Իրանի Իսլամական հեղափոխություն՝ եզակի հեղափոխություն(8)
Հոգելույս Իմամ Խոմեյնին որպես մի իսլամագետ պայքարում էր երկրում իսլամական օրենքների հաստատման համար։ Նա վստահորեն քայլում էր դեպի իր նպատակների իրականացում՝ միաժամանակ աշխատելով, որ հնարավորինս քիչ վնաս հասնի ժողովրդին։ Իհարկե ամեն ինչ այդքան էլ հեշտ չէր, քանի որ թշնամին ոչ մի հանցագործությունից չէր խորշում։
Մտավորականներն ու մասնագետները հեղափոխության բազմաթիվ սահմանումներ են առաջարկել մինչ այժմ։ Սահմանումներից մեկի համաձայն՝ հեղափոխությունը որևէ երկրի ժողովրդի ջանքերն են ուղղված տվյալ երկրում առկա քաղաքական համակարգի և հասարակական կարգերի փոփոխությանը կարճ ժամանակահատվածում։ Ինքնին հասկանալի է, որ նման լայնածավալ ու խորքային փոփոխությունները, այն էլ կարճ ժամանակամիջոցում, պետք է հանգեցնեն տիրող ռեժիմի համառ դիմադրությանը։ Նման դեպքերում հեղափոխության վտանգի տակ գտնվող երկրի իշխանությունը, որպես կանոն դիմում է ամեն հնարավոր քայլերի իր իշխանությունը պահելու համար։ Նույն իշխանավորները, ովքեր բազմաթիվ հանցագործություններ են գործում ժողովրդի դեմ, սեփական քայլերը բնութագրում են որպես տվյալ իրավիճակից բխող և անխուսափելի գործողություններ։ Ամերիկացի տեսաբան Սամուել Հանթինգթոնի բնորոշմամբ հեղափոխությունը երկրի կյանքում տեղի ունեցող արագ, խորքային փոփոխությունների ալիք է, որը շատ հաճախ ուղեկցվում է բռնություններով։ Գերմանացի Արթուր Բավերի կարծիքով հեղափոխությունը երկրի հասարակական կյանքի փոփոխությանը ուղղված հաջող կամ անհաջող գործողությունների շղթա է, որը ուղեկցվում է բռնություններով։
Քաղաքագետների և հասարակագետների խորին համոզմամբ՝ հեղափոխությունների ընթացքում համատարած բռնությունների առկայությունը բնական և անխուսափելի երևույթ է։ Այս մասին են վկայում Ֆրանսիայում, Ռուսաստանում, Կուբայում և բազմաթիվ այլ երկրներում տեղի ունեցած հեղափոխությունները։ Սակայն այս ամենը չի կարելի ասել Իրանի իսլամական հեղափոխության մասին, որի ընթացքում թեև տապալվեց շահական ռեժիմը և երկիրը հակասությունների մեջ մտավ նախորդ ռեժիմի բարեկամներ հանդիսացող ԱՄՆ-ի և Բրիտանիայի հետ, բայց բռնությունների կիրառվելու տեսանկյունից եղան մինիմալ ռիսկեր։ Ուստիև հարցեր են առաջանում․ ինչու՞ Իրանում հեղափոխությունը տեղի ունեցավ մինիմալ բռնություններով : Արդյոք պատճառը ժողովրդի նկատմամբ շահի՝ տապալման ենթակա ռեժիմի ցուցաբերած հանդուրժողականությունն էր, թե՞ Իմամ Խոմեյնիի պայքարի և առաջնորդության եղանակը շահի ռեժիմին թույլ չտվեց ավելի մեծ ոճիրներ գործել:
Ինչպես ցանկացած հեղափոխություն, Իրանի իսլամական հեղափոխությունը նույնպես ուղղված էր երկրում առկա կարգերի տապալմանը։ Տվյալ դեպքում, իհարկե, խոսքը շահական ռեժիմի մասին է։ Հեղափոխության գլխավոր նպատակը Իրանում իսլամական օրենքների գերակայության հաստատումն էր։ Անկասկած շահական ռեժիմը այդ հեղափոխական շարժման դեմ պայքարեց իր ողջ ներուժը գործի դնելով։ Իրադարձությունները ցույց տվեցին, որ շահական բռնի ռեժիմը պատրաստ չէր հանդուրժել ժողովրդական ոչ մի շարժում, նույնիսկ այն շարժումները որոնք բարեփոխում էին պահանջում։ Նախ՝1953 թվականին, ԱՄՆ-ի և Բրիտանիայի օգնությամբ, շահական բռնի ռեժիմը ճնշեց նավթարդյունաբերության ազգայնացման շարժումը, այնուհետև ճշնվեց նաև 1960 թվականին ընթացող ազատատենչ շարժումը Իմամ Խոմեյնիի գլխավորությամբ։ Այդ տարիներին շահը ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի աջակցությամբ երկրում համատարած ձերբակալություններ անցկացրեց։ Բազմաթիվ մարդիկ բանտ ընկան և մահապատժի ենթարկվեցին՝ քաղաքական անհիմն մեղադրանքներով։ Եվ իսկապես, այդ դաժան ռեժիմը սեփական ժողովրդի իրավունքներն անտեսում էր՝ երկիրը իշխանական կամայականությունների թատերաբեմ դարձնելով։
Սակայն պետք է նշել, որ Իրանի հեղափոխության պատմության մեջ ամենաքիչ զոհերը եղան Իմամ Խոմեյնիի առաջնորդության ժամանակ ՝ 1978 թվականին։ Նրա գլխավոր նպատակը երկրում իսլամական կարգերի հաստատումն էր, որին տենչում էր նաև Իրանի ժողովուրդը։ Իմամ Խոմեյնին ասել է․ «Մեր կրոնական հայացքները կանխորոշել են մեր ճանապարհը։ Մենք աշխարհի մեծագույն մարդու՝ Մուհամմեդի լույսի ներքո կպայքարենք և երկիրը կպաշտպանենք օտարերկրյա միջամտություններից»։ Իսլամի մեծագույն ուսմունքներից մեկը խաղաղությունն է։ Կրոնը կոչ է անում կարգավորել բոլոր խնդիրները խաղաղ ճանապարհով։ Իսլամը ողորմածության և բարեգթության կրոն է։ Հենց այս է պատճառը, որ Իմամ Խոմեյնին որպես մի իսլամագետ պայքարում էր երկրում իսլամական օրենքների հաստատման համար և վստահորեն քայլում էր դեպի իր նպատակների իրականացում՝ միաժամանակ աշխատելով, որ հնարավորինս քիչ վնաս հասնի ժողովրդին։ Իհարկե ամեն ինչ այդքան էլ հեշտ չէր, քանի որ թշնամին ոչ մի հանցագործությունից չէր խորշում։
Իմամ Խոմեյնիի գործունեության առանձնահատկություններից մեկն այն էր, որ նրա առաջնորդությամբ տեղի էին ունենում զանգվածային խաղաղ ցույցեր՝ առանց որևէ զենքի։ Նա հստակ գիտակցում էր, որ ցանկացած զինված գործողություն շահական ռեժիմի ձեռքերում առիթ է հանդիսանալու զանգվածային սպանություններ կատարելու համար, ինչին, անկասկած, կօժանդակեին նաև ռեժիմի արտասահմանյան աջակիցները։ Այդիսկպատճառով Իմամ Խոմեյնին կոչ էր անում պահպանել ցույցերի խաղաղ բնույթը և դրանք չվերածել զինված ընդհարումների։ Երկրում համատարած ցույցերի և դժգոհությունների առկայությունը, ինչպես նաև մարդկանց վճռականությունը վախեցրեցին շահին և նա որոշեց իր սեփական ժողովրդի դեմ գործի դնել երկրի բանակի և ոստիկանության ուժերը։ Այս ամենից հետո անգամ Իմամ Խոմեյնին, ով հեռատես և զգոն քաղաքական գործիչ էր, հրամայեց զերծ մնալ զինված ուժերի հետ բախումներից։ Հատկանշական է, որ ոստիկանական և բանակի ուժերի զգալի մասը հենց շահական ռեժիմի դեմ պայքարող մարդկանցից էր բաղկացած։ Իմամ Խոմեյնին շատ լավ էր գիտակցում այս ամենը։ Նրա խոսքերով․ «Իրանցիները պարտավոր են հարգել իրենց սպաներին և զինծառայողներին, քանի որ բանակում ծառայող մի քանի հանցագործներ չեն կարող սևացնել ողջ բանակի անունը։ Այդ մի քանի արնախում հանցագործների խնդիրը որևէ կապ չունի ամբողջ բանակի հետ։ Բանակը մեր ժողովրդից է, իսկ մեր ժողովուրդը՝ բանակից»։
Հատկանշական է, որ մարդիկ գիտակցաբար մոտեցան Իմամ Խոմեյնիի խոսքերին։ Նրանք իրենց խաղաղ հանրահավաքների ընթացքում կարողացան կապ հաստատել շահի բանակի զինվորների հետ և այդպիսով կրճատեցին հնարավոր բախումների ռիսկերը։ Ժողովուրդը հանրահավաքների ժամանակ՝ հատկապես, երբ հետևում էին բանակի և ոստիկանության ուժերը, մշտապես վանկարկում էին․ «Ինչպես ասում է Խոմեյնին՝ բանակը մեր եղբայրն է»։ Նույնիսկ, երբ զինվորները իրենց հրամանատարության ճնշման ներքո ստիպված էին լինում կրակ բացել, մարդիկ վանկարկում էին․ «Բանակային եղբայրներ, ինչու՞ եղբայրասպանություն»։ Այս կերպ մարդիկ հասկացնում էին, որ իրենք եղբայրներ են և իրենց ընդհանուր թշնամիները շահն ու ԱՄՆ-ն են։ Նման կարգախոսները խորապես ազդում էին զինվորների ներաշխարհի վրա։ Ինչպես կանխատեսել էր Իմամ Խոմեյնին՝ շատերը փախուստի դիմեցին բանակից և միացան ժողովրդին։ Որոշները նույնիսկ սպանեցին այն հրամանատարներին, ովքեր ժողովրդի վրա կրակելու հրաման էին տվել։ Ուիլիամ Սալիվանը՝ Իրանում ԱՄՆ-ի վերջին դեսպանը ժողովրդի միահամուռ պայքարը և զինվորների բանակից փախուստը տեսնելով, Վաշինգտոնին ներկայացրած իր զեկույցում գրում է․ «Բանակը ժողովրդամետ տրամադրություններ ունի և չի կանգնի մարդկանց ճանապարհին»։
Իմամ Խոմեյնին լիովին տեղեկացված էր Զինված ուժերում տիրող տրամադրությունների մասին և խրախուսում էր զինվորների միացումը ժողովրդական շարժմանը։ Նա շատ լավ գիտեր, որ բանակի ծանրակշիռ մեծամասնությունը կողմ է հեղափոխությանը և, որ շահին հավատարիմ են սահմանափակ թվով բարձրաստիճան հրամանատարներ։ Այդիսկպատճառով Իմամ Խոմեյնին հեղափոխության հաղթանակից մի քանի ամիս առաջ դիմում է բանակի հրամանատարությանը՝ ասելով․ «Իրանը ձեր երկիրն է, իսկ Իրանի ժողովուրդը՝ ձեր ժողովուրդը։ Միացեք ժողովրդին։ Ես գիտեմ, որ ձեզնից շատերը հավատարիմ են ժողովրդին և կրոնին։ Գիտեմ նաև, որ ձեզնից շատերը անհանգստացած են երկրում տիրող շահական ռեժիմի հանցագործություններից և կամայականություններից»։ Անդրադառնալով բանակի հնարավոր միացմանը ժողովրդական շարժմանը, լրագրողներին տված հարցազրույցում Իմամ Խոմեյնին նշում է․ «Անկասկած բանակի որոշ բարձրաստիճան սպաներ ամեն կերպ օժանդակում են շահին և նույն օժանդակությունը ստանում նրանից։ Այդ սպաները մասնակից են երկրում տեղի ունեցած բոլոր հանցագործություններին։ Սակայն կա նաև սպաների և զինվորների մի ողջ բազմություն, ովքեր հավատարիմ են իրենց ժողովրդին և տառապում են շահի բռնի ռեժիմի ճիրաններում։ Ես կասկած չունեմ, որ այդ հավատարիմները վաղ թե ուշ կվերադառնան իրենց ժողովրդի գիրկը»։
Ստեղծված իրավիճակում Իմամ Խոմեյնին իրեն հատուկ համբերատարությամբ առաջնորդեց իրանցիներին, և աստիճանաբար բանակը անզոր դարձավ ժողովրդին դեմ որևէ քայլ ձեռնարկելու համար։ Շահը չկարողացավ հասնել իր նպատակներին և կասեցնել ժողովրդական շարժումները։ Մինչև Մոհամմադռեզա շահի փախուստը Իրանից, երբ Ամերիկացի գեներալ Ռոբերտ Հայսերը ժամանեց երկիր, շատերը համոզված էին, որ ԱՄՆ-ը ցանկանում է Իրանում ռազմական հեղաշրջում կազմակերպել։ Սակայն Իմամ Խոմեյնին, ով քաջատեղյակ էր բանակում տիրող տրամադրությունների մասին, ասաց․ «Շատ հավանական է, որ հանցագործ շահը, ով ներկայումս պլանավորում է իր փախուստը երկրից, որպես վերջին հնարավորություն փորձի սարսափելի հանցագործությունների միջոցով փրկել իր իշխանությունը։ Նա, ամենայն հավանականությամբ, կփորձի իր հանցագործությունը իրականացնել բանակի միջոցով, սակայն Իրանի բանակում չկան շահին հավատարիմ մարդիկ, բացի մի քանի բարձրաստիճան հրամանատարներից։ Եթե շահը փորձի նրանց միջոցով որևէ հանցագործություն իրականացնել, բանակի մնացած անձնակազմը կընդդիմանա և թույլ չի տա Իրանի ժողովրդի ու կրոնի դեմ գործել»։ Այս ամենը հայտարարելուց մի քանի շաբաթ հետո Իմամ Խոմեյնին Ֆրանսիայից վերադարձավ Իրան և կրկին շեշտեց․ «Ուշ, թե շուտ բանակը կմիանա ժողովրդին, քանի որ բացի մի խումբ սպաներից, մնացած բանակը հավատում է իսլամական հեղափոխությանը։ Ես այդ ամենի մասին քաջատեղյակ եմ»։
Այսպիսով, Իմամ Խոմեյնիի ճիշտ առաջնորդության շնորհիվ ժողովրդի և բանակի միջև եղբայրական հարաբերություններ հաստատվեցին, ինչի շնորհիվ հնարավոր եղավ մարդկային կորուստները հասցնել նվազագույնի։
Երբ Իրանի օդային ուժերը հայտնեցին իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդին իրենց հավատարմության մասին, հեղափոխական պայքարը մտավ մեկ այլ փուլ։ Օդային ուժերի անձնակազմի մի մասը Թեհրանում բողոքի ցույց կազմակերպեց շահի ռեժիմի դեմ, և երբ իրավիճակը լարվեց, նրանք զենքի դիմեցին և մարդկանց կոչ արեցին օգնել իրենց։ Ժողովուրդը անմիջապես օգնության հասավ օդուժի անձնակազմին։ Այս կերպ հեղափոխությունը տարածվեց Իրանի մնացած քաղաքներում և շահի դիկտատուրան տապալվեց։