայրաքաղաք և նստաշրջանի մասնակիցներին ծանոթացնել Սպահանի պոտենցիալներին:

 

Սպահանի Չեհելսոթունը

 

 

Ձեռարվեստի համաշխարհային խորհուրդը ՅՈՒՆԵՍԿՕ-ին ենթակա կազմակերպություններից է, որին Իրանն անդամակցում է 1964 թվականից: Այս խորհուրդն ու նրա գործունեությունը կարող են շրջադարձային դերակատարություն ունենալ անդամ երկրներում ձեռարվեստի զարգացմանը սատարելու հարցում: Ձեռարվեստի համաշխարհային խորհուրդը հիմնադրվեց 1964 թվականին և այսօր 90 անդամներով աշխատում է, որպես ՄԱԿ-ի կրթական, գիտական ու մշակութային կազմակերպություն՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին ենթակա կառույցներից մեկը:

Խորհրդի գլխավոր նպատակներն են խրախուսել, սատարել ու առաջնորդել ձեռարվեստով զբաղվողներին, նկատի առնելով անդամ երկրների մշակութային տարբեր ենթահողերը, բարձրացնել նրանց փորձագիտական ու արհեստագիտական տեղեկությունների մակարդակը, որպես ժողովուրդների մշակութային գոյության հիմնասյուներից մեկը պահպանել ու ամրապնդել ձեռարվեստը և միավորել աշխարհի ձեռարվեստի վարպետներին:

Սպահանի նստաշրջանին առընթեր աշխարհի ձեռարվեստի բնագավառում լավագույններին հանձնվեց «Ստեղծարար ձեռք» մրցանակը: «Ստեղծարար ձեռք»-ն առաջին շրջանում ազգային մասշտաբով հանձնվեց հինգ սպահանցի ու նաև Իրանի տարբեր քաղաքների հինգ այլ արվեստագետների:

Բացի այդ Սպահանում գումարված Ձեռարվեստի համաշխարհային խորհրդի 18-րդ նստաշրջանում որպես իրանական արվեստի դրսևորում տեղի ունեցավ «Խաղաղության գորգ»-ի շնորհանդեսը: Այս գորգն աշխարհի ժողովուրդներին խաղաղության ու բարեկամության կոչ անելու նպատակով Իրանի վարպետ արվեստագետներից Համիդ Քազեմ Նիարի միջոցով գործվել է Արևելյան Ատրպատական նահանգում: Լրիվորեն մետաքսից այս գորգը խաղաղության կոչ է անում աշխարհին և նպատակ ունի խաղաղության ու բարեկամության կարգախոսով սերտացնել տարբեր ժողովուրդների միջև կապերն ու համագործակցությունը: Այս գորգի շնորհանդեսը կայացավ Սպահանում գումարված Ձեռարվեստի համաշխարհային խորհրդի նստաշրջանի ընթացքում և նստաշրջանին մասնակից հոգևոր, ազգային ու քաղաքական գործիչներից յուրաքանչյուրը մի հանգույց ավելացրեց այդ գորգին:

Սպահանը ձեռարվեստի համաշխարհային երկրորդ քաղաքն է և ձեռարվեստի ոլորտում նրա արվեստագետների միտքն ու ճաշակը հայտնվել է աշխարհի ուշադրության կենտրոնում: Բացի այդ Սպահանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ներկայացվել է, որպես «Ստեղծարար քաղաք» և միացել աշխարհի ստեղծարար քաղաքներին: Ստեղծարար քաղաքների համաշխարհային ցանցը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ձևավորված ամենահեղինակավոր ցանցն է և Սպահանը ձեռարվեստի ու ժողովրդային արվեստների բնագավառում առաջին քաղաքն է, որ միացել այդ ցանցին

Սպահանը՝ ձեռարվեստի համաշխարհային երկրորդ քաղաք

 

 

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ստանդարտների համաձայն ստեղծարար է կոչվում այն քաղաքը, որ քաղաքային կայուն զարգացման համար օգտվում է իր քաղաքացիների նորարարություններից ու կարողություններից: Այս հիման վրա ստեղծարար քաղաքն այն վայրն է, որտեղ արվեստն ու մշակութային բազմազանությունն իրենց յուրահատուկ կարողության ու նշանակության բերումով խրախուսվում են և մարդիկ կարող են իրենց առօրյա կյանքում օգտվել ստեղծարար աշխատանքներից:

Մշակութային ժառանգության կազմակերպության վերջին դասակարգման համաձայն Իրանում տարածված 297 ձեռարվեստներից 199-ն արտադրվում են Սպահանում: Հետևաբար աշխարհում որևէ երկիր Սպահանի չափ արժանի չէր այդ նստաշրջանում աշխարհի ձեռարվեստի մայրաքաղաք հռչակվելու թեկնածու առաջադրվելու համար: Սպահանում Ձեռարվեստի համաշխարհային խորհրդի 18-րդ նստաշրջանին մասնակցել էին Իտալիան, Հորդանանը, Լիբանանը, Ավստրալիան, Քուվեյթը, Բրիտանիան, Բանգլադեշը, Դանիան, Եգիպտոսը, Էմիրությունները, Հնդկաստանը, Չինաստանը, Ղազախստանը, Պակիստանը, Ուրուգվայը և Թաիլանդը: Այդ երկրներից  Հնդկաստանն ու Չինաստանը համապատասխանաբար 70 և 50 մասնակիցներով ամենաբազմամարդ պատվիրակություններն էին ներկայացնում:

Այս նստաշրջանում խորհուրդն ունեցավ 15 նոր անդամներ, որոնցից էին Հնդկաստանը, Ինդոնեզիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Լիբանանը, Ավստրալիան ու Պակիստանը:

 

Ձեռարվեստի համաշխարհային խորհրդի 18-րդ նստաշրջան

 

Հնագիտական հետազոտությունները պարզում են, որ իրանցիները հին ժողովուրդներից շատերի նման հմուտ են եղել ներկարարության մեջ և իրենց հյուսվածքեղենում օգտագործել են չափազանց կայուն ու ուշագրավ ներկեր: Մետաքսե, բրդե ու բամբակե կտորներն ու այլ հյուսվածքներ ներկվել են հին ու լիովին ավանդական մեթոդներով և բուսական ու կամ կենդանական ծագում ունեցող բնական ներկերի միջոցով: Տարբեր շրջաններում կատարվող ավանդական ներկարարությունը որոշ տարբերություններով հետևում է միանման ֆորմուլայի: Բուսական ներկով ներկված մետաքսը կամ բուրդը հատուկ գրավչություն ու գեղեցկություն ունի, որի գույնը ժամանակի ընթացքում և լույսի կամ այլ ալկալային նյութերի հետևանքով ոչ միայն չի խամրում այլ առավել կայուն ու փայլուն է դառնում: Բացի այդ բուսական ու կենդանական ներկերը Իրանի ժողովրդի հարյուրավոր տարիների փորձի արդյունքն են, ովքեր բնությունից ներշնչված շարունակ կյանք են փոխանցել բնությանը, ինչի  բերումով էլ նրանց աշխատանքը բարոյական ու նյութական արժեք է ներկայացնում:

Իրանում ավելի քան հարյուր տեսակի բուսական ներկեր կան, որոնք կայունության տեսակետից տարբեր աստիճանի են: Դրանից որոշների կայունությունը քիչ է և օգտագործվում են այլ ներկերին երանգ փոխանցելու համար:

Բնական է, որ արդյունաբերական ներկերը վնասում են շրջակա միջավայրին: Այդ պատճառով էլ Ձեռարվեստի համաշխարհային խորհուրդը մտադիր է վերականգնել բուսական ներկերը: Ձեռարվեստի համաշխարհային խորհրդի 18-րդ նստաշրջանին առընթեր Իրանն ու Հնդկաստանը միջազգային ու փորձագիտական մի դասընթացում իրենց երկրներում բնական ներկերի օգտագործման փորձը կիսեցին այս մասնակիցների հետ: Այս դասընթացում Ձեռարվեստի համաշխարհային խորհրդի պատվո անդամ Սայադա Ղազնավին, Բանգլադեշից Շամիմ Արան, Հնդկաստանից, Մոնիկա Սավալան և Իրանից Ֆաթհալի Ղաշղայիֆարն ու Ջալիլ Ջոքարը մասնակիցներին սովորեցրին իրենց երկրներում տարածված բնական ներկարարության մեթոդները:

Սպահանի արվեստի համալսարանի գիտական խորհրդի անդամ Ջալիլ Ջոքարը գույնը համարելով հասարակությունների մշակույթի ու զգացմունքների կարևոր բաժինը և ցուցադրելով Ռուսաստանի Արմիթաժ թանգարանում պահվող Փազիրիք գորգի պատկերներն, ասաց. «Շատ հետազոտողներ համոզված են, որ այս գորգն իրանական է: Այս գորգում օգտագործված գույներից մեկը մուգ կապույտն է»: Նա ապա հավելեց, որ արվեստի փորձագիտական շրջանակներում լաջվարդի ու մուգ կապույտ գույների կապակցությամբ տարաձայնություն գոյություն ունի: Ոմանք իրենց աշխատասիրություններում այդ երկու գույները նույնն են համարում մինչդեռ դա ճիշտ չէ: Լաջավարդը հանքային քար է, որի հանքերի խոշոր մասը գտնվում է Աֆղանստանի Բադախշանում: Հանքաբանները այս քարը լազուրիտ են համարում, որը մուգ կապույտ գույն ունի: Քարի անունն առնվել է դրա պատմական Լազուրիտ անունից, որը ժամանակին փոխվելով դարձել է Լաջվարդ, սակայն մուգ կապույտ գույնը ստացվել է հատուկ բույսից:

Այս դասընթացում ներկայացվեցին տարբեր ներկերի այդ թվում Բանգլադեշում կարմիր, Հնդկաստանում սրճագույն և Իրանում լաջվարդի ներկերի պատրաստման եղանակները: Դասընթացի նպատակն էր ներկաներին ծանոթացնել բնական հյուսվածքները բնական մեթոդներով ներկելու եղանակը:

Ձեռարվեստի համաշխարհային խորհրդի 18-րդ նստաշրջանը կարելի է քննարկել երկու դիտանկյունից: Առաջին հերթին այդ նստաշրջանի գումարումը նպաստում է աշխարհում ոչ- նյութական մշակութային ժառանգության արժևորմանը: Ոչ-նյութական մշակութային ժառանգությունը ներառում է հինգ բնագավառ, որոնցից   են ձեռարվեստի հետ կապված հմտությունները:

Միևնույն ժամանակ երկրների միջև կապերի ընդլայնման տեսակետից ձեռարվեստը խաղաղության, համերաշխության ու բարեկամության հանգեցնող ոլորտներից է: Քանի որ ձեռարվեստը որևէ ժողովրդով ու ցեղախմբով չի սահմանափակվում և ժողովուրդների ու ազգությունների միջև գոյություն ունեն բազմաթիվ ընդհանրություններ, որոնք ընդհանրական զգացմունք են առաջացնում: