Իտալիայում սահմանափակումներ են մտցվել մզկիթների կառուցման վերաբերյալ
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i39988-Իտալիայում_սահմանափակումներ_են_մտցվել_մզկիթների_կառուցման_վերաբերյալ
Այս հաղորդման մեջ կխոսենք Իտալիայում մզկիթների կառուցման սահմանափակման վերաբերյալ օրենքի դեմ մուսուլմանների բողոքի ակցիաների մասին:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Հոկտեմբեր 26, 2016 12:09 Asia/Tehran

Այս հաղորդման մեջ կխոսենք Իտալիայում մզկիթների կառուցման սահմանափակման վերաբերյալ օրենքի դեմ մուսուլմանների բողոքի ակցիաների մասին:

 

Մուսուլմանների բողոքի ակցիան մզկիթների փակման կապակցությամբ

 

Հոկտեմբերի 21-ին Իտալիայում հարյուրավոր մուսուլմաններ իրենց բողոքն են արտահայտել մզկիթների և աղոթատեղիների փակման կապակցությամբ և որպես բողոքի նշան, Հռոմ քաղաքի պատմական կոթող Կոլիզեյի դիմաց հրապարակային ուրբաթօրյա աղոթք են իրականացրել: Նրանք «խաղաղություն» և «բացեք մզկիթները» ցուցապաստառների միջոցով իրենց անհամաձայնությունն ու դժգոհությունն են արտահայտել այդ կապակցությամբ: Մուսուլմանները Հռոմի քաղաքային իշխանություններից պահանջել են հարգել իրենց կրոնական իրավունքները և օրինական աջակցություն ցուցաբերել մզկիթների վերաբացման ուղղությամբ: Իտալիայում ապրում են մոտ մեկ միլիոն վեց հայուր հազար մուսուլմաններ: Իսլամը քրիստոնեությունից հետո երկրորդ ամենատարածված կրոնն է այդ երկրում: Սրանով հանդերձ, իսլամը չի ճանաչվել երկրի պետական կրոններից մեկը, չնայած որ իսլամից ավելի քիչ տարածված կրոններից բուդդայականությունը, հինդուիզմն ու հրեականությունն ունեն այդ կարգավիճակ: իսլամադավան մարդկանց հարցերով պատասխանատու՝ Ֆրանցիսկո Թիերին`  ուրբաթօրյա ցույցերի ժամանակ ասել է.«Մենք` մուսուլմաններս, զգում ենք, որ հայտնվել ենք խտրականության ու քննադատությունների մթնոլորտում»:

Իտալիայի մզկիթներից մեկը

 

Նա հավելել է.«Ոչ մի քաղաքական  քայլ չի կատարվում Իտալիայի մուսուլմաններին պետական աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ և քաղաքական վերնախավը չի ցանկանում ընդունել, որ մենք խաղաղասեր մարդիկ ենք»:« Մենք չունենք աղոթատեղի և աղոթելու համար ստիպված ենք տարածքներ վարձել» ասել է Թիերին: Նա հավելել.«Մզկիթները մուսուլմաններին օդի պես անհրաժեշտ են և եթե փակվեն, նրանք ուղղակի կմահանան»: Համաձայն Իտալիայից ստացված վերջին տեղեկությունների, մուսուլմանները կազմում են այդ երկրի ոչ իտալացի բնակչության 34 տոկոսը: Իտալիայի Լիգուրիա շրջանում ընդունվել է վիճելի մի օրենք, ըստ որի ցանկացած նոր մզկիթի կառուցումն այլևս հնարավոր չէ: Ըստ այդ օրենքի՝ ցանկացած կրոնական շինության կառուցման համար  տեղական իշխանություններից պետք է ստանալ պաշտոնական թույլտվություն: Համաձայն այս առիթով լրատվամիջոցներում տարածված պատճառաբանության, մզկիթների գմբեթավոր և աշտարակներ ունեցող ճարտարապետությունը և իտալական քաղաքների պատմական ճարտարապետությունը միմյանց հետ չեն համապատասխանում, ինչը խախտում է քաղաքների ներդաշնակ կառուցվածքը:

Ուրբաթօրյա հրապարակային աղոթքը՝ որպես մզկիթների փակման դեմ բողոքի նշան

 

Այս օրենքի հաստատումը հակասում է Իտալիայի սահմանադրությանն ու  մարդու իրավունքների հիմնադրույթներին: Սակայն Իտալիայում, ինչպես նաև եվրոպական շատ երկրներում համընդհանուր օրենքները մուսուլմանների համար համընդհանուր բնույթ չեն կրում, այլ գործում են որոշակի բացառություններով: Իտալիան առաջին եվրոպական պետությունը չէ, որ սահմանափակել է մզկիթների կառուցման մուսուլմանների իրավունքը և փակել շատ աղոթատեղիներ:

Ֆրանսիան ու Շվեյցարիան եվրոպական այն երկրների շարքին են պատկանում, որոնք նույնպես սահմանափակել են մզկիթներ ու աղոթատեղիներ  կառուցելու մուսուլմանների իրավունքները: Նրանք ծայրահեղականության ու ահաբեկչության դեմ պայքարի քողի տակ պարբերաբար նմանատիպ նախաձեռնություններով են հանդես գալիս: Եվրոպական տարբեր երկրներում նույնպես զանազան պատճառաբանություններով սահմանափակում են մուսուլմանների իրավունքները: Մի օր արգելվում է հիջաբ կրել: Մեկ ուրիշ օր արգելում են հիջաբ կրող կանանց մուտքը հասարակական վայրեր կամ էլ նույն կերպով ծայրահեղականության ու ահաբեկչության դեմ պայքարի պատճառաբանությամբ արգելում են մուսուլման կանանց իրենց համար նախատեսված հատուկ լողազգեստներով մտնել Ֆրանսիայի լողափեր:

Իսլամաֆոբիան Եվրոպայում

 

Գերմանիայի դպրոցներում մուսուլման աղջիկներին ստիպում են լողալ ընդհանուր լողավազաններում, ինչը հակասում է նրանց քաղաքացիական իրավունքներին: Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավար՝Տիկին Մարին Լե Պենը՝ մտահոգություն է հայտնել մուսուլմանական հալալ ուտեստների տարածման  կապակցությամբ: Հետաքրքիրն այն է, որ ֆրանսիացիները հալալ ուտելիքն ավելի առողջարար են համարում և վերջերս սկսել են ավելի հաճախ օգտագործել, ինչը այդ ուտելիքների տարածման պատճառ է հանդիսացել: Տիկին Լե Պենը սա համարել է ֆրանսիական մշակույթի վրա մուսուլմանական ազդեցության օրինակներից մեկը: Գրեթե ամբողջ Եվրոպայում մուսուլմանների իրավունքները օրեցօր  սահմանափակվում են: Փախստականների հոսքը Եվրոպա ավելի է սաստկացրել այդ սահմանափակումները: Այս ամենը տեղի է ունենում այն երկրներում, որոնք իրենց ազատության ու հանդուրժողականության մասին քարոզներով հայտնի են ողջ աշխարհում: Պաշտոնական տվյալների համաձայն, Եվրոպայի բնակչության ավելի քան չորս տոկոսը մուսուլմաններ են, որոնցից շատերը կամ ծնվել են  Եվրոպայում կամ էլ իրենց կյանքի մեծ մասն այնտեղ են անցկացրել և այնտեղ են ստացել իրենց կրթությունը: Այս ամենով հանդերձ, նրանց դեռևս վերաբերվում են որպես օտարականների և  չեն համարվում Եվրոպայի քաղաքացիներ: Այս վերաբերմունքը մուսուլման բնակչության թվաքանակի ավելացմամբ ավելի է խորանում: Ըստ եվրոպացիների Եվրոպայում ավելանում է ոչ թե իրենց մուսուլման հայրենակիցների, այլ օտարների թիվը, և սա նրանք վտանգավոր են համարում ամբողջ Եվրոպայի համար:

Ազատամտություն, ուրիշների կրոնական արժեքների նկատմամբ հարգանք ու հանդուրժողականություն քարոզողները մուսուլմանների իրավունքները սահմանափակելով, նրանց աղոթելու ու հանգիստ կյանքով ապրելու հնարավությունից զրկելով, չեն բավարարվում և ծայրահեղականության դեմ պայքարի քողի տակ ոտնահարում են լիբերալիզմի հիմնարար սկզբունքները: Մյուս կողմից, վիրավորելով մուսուլմանների կրոնական զգացումները, տարբեր  եղանակներով փորձում են արդարացնել իրենց գործողությունները: Արևմտյան երկրները իսլամի ծայրահեղականության պատճառաբանությամբ սահմանափակում են մուսուլմանների ազատ դավանանքի իրավունքը և ամեն կերպ փորձում են հեռացնել իսլամը եվրոպական միջավայրից: Միևնույն ժամանակ, նույն եվրոպական իշխանությունները անտարբերությամբ են վերաբերվում Եվրոպայում առաջացող և օրեցօր ավելի մեծ տարածում գտնող ազգայնամոլության, մուսուլմանների և նրանց աղոթատեղիների վրա հաճախակի կրկնվող հարձակումների և բազում այլ անօրինությունների նկատմամբ: Եվ սա այն դեպքում, երբ արդարությունն ու խաղաղությունը իսլամի հիմնական գաղափարախոսություններն են: Արևմուտքի իսլամաֆոբները, կենտրոնանալով հանցագործ խմբավորումների գործունեության վրա, որոնց գաղափարները որևէ առնչություն չունեն իրական իսլամական արժեքների հետ, փորձում են իսլամը ներկայացնել ծայրահեղականության ու բռնության տեսանկյունից: 2009 թվականին Գերմանիայի Դրեզդեն քաղաքում տեղի ունեցածը անմոռանալի է: Եգիպտուհի Մարվա Շերբինին Գերմանիայի Դրեզդեն քաղաքի զբոսայգիներից մեկում, իր հասցեին ստացած վիրավորանքների և անպարկեշտ խոսքերի համար  դիմում է իրավապահ մարմիններին: Դատարանի դահլիճում գործը քննելու ժամանակ, կինն իր ամուսնու և երեխայի աչքի առաջ հարձակման է ենթարկվում և սպանվում դանակի 18 հարվածներով: Գերմանական լրատվամիջոցների արձագանքն այս իրադարձությանը այնքան թույլ էր, որ բրիտանացի մի լրագրող Գարդիան օրաթերթի իր հոդվածում գրում է.«Գերմանական լրատվամիջոցները սկզբնական շրջանում իրենց վերջին էջերում անդրադարձան այս դեպքին և միայն Կահիրեում տեղի ունեցած բազմաթիվ ցույցերից հետո Գերմանիան մեկ շաբաթյա լռությունից հետո իր ցավակցությունը հայտնեց դեպքի կապակցությամբ»:

Սպանված կնոջ ամուսինը՝Ռադոր Մարվան,   հարցազրույցներից մեկում ասել էր .«Վայ, եթե հանկարծ այս նույն դեպքը պատահեր եվրոպական ընտանիքի հետ. Եվրոպայի երկրները այնպիսի աղմուկ կբարձրացնեին, որ կհասներ մինչև աշխարհի մյուս ծայրը, իսկ մեր ընտանիքի հետ կատարվածից հետո նրանք գերադասեցին լռության կնիք խփել իրենց շուրթերին»: Եգիպտական թերթերից մեկի գլխավոր խմբագիր  Աբադոլազիզ Համեդը, իր թերթի առաջին էջում այս մասին գրել է.«Եթե այս դեպքի զոհը հրեա լիներ, ամբողջ աշխարհում աղմուկ աղաղակ կբարձրանար»:

Իտալիայում մզկիթների փակումն ու դրանց կառուցման վերաբերյալ սահմանափակությունները եվրոպական իսլամաֆոբիայի շարունակության հետևանք են:

Մարվա Շերբինին՝ ամուսնու և երեխայի հետ