Իմամ Հոսեյնի ուսմունքը (6)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i37651-Իմամ_Հոսեյնի_ուսմունքը_(6)
Իմամ Հոսեյնը իմանալով իրեն և իր ընտանիքին սպառնացող բազմաթիվ վտանգների մասին, այնուամենայնիվ Աստծո ճշմարիտ կրոնի համար նահատակվելը գերադասեց ամեն ինչից: Օմայանների իշխանության շրջանում ապականություններն ու շեղումներն այն աստիճանի էին հասել, որ եթե չլիներ մեծ Իմամի ընդվզումը, ճշմարիտ իսլամը անդարձ կթաղվեր խալիֆայության մեջ ի հայտ եկած անօրենությունների և անբարոյականության մեջ: Հետևաբար Իմամի ընդվզումն ու գիտակցված նահատակությունը միայն ու միայն իսլամի պահպանման համար էին:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Հոկտեմբեր 08, 2016 12:20 Asia/Tehran

Իմամ Հոսեյնը իմանալով իրեն և իր ընտանիքին սպառնացող բազմաթիվ վտանգների մասին, այնուամենայնիվ Աստծո ճշմարիտ կրոնի համար նահատակվելը գերադասեց ամեն ինչից: Օմայանների իշխանության շրջանում ապականություններն ու շեղումներն այն աստիճանի էին հասել, որ եթե չլիներ մեծ Իմամի ընդվզումը, ճշմարիտ իսլամը անդարձ կթաղվեր խալիֆայության մեջ ի հայտ եկած անօրենությունների և անբարոյականության մեջ: Հետևաբար Իմամի ընդվզումն ու գիտակցված նահատակությունը միայն ու միայն իսլամի պահպանման համար էին:

Մարդկության պատմության ընթացքում տեղի են ունեցել բազմաթիվ պատերազմներ և դրանցից շատերը տեղի են ունեցել արդարության և մարդկային իրավունքների պահպանման համար: Շատերն են զոհել իրենց և իրենց սիրելիների կյանքը դեպի Բարձրյալը տանող ճշմարտության և արդարության ճանապարհին: Անկասկած, արդարության ճանապարհն ընտրողներն ու նրանով ընթացողները ընդունելի են ամենակալ Աստծո համար: Սակայն նրանց մի մասի անունն անգամ չի պահպանվել պատմության էջերում, իսկ որոշների բարի գործերից մնացել են ընդամենը աղոտ հիշողություններ: Արդարության վերականգնման համար մղված բազմաթիվ պայքարների մեջ , թերևս միայն Իմամ Հոսեյնի ապստամբությունն է հազար չորս հարյուր տարի պահպանվել պատմության էջերում: Միլիոնավոր մարդիկ ամեն տարի ցավով ու արտասուքով են հիշում  մեծ Իմամի սխրագործության մասին: Դա մի պայքար էր, որի արժեքներն ու կարգախոսները մեծ ազդեցություն են թողել  մարդկության ամբողջ պատմության վրա: Իսլամի իրական հետևորդները, Իմամ Հոսեյնի ամենամեծ առաքինություններից  մեկն անկեղծությունն ու հավատարմությունն են համարում ի Աստված, քանի որ Բարձրյալի արքայության նախամուտքում միայն նման առաքինություններն ու դրանցից ծնված գործերն արժեք ունեն:

 

Սուրբ Ղուրանի ողջ գաղափարախոսությունը հիմնված է անկեղծության և մարդամոտության սկզբունքների վրա: Ղուրանում հատուկ հիշատակվում են նաև Բարձրյալի ճանապարհին սրբազան պատերազմ մղած հերոսները և նրանք, ովքեր իրենց կյանքն ու  ունեցվածքը չեն խնայել հանուն ամենակարող Աստծո: Իսկ Մուհամեդի շառավիղների մասին Աստված ասում է հետևյալը. «Իրենք անգամ քաղցած լինելով, իրենց ուտելիքը տալիս են աղքատներին, որբերին ու բանտարկյալներին և ասում են.«Մենք ձեզ կերակրում ենք միայն հանուն Աստծո և ոչինչ չենք պահանջում դրա դիմաց»»:

Իմամ Հոսեյնն ուներ աստվածահաճո պարզություն և անկեղծություն: Նրա  սրտում տեղ չուներ կասկածամտությունը: Սուրբ Ղուրանում ասվում է.« Մի' եղեք նրանց պես, ովքեր իրենց տներից ինքնահավանությունով համակված դուրս եկան»: Իմամ Հոսեյնն իր ընդվզման մասին ասում է .«Եսասիրությունից, ինքնահավանությունից ու դաժանությունից չի, որ ընդվզում եմ, այլ միայն ցանկանում եմ դարձի բերել պապիս մոլորյալ հետևորդներին»: Պայքարի դժվար ճանապարհին Իմամի ընկերները մշտապես աջակցում էին նրան, սակայն այն մարդիկ ովքեր Աստծուն հաճոյանալուց բացի նաև այլ նպատակներ էին հետապնդում իրենց սրտի խորքում, կամ չմիացան Հոսեյնի լույսի քարավանին, կամ էլ ճամապարհի կեսին առանձնացան նրանից: Մեծ Իմամին ու նրա աջակիցներին ոչինչ  չէր հետաքրքրում բացի Բարձրյալի գոհությունից. սա է Աշուրայի փառահեղություն գաղտնիքը: Աշուրայի սխրագործությունը ժամանակի ընթացքում ոչ միայն չմոռացվեց, այլև դրա հեղինակությունն ու ճանաչվածությունը օրեցօր ավելի մեծացավ: Իմամի անկեղծ ու բարի գործերի պտուղը հենց այն է, որ դրանք երբևէ չեն մոռացվի և չեն ջնջվի պատմության էջերից:

 

Ամեն ոք, ով մտնում է պայքարի մեջ և թշնամու դեմ է դուրս գալիս կազմակերպված ու գոտեպնդված, կարող է համոզված լինել իր հաղթանակի և թշնամու ջախջախման մեջ: Իմամ Հոսեյնը նույնպես հետևում էր այս կանոնին և ցանկանում էր հաղթանակել: Բայց հաշվի առնելով ժամանակի ու տեղանքի պայմանները, արդյո՞ք նա կարող էր հաղթել թշնամուն:Եվ եթե չէր կարող, ինչու՞ մտավ ռազմի դաշտ: Այս հարցին կարելի պատասխանել , որ հաղթանակը իսլամի մեջ Աստծո պատվիրանների կատարումն է: Երբեմն իրավիճակն այնպիսինն է լինում, որ մարդն  իր նպատակներին հասնելու համար ստիպված է լինում շատ զոհողությունների գնալ և երբեմն անգամ սեփական կյանքը վտանգի տակ դնել: Իսլամի անձնվեր հետևորդները, ովքեր Աստծու խոսքը ի կատար ածելու և իսլամը պաշտպանելու համար համախմբվել և մտել են սրբազան պատերազմի մեջ, գիտակցել են, որ դա կարող է իրենց նահատակության պատճառը դառնալ: Նրանք ոտք են դրել սխրագործության անդարձ ճանապարհի վրա հստակ գիտակցելով, որ այլ կերպ չեն կարող պաշտպանել իրենց կրոնն ու հավատալիքները:

 

Ըստ ավանդության, եթե որևէ մեկին վտանգ է սպառնում, նա պետք է չխնայի իր գույքը սեփական կյանքը փրկելու համար, իսկ եթե վտանգված է կրոնը, պետք է չխնայի անգամ կյանքը: Հետևաբար, կրոնի պահպանման համար ցանկացած զոհողություն և անձնվիրություն ընդունելի է: Իմամ Հոսեյնը հենց այս սկզբունքով էր առաջնորդվում:Նա իմանալով իրեն և իր ընտանիքին Քարբալայում սպառնացող բազմաթիվ վտանգների մասին, այնուամենայնիվ Աստծո ճշմարիտ կրոնի համար նահատակվելը գերադասեց ամեն բանից: Մուավիայի,այնուհետև Եզիդի իշխանության շրջանում ապականություններն ու շեղումները այն աստիճանի էին հասել, որ եթե չլիներ մեծ Իմամի և նրա հավատարիմ աջակիցների ընդվզումը,  ճշմարիտ իսլամը, Ղուրանն ու այն ամենը ինչ ավանդվել է մարգարեների կողմից անդարձ կթաղվեր խալիֆայության մեջ ի հայտ եկած անօրենությունների  և անբարոյականության մեջ,ինչպես որ թաղվել ու պատմության գիրկն են անցել անցյալում եղած կրոնները: Հետևաբար Իմամ Հոսեյնին այլ ճար չէր մնում, քան կրոնի պահպանման համար ամեն բան զոհելը: Ահա այսպես է մեծ Իմամի ընդվզումը հավերժացել պատմության մեջ և բացառիկ օրինակ դարձել արդարություն որոնողների համար:

السلام علیک یا ابا عبدالله الحسین