Սրտակցության տոն (Նվիրված Ֆեթրի տոնին)
Ֆեթրը Ռամազան ծոմապահության ամսի ավարտը նշանավորող տոնն է: Ֆեթրի տոնը անմիջապես հաջորդում է իսլամական լուսնային օրացույցի 9-րդ ամսի՝ Ռամազանի մեկամսյա ծոմապահությանը: Այս տոնը հանդիսավորությամբ նշվում է լուսնային օրացույցի տասներորդ՝ Շավալ ամսի առաջին օրը: Իսլամական երկրներում մեծ նշանակություն է տրվել այս տոնին և սովորաբար պետական արձակուրդ է հայտարարված տոնի առիթով: Այս օրը ծոմ պահելը «հարամ» է : Այս օրը տեղի է ունենում տոնի աղոթքի հատուկ արարողությունը:
Ավարտվել է Ռամազանի բարեբաստիկ տոնը և ահավասիկ ծոմապահները Ֆեթր տոնին նշում են իրենց հաղթանակը մարմնական ցանկություններին հաղթահարելու գործում։ Պարզ է, որ աստվածային բարիքներով լի Ռամազանի մեծաշուք ամսին կհաջորդի Ֆեթրի մեծ տոնը ։ Այս տոնին մուսուլմանները փառաբանում և գոհունակություն են հայտնում Աստծուն ,որ Ռամազան ամսին հաջողությամբ անցկացրել են դաստիարակչական մի շրջան և դրանից բազում դասեր քաղել։ Ծոմապահության իմաստը հավատի ամրապնդումն է, հոգևոր աճը, կենսակերպի վերափոխումը: Մուսուլմանների համար այն նախ և առաջ արգելվածից հրաժարվելու և կյանքի իրական արժեքները հասկանալու հնարավորություն է: Մուսուլմանները Ռամազան ամսին ավելի շատ են աղոթում և կարդում Ղուրան, ողորմություն բաժանում և բարեգործություն անում:
Ֆեթրի տոնական օրերին յուրահատուկ ուրախություն ու խանդավառություն է տիրում մուսուլմանների մոտ; Նրանք օրեր առաջ արդեն սկսում են զարդարել փողոցները։ Տոնական սեղաններ են պատրաստում և հյուրասիրություններ են կազմակերպում։ Տոնի օրերին մուսուլմանները այցելում են բարեկամներին և ընկերներին, ողորմություն են բաժանում աղքատներին, այցելում են նախնիների գերեզմաններին։ Երեխաներին ընդունված է նոր հագուստ գնել և նրանց նվերներ տալ։ Ֆեթրի տոնը մուսուլմանների համար լի է բարի ու անմոռաց հիշողություններով։ Նրանք այս օրը ջերմություն փոխանցելու և սրտակցելու ու միմյանց շնորհավորելու առիթ են համարում։

Սակայն Իսլամական աշխարհը այս ուրախության մեջ նաև խոր ցավեր ունի իր սրտում։ Մուսուլմանները այս տոնական օրերին անհանգստանում են աշխարհի այլ կետերում տառապանքի մեջ գտնվող մուսուլմանների համար և պատասխանատվություն են զգում վերջիններիս նկատմամբ։ Ուստի նրանք Ֆեթրի հատուկ աղոթքի արարողության ժամանակ իրենց ձեռքերը դեպի վեր բարձրացրած բռնահարված մուսուլմանների փրկությունն են հայցում Բարձրյալից։
Ֆեթրի տոնի աղոթքը մուսուլմանների կրոնական մեծաշուք արարողություններից է համարվում։ Այս աղոթքի հոգևոր վեհությունը միավորում է մուսուլմանների սրտերը։ Ողջ աշխարհի, ներառյալ Իրանի, Պակիստանի, Հնդկաստանի, Ինդոնեզիայի , Մալայզիայի, հյուսիսային Աֆրիկայի , Միջին Արևելքի և Եվրոպայի ու Ամերիկայի մուսուլմանները միաձայն աղոթում են և բարեպաշտությամբ ու երկրպագությամբ միավորում են իրենց սրտերը։
Ֆեթրի տոնի աղոթքի հիասքանչ յուրահատկություններից մեկն այն է, որ այս աղոթքը իր լուսավոր ու խորախորհուրդ պատգամով ներթափանցում է հավատացյալների սիրտն ու հոգին հույս ու ուրախություն ներշնչելով նրանց։ Ինչպես Մուհամմեդ մարգարեն է ասել․«Աստված բարեգթությամբ նայում է նրանց և այդպիսով մուսուլմանների դեմքերին երևան է գալիս Աստծուն փառաբանելու, երկրպագելու և հնազանդվելու ուրախությունը»։
Տոնի աղոթքից հետո, աղոթապետը հանդես է գալիս քարոզներով։ Աղոթարարները լսում են աղոթապետի քարոզները, որի ընթացքում իսլամի մարգարեի ավանդույթի համաձայն՝ աղոթապետը բոլոր մուսուլմաններին բարեպաշտության կոչ է անում, այնուհետև անցնում է իսլամական աշխարհում տիրող իրավիճակի քննարկմանը։ Անդրադառնալով մուսուլմանների խնդիրներին, նա հիշեցնում է նրանց ճակատագրի նկատմամբ ողջ մուսուլմանների ունեցած պատասխանատվությունը։ Աղոթապետը բոլորին կոչ է անում անկախ էթնիկ, կրոնական, լեզվական ու մշակութային տարբերություններից, իրենց քաղաքական ու հասարակական ընդհանուր շահերի մասին մտածել և չանտեսել ընդհանուր թշնամուն և ամրապնդել իսլամական միասնությունը։
Իրոք ներկա պայմաններում իսլամական աշխարհում պատերազմի կրակի մեջ գտնվող մուսուլմաններից առավել ո՞ր հարցը և մուսուլմանների սրտակցությունից ու միասնությունից առավել ի՞նչը կարող է կարևոր լինել։Այս օրերին Եմենի , Սիրիայի , Իրաքի, Պաղեստինի, Աֆղանստանի , Բահրեյնի բռնահարված ժողովուրդները և նույնիսկ Արաբիայի արևելյան հատվածի մուսուլմանները գտնվում են անապահովության ու վախի մեջ և պատերազմի կրակի տակ են գիշերները լուսացնում։ Ֆեթրի տոնը լավագույն ժամանակն է վերոնշյալ երկրների բռնահարվածների ու ճնշվածներիի հետ սրտակցելու համար, ուստի իսլամական ցանկացած երկրում Ֆեթրի աղոթքի քարոզիչների համար լավագույն հնարավորությունն է այդ օրը լուսաբանումներ անելու այս կապակցությամբ։
Տոնական այս օրերին ,երբ մուսուլմանների համախմբման համար առիթ է ստեղծվել , բռնահարվածների հետ սրտակցությունը և նրանց հոգևոր ու նյութական օժանդակություն ցուցաբերելը կարող են հերթական անգամ ի ցույց դնել իսլամի և իսլամական ժողովուրդների վեհությունը։ Իսլամի մեծ մարգարեն ասել է․«Ով գիշերը լուսացնի առանց մուսուլմաններին օգնելու և ով օգնություն խնդրողի ձայնը լսի ու նրա օգնությանը չշտապի մուսուլման չէ»։
Ֆեթրի տոնին մուսուլմանները վճռական ու անարատ սրտերով երկրպագում են Աստծուն և միաժամանակ մերժում են ցանկացած տիրակալություն ու բռնություն։ Ֆեթրի տոնի ընթացքում «Մեծ է Աստված» կանչերով մուսուլմանները մերժում են ոչ-աստվածային ուժերին։ Այն դեպքում երբ գերտերությունները մտադիր են աղավաղել Իսլամի դիմագիծը և պառակտում սերմանել մուսուլմանների միջև, Ֆեթրի տոնը կարող է մուսուլմանների սրտակցության ու միասնության արտահայտիչը լինել և նրանց կյանքում ստեղծել կենսունակության ալիք։
Ֆեթրի տոնին սրտակցության մյուս դրսևորման եղանակը Ֆեթրի զաքաթի վճարումն է։ Զաքաթը նշանակում է բարեգործություն, նյութական օգնություն, ողորմություն կարիքավոր մարդկանց համար։ Մարդիկ այս օրը իրենց նյութական աջակցությունն են ցուցաբերում կարիքավորներին։ Ֆեթրի տոնին զաքաթի վճարումը կոչվում է «ֆեթրիե»։ Սա մի տեսակ պատասխանատվություն է նշանակում մյուս մուսուլմանների նկատմամբ։ Յուրաքանչյուր մուսուլման պարտավոր է իր առօրյա սննդամթերքից, ներառյալ բրնձից կամ ցորենից որոշակի չափով նվիրել աղքատներին ու կարիքավորներին։ Իրականում «ֆեթրիեն» ծոմապահ մարդու նվերն է կարիքավորին ,որով նա փառաբանում ու հնազանդվում է Աստծուն։ «ֆեթրիեն» ամրապնդում է հարուստների ու աղքատների միջև դաշինքը։
«ֆեթրիե»-ի վճարումը կատարվում է Աստծուն պաշտելու և մերձենալու համար։ Դա նշանակում է նյութականի միջոցով հասնել հոգևորին։ Զաքաթը սովորեցնում է ինչպես բաժանվել նյութականից ու աշխարհիկ ցանկություններից։ Ներկա պայմաններում, երբ մի շարք երկրներում մուսուլմանները գտնվում են աղքատության ու տառապանքի մեջ, պետք է շտապել նրանց օգնության հասնելու։ Շատ ցավալի է, երբ լսում ենք, որ իսլամական աշխարհի մի անկյունում երեխաները ,կանայք ու տղամարդիկ սովի ու թերսնման պատճառով գտնվում են մահվան վտանգի առջև։ Այս օրերին պատերազմի հետևանքով Եմենի հարյուրավոր քաղաքացիներ կանգնած են թերսնման ու սովի վտանգի առջև։ Նրանք մուսուլման եղբայրների ու քույրերի աջակցությունն են ակնկալում։ Ֆեթրի զաքաթը կարող է զգալի ֆինանսական աղբյուր լինել այդ մարդկանց օգնելու համար։Ֆեթրի զաքաթը չունևորների կարիքներին բավարարություն տալուց բացի, կարելի է այն օգտագործել մզկիթ, դպրոց, կամուրջ ու հիվանդանոց կառուցելու և այլ հանրային ծառայությունների համար։ Այսպիսով Ֆեթրի տոնին յուրաքանչյուր մուսուլման իր հերթին սփոփում է կարքիավորների վիշտը և նպաստում հասարակության համագործակցության ոգու ամրապնդմանը։
Մուսուլմանները Ֆեթրի տոնի առիթով համախմբվելով և նշելով այս տոնը, նաև իրազեկվում են միմյանց խնդիրների ինչու չէ նաև միմյանց տեսակետների մասին։ Այս տոնական հավաքներում քինախնդրություններն ու անախորժությունները վերածվում են կարեկցանքի ու բարեկամության և հավատացյալները ավելի ու ավելի են միավորվում։