Գրքի ազգային տոն (Անդրադարձ՝ Թեհրանի գրքի միջազգային 30-րդ ցուցահանդեսին)
Թեհրանի գրքի միջազգային ցուցահանդեսն Իրանի իսլամական հեղափոխությունից հետո երկրի կարևոր մշակութային իրադարձություններից է, որը հռչակված է որպես ազգային տոն: Ցուցահանդեսն իր աշխատանքը սկսել է մայիս 2-ին և տևելու է 10 օր:
Թեհրանի գրքի ցուցահանդեսը կազմակերպվում է արդեն 30 տարի և ամենահեղինակավոր գրքի ցուցահանդեսներից է Միջին Արևելքում և Ասիա մայրցամաքում: Ամեն տարի ցուցահանդեսին մասնակցում են 2000-ից ավելի իրանական և հարյուրավոր արտասհմանյան հրատարակություններ: Ցուցահանդեսի այցելուների միջին թիվը կազմում է 4 միլիոն մարդ: Ցուցահանդեսի նպատակն է զարկ տալ գրահրատարակությանը և տարածել գիրք ընթերցելու մշակույթը: Շատ երկրներում գրքի ցուցահանդեսի առաջին նպատակն առևտրական բնույթ է կրում: Այդ ցուցահանդեսներում վաճառվում է գրքի հեղինակային իրավունքը և մշակութային ապրանքը գովազդելու հետ միասին, գտնվում են նոր շուկաներ: Սակայն ինչպես ասացինք, Թեհրանի ցուցահանդեսի առաջին նպատակը գիրք կարդալու մշակույթի տարածումն է և վերջին տարիներին այս կապակցությամբ հաջողություններ են արձանագրվել:
ԻԻՀ մշակույթի և առաջնորդման նախարար Սեյեդ Ռեզա Սալեհի Ամիրին, ցուցահանդեսի բացման ժամանակ նշեց, որ այն ամենակարևոր մշակութային քայլերից է իսլամական հեղափոխությունից հետո: Իսկ իմամ Խոմեյնին և երկրի ներկա առաջնորդը մշտապես կարևորել են գրքի դերը` մշակույթի զարգացման գործում: Ամիրիի խոսքերով. «30 տարին լավագույն տարիքն է աշխատանքի համար: Ցուցահանդեսի 30-ամյա հոբելյանին կարևոր քայլ է կատարվել. ցուցահանդեսի կազմակերպչական հարցերը վստահվել են արհմիություններին: Դրանից բացի, առկա են տնտեսական հնարավորություններ` հրատարակությունը զարգացնելու համար»:
Ցուցահանդեսին ներկա էր նաև Իտալիայի մշակութային ժառանգության նախարարի տեղակալ` էլտիմո Չեզարեն, Սերբիայի մշակույթի նախարար Մերադեն Վեսկովիչի գլխավորած մշակութային պատվիրակությունը, Իրանում Իտալիայի դեսպանը և մշակույթի կցորդը և այլ հյուրեր:
Միջոցառման ընթացքում ընթերցվեց Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի ուղերձը: Ուղերձում Իտալիայի նախագահն ասում է. «Հպարտ եմ, որ Թեհրանի ցուցահանդեսը հյուրընկալել է Իտալիային: Սա երկու երկրի բարեկամության ապացույցն է»: Խոսելով Մետաքսի ճանապարհի և այն մասին, թե ինչպես է թուղթն արտահանվել արևելքից արևմուտք, Իտալիայի նախագահը նշել է. «Իրանում, ինչպես Իտալիայում, գիրքն ու ընթերցանությունը վաղեմի պատմություն ունեն: Եվ հենց այս ընթացքում էլ թուղթն ու գիրքը փոխեցին աշխարհի պատմությունը»: Հատկանշական է, որ ցուցահանդեսին ներկայացվեցին նաև անցած տարվա ընթացքում լավագույնը ճանաչված իրանական հրատարակությունները: Հատկանշական է, որ այս ցուցահանդեսին մասնակցել են 2643 իրանական հրատարակություններ, որոնք տեղավորվել են մի քանի հարյուր տաղավարներում, ներկայացնելով 240 հազար անուն գիրք:
Այս տարի անցկացվելու են նաև հրատարակության ոլորտին առընչվող վարպետության դասընթացներ և երկրի հանրային գրադարանների աջակցությամբ բացվեց ծաղրանկարի դահլիճը: Ցուցահանդեսի շրջանակներում տեղի կունենա 70 անուն գրքի շնորհանդես, 160 նիստ , կկազմակերպվի 25 վարպետության դաս: Ցուցահանդեսն անցկացվում է 135 հազար քառակուսի մետր տարածքում: Ցուցահանդեսին առաջին անգամ մասնակցել է հյուր քաղաքի ներկայացուցիչը: Այս տարի հյուր քաղաք է հռչակվել Թուրքիայի Ստամբուլ քաղաքը: Անցած տարի ցուցահանդեսի կազմակերպիչների կողմից որոշում կայացվեց ֆինանսավորել այն թարգմանիչներին, ովքեր պարսկերենից թարգմանում են այլ լեզուների: Հատկանշական է, որ այդ թարգմանիչները մեծ մասամբ եղել են Հայաստանից, Իտալիայից, Շվեյցարիայից, ԱՄՆ-ից և այլն: Ցուցահանդեսի բացմանը ներկա էին նաև այլ երկրների ցուցահանդեսների 14 տնօրեններ: Ցուցահանդեսի ընթացքում կազմակերպվելու են հատուկ միջոցառումներ` նվիրված Իրանի նահանգներին: Ավելացնենք, որ ցուցահանդեսի արաբական բաժնում ներկա են 94 հրատարակություններ` 47 234 անուն գրքով: Իսկ լատինատառ գրականությունից ներկայացվել է 150 144 անուն գիրք: Ցուցահանդեսի բացմանը ներկա էին նաև Ֆրանկֆուրտի միջազգային ցուցահանդեսի ներկայացուցիչները և 18 գերմանական հրատարակությունների ներկայացուցիչներ: Ներկաների թվում էին մի շարք գերմանացի բանաստեղծներ:
Ինչպես նշեցինք, այս տարի ցուցահանդեսի հատուկ հյուրն էր Իտալիայի պատվիրակությունը, որը բաղկացած էր 40 հոգուց: Պատվիրակության անդամներից 35-ը այդ երկրի հայտնի գրողներից են: Կողմերը քննարկելու են տարբեր հարցեր` կապված գրահրատարակության ոլորտում համագործակցության հետ: Կքննարկվի նաև Իտալիայի արդի գրականությունը և գրականության արդի վիճակը:
Վերջում մեջբերենք Իտալիայի մշակութային ժառանգության նախարարի տեղակալ` էլտիմո Չեզարեյի խոսքերը. «Ինչպես ասել է Իտալիայի վարչապետը, Իրանի և Իտալիայի հարաբերությունները նախ մշակութային և ապա տնտեսական ու քաղաքական բնույթ են կրում: Ես, որպես Իտալիայի մշակութային ժառանգության, մշակութային աշխատանքների և զբոսաշրջության նախարարի ներկայացուցիչ, և որպես ցուցահանդեսի առաջին արևմտյան հյուրը, ներկա եմ գտնվել այս ցուցահանդեսի բացմանը: Բոլորին քաջ հայտնի է Թեհրանի միջազգային գրքի ցուցահանդեսի նշանակությունը, ինչը փաստում է, որ Իրանում առաջընթաց են ապրում գիրն ու գրականությունը: Եվ կարծում եմ, սա շատ հետաքրքիր փորձ է»: Վերջում նա խոսեց Իրանի մշակութային կենտրոններ և Ազգային գրադարան կատարած իր այցելությունների մասին:
Հատկանշական է, որ Թեհրանի գրքի միջազգային 30-րդ ցուցահանդեսը, «Մի գիրք ավել կարդանք» կոչով, տևելու է մինչև մայիսի 13-ը` Թեհրանի ցուցահանդեսների մշտական վայրում: