Գրքի հմայքը (19)
(last modified Sun, 31 Oct 2021 10:59:18 GMT )
Հոկտեմբեր 31, 2021 14:29 Asia/Tehran

Առկա փաստերի համաձայն՝ իրանցիները դեռ վաղ անցյալից ուշադրություն են դարձրել գիտությանը և գիր ու գրականությանը, իսկ անցյալ դարերից մնացած ստեղծագործությունները վկայում են գիտություն և գիտելիք ձեռք բերելուն ուղղված նրանց ջանքերի մասին: Հիջրեթի առաջին դարերում պարսկերենից շատ ստեղծագործություններ թարգմանվեցին արաբերեն, որն իսլամական մշակույթի և քաղաքակրթության վրա զարմանալի ազդեցություն թողնելու բերումով հիշում են, որպես «թարգմանչական շարժում»:

Չնայած պարսկերեն թարգմանությունների մեծ մասն արվել է թարգմանչական շարժման առաջին դարում, կան որոշ ապացույցներ, որ այս միտումը շարունակվել է առնվազն մինչև հիջրեթի երրորդ դարի վերջը: Օրինակ, Աբու ալ-Աբբաս Մուհամմադ իբն Մարզբան ալ-Բաղդադին, ըստ պատմական վկայությունների, արաբերեն է թարգմանել ավելի քան հիսուն պարսկերեն գիրք:

Իբն Նադիմի հեղինակած «Ալ-Ֆիհրիստ» գրքում, որը ներառում է գրեթե ամբողջ թարգմանական շարժումը, նշված են գիտության ոլորտում  թարգմանված 632 գրքերի և աշխատությունների  անունները: Այս աշխատանքների երեք հիմնական ուղղություններն են՝ բժշկությունը (170 աշխատություն), մաթեմատիկան և աստղագիտությունը (131 աշխատություն), փիլիսոփայություն և  տրամաբանություն (118 աշխատություն):

Այս հակիրճ պատկերը ցույց է տալիս գիտության տարածումն իսլամական աշխարհում: Հեղինակային աշխատանքների բովանդակության ուսումնասիրությունը ցույց է տալիս  դրանց  և՛ քանակական, և՛ որակական  տարածումը:  Մուսուլմաններն  այս ստեղծագործությունների միջոցով առաջին անգամ բնական գիտությունների նկատմամբ  կիրառեցին անմիջական փորձի և դիտարկման մեթոդը:

Պարսկերենից թարգմանված ստեղծագործությունները կարելի է բաժանել երեք խմբի՝  խրատանիներ,  խավդայնամեներ,  առասպելներ ու սնահավատություններ (պատմություններ և  լեգենդներ): Այնուամենայնիվ, որոշ  ստեղծագործությունների  բովանդակությունը չի  կարող սահմանափակվել մեկ թեմայով:

 

 

Պարսկական խրատանիներն իրանցիների գործնական իմաստությունն է, ընդորում երբեմն վերցվել է  հնդկական և նույնիսկ հունական իմաստությունից: Այս խմբի  ստեղծագործործությունների ամենահայտնի օրինակը «Քելիլե և Դեմնե» գիրքն է, որը թարգմանել է Իբն Մողաֆան, ինչպես նաև  Աբդոլլահ Իբն Հելալ Ահվազին:

«Ջավիդան Խերադ» (թարգ.Իմաստության անմահությունը) գիրքը ևս խրատանի է, որը   պարսկերենից արաբերեն է թարգմանել Հասան Իբն Սահլը և չորրորդ դարում ներառվել է Մոսկույե Ռազիի նույնանուն ստեղծագործության մեջ: 

Խավդայնամեներն  իրանական ստեղծագործությունների մեկ այլ խումբ է, որում ներառված են   առասպելներ և  Իրանի էպիկական պատմությունը: Այս ստեղծագործությունների միջոցով ձեռք բերվեց իսլամական քաղաքական կառույցների  էվոլյուցիայի մեջ իրանական տարրի ազդեցության ամենակարևոր մասը: Իսկ արաբերեն լեզվով հայտնաբերվել է հատուկ գրականություն ՝  սկսած երկրի կառավարումից մինչև արքունական արարողակարգեր: Այս թեմաներով գրքերը կրում են հետևյալ խորագրերը՝ «Ադաբ ալ-Մոլուք», «Նասիհա ալ-Մոլուք» կամ «Ալ-Ադաբ ալ-Սոլթանիե»: Այս գրքերից ներշնչված Ջահեզը գրել  է  «Ալ-թաջ ֆի Ախլաղ ալ-Մոլուք» խորագրով գիրքը,որը համարվում է ամենահայտնի ստեղծագործություններից մեկը:

Թարգմանչական շարժման ընթացքում արաբերեն թարգմանված գրական և մշակութային ստեղծագործությունների երրորդ խմբին են պատկանում  առասպելներն ու սնահավատությունները:  Պատմության և առասպելների մասին Իբն Նադիմի 188 գրքերից քսանը պարսկական ծագում ունեն, տասնյոթը՝ հնդկական, տասնմեկը՝ հռոմեական: Այդ ստեղծագործությունները հիմնականում պարսկերենից են թարգմանվել արաբերեն: Այս աշխատանքներից ամենահայտնին են Հեզարաֆսան (Հազար ու մեկ գիշեր), Հեզարդաստան, Բուզասեֆ և Բելոհարը, ինչպես նաև «Ալ-Հենդ ֆի Ղեսե Հաբութ Ադամ» խորագրով գիրքը:

«Հազար ու մեջ գիշեր» գրքի պատկերները

 

«Քելիլե և Դեմնե»-ն համարվում է  աշխարհի գրական գլուխգործոցներից մեկը, որը թվագրվում է ավելի քան 2000 տարի առաջ: Քելիլեի և Դեմնեի գիրքը գիտելիքների և իմաստության հավաքածու է, որը վաղ անցյալում  իմաստուն մարդիկ հավաքել և թարգմանել են տարբեր լեզուներով և փոխանցել գալիք սերունդներին, որպեսզի մարդիկ կարդան և դասեր քաղեն դրա իմաստությունից և խորհուրդներից:

Այս ստեղծագործությունը ի սկզբանե պարսկերեն չի գրվել: Այն  գրվել է Բադիա անունով հնդիկ փիլիսոփայի կողմից և գրվելուց հետո նվիրվել է Հնդկաստանի թագավորին: Հետաքրքիր է իմանալ, որ այս պատմվածքը սկզբում գրվել է սանսկրիտ լեզվով և  Սասանյանների օրոք միջին պարսկերեն է թարգմանվել Նասրոլլահ Մոնշիի կողմից: Պահպանելով բնօրինակի  բովանդակությունն ու իմաստը՝ նա իր  ընթերցողին է ներկայացրել պարսկերեն լեզվին համապատասխանող նոր  ստեղծագործություն:

Քելիլեի և Դեմնեի պատմությունը  Սասանյանների օրոք մեծ աղմուկ բարձրացրեց   Իրանում, և  հաշվի առնելով այս ստեղծագործության  պահլավերեն թարգմանությունը, Շահի խնդրանքով, այն ժամանակվա հայտնի բանաստեղծ Ռուդաքին ընդունեց այդ ստեղծագործությունը չափածոյի վերածելու  առաքելությունը:

Ներկայումս Ռուդաքիի ընդհանուր տասներկու հազար երկտողերից  առկա է ընդամենը 129 երկտող, որը Սաիդ Նաֆիսիի  ջանքերի շնորհիվ հավաքվել է տարբեր աղբյուրներից ու  տարբեր հին գրքերից:

Քելիլեհ և Դեմնե գրքի  պարսկերեն թարգմանության հին օրինակը 

 

Ինչպես գրքի անունից է երևում, այն պարունակում է խրատական հեքիաթներ, անդրադառնում է Քելիլեհ և Դեմնե անուններով երկու շնագայլների արկածներին: «Քելիլե և Դեմնե» գրքի ամենամեծ առանձնահատկությունը կենդանիների միջև փոխկապակցված պատմություններն են, որոնք միասին մի համայնքում գտնվում են իրար կողքի, խոսում, երբեմն կռվում, երբեմն օգնում են միմյանց և նույնիսկ դավեր նյութում միմյանց դեմ: Պատմվածքի որոշ հատվածներում մենք տեսնում ենք դատարան, որտեղ կենդանիներ են հավաքվում ՝ արդարություն պահանջելու  համար: Ընդհանրապես, այն ամենը, ինչ գոյություն ունի մարդկային հասարակության մեջ, գոյություն ունի  Քելիլե և Դեմնե գրքում, բայց այլ տեսքով և ավելի տարբերվող արարածների մասնակցությամբ: 

Իհարկե, հիշեք, որ «Քելիլե և Դեմնե»-ի արձակ օրինակի  ոչ բոլոր գլուխներն են  պատմում կենդանիների լեզվից,  շատ պատմություններում  հեղինակը  ուսուցանելն է նկատի ունեցել, և երբեմն պատմությունն ավարտում է տարբեր փոխաբերություններով և խորհրդանիշներով: 

«Քելիլե և Դեմնե»-ի ուսանելի պատմությունները ներառում են 10 գլուխ, որոնցից յուրաքանչյուրում կան հետաքրքիր և հուզիչ պատմություններ տարբեր իրադարձությունների վերաբերյալ: Այս գրքում տեղ գտած պատմությունների լավ հատկությունն այն է, որ դրանք կարճ են և սահուն: Որովհետև ընթերցողը հեղինակի ուղերձը հասկանում է մեկ անգամ կարդալով:

Քելիլե և Դեմնե գրքի արաբերեն  գրված օրինակը

 

Ասում են, կար-չկար մի  վաճառական  կար, ով պատրաստվում էր ճանապարհորդության մեկնել: Նա 300 կգ երկաթ ուներ,որը պահ տվեց իր ընկերոջն ու մեկնեց: Սակայն  ընկերը վաճառեց երկաթը և գումարը ծախսեց: Առևտրականը մի օր գնաց իր ընկերոջ մոտ իր պահ դրած երկաթը ստանալու համար, ընկերն ասաց.«Ես քո երկաթը պահել էի  տան պահեստում,  սակայն այնտեղ մի մուկ էր ապրում, որը մինչև իմ իմանալը, ամբողջ երկաթը կերել էր»: 

Վաճառականը պատասխանեց. «Դու ճիշտ ես: Մուկը երկաթ շատ է սիրում և նա իր ատամներով կարող է երկաթ ուտել»: Ընկերը շատ ուրախացավ և ենթադրեց, որ վաճառականը հավատացել է իր հորինած պատմութունը: Ապա ասաց.«Այս գիշեր մնա իմ տանը, եղիր իմ հյուրը»: Վաճառականն ասաց.«Վաղը նորից կգամ»: Վաճառակը դուրս եկավ ընկերոջ տնից և փողոցում  իր հետ վերցրեց ընկերոջ որդուն և թաքցրեց նրան: Շատ փնտրեցին տղային, բայց այդպես էլ չգտան: Քաղաքում հայտարարեցին որ փնտրեն տղային:

Վաճառականն ասաց. «Ես տեսա, թե ինչպես է արծիվը մի  երեխա  տանում: Ընկերը  գոռաց ասելով՝ դա սուտ է և անհնար: Արծիվն ինչպես է կարող մի երեխայի բարձրացնել ու իր հետ տանել: Վաճառականը ծիծաղեց ու ասաց.«Մի քաղաքում, որ մուկը կարողանա 300 կգ երկաթ ուտել, արծիվը չի կարո՞ղ 20 կիլոգրամանոց երեխային իր հետ տանել: Երեխայի հայրը  գլխի ընկավ, թե ինչ նկատի ունի վաճառականը: Ուստի նա վաճառականին ասաց. «Տղայիս վերադարձրու և  քո երկաթն ստացիր»: Իրոք, չկա ավելի վատ բան, քան խոսքում բարի և առատաձեռն, իսկ գործում  ամոթահար ու գլխիկոր լինելը: 

 

Հնդկական, իրանական և իսլամական  հասարակությունների քաղաքակրթությունների պատմության մեջ «Քելիլե և Դեմնե»-ն տարբեր առումներով  մեծ նշանակություն է ունեցել: Այս գիրքը լավապես  արտացոլում է ավանդական հասարակության մեջ մարդու և հասարակության նկատմամբ հայեցողությունը: Այս գիրքը բազմաթիվ շերտեր ունի՝ արևելյան տարբեր մշակույթների հետ միաձուլման բերումով: Այս գրքում կարելի է տեսնել և ուսումնասիրել հնդկական, Իրանական և արաբական երեք մեծ քաղաքակրթությունների դերը: «Քելիլե և Դեմնե»-ի  պատմությունների մեծ մասը այլաբանական են և կենդանիների լեզվով: Հավանաբար, կենդանիների կերպարների օգտագործման հիմնական պատճառը դրա քաղաքական բովանդակությունն է: Այս կերպարները հնարավորություն են տվել  հեղինակին արտահայտել հարցեր, որոնց ձևավորումը մարդկային կերպարների տեսքով կարող էր խնդիրներ առաջացնել: «Քելիլե և Դեմնե» ստեղծագործությունն իր գեղարվեստական-ուսուցողական բացառիկ հատկանիշների շնորհիվ,  հայտնի դարձավ ոչ միայն իրանական, այլև համաշխարհային գրականության պատմության մեջ:

«Քելիլե և Դեմնե»-ի խրատական հեքիաթները պատմում են առօրյայի մասին և երբեք չեն հնանում: Մարդիկ գրքի յուրաքանչյուր էջը կարդալով կարող են նոր փորձ ձեռք բերել իրենց կյանքի համար: 

Այս արժեքավոր գրքի մի  փոքրիկ հատվածով կավարտենք մեր այսօրվա հաղորդումը: 

 

Մի օր մի շուն անցնում էր քնած առյուծի մոտով: Երբ շունը առյուծին քնած տեսավ, պարան բերեց և առյուծին ամուր կապեց ծառին: Երբ առյուծն արթնացավ, նա հասկացավ իր գլխին եկածը, փորձեց պարանն արձակել, բայց  չկարողացավ: Նույն ժամին էշն անցնում էր կողքով: Առյուծը դիմեց էշին և ասաց. «Այ Էշ եթե ինձ ազատես այս կապանքից, ես քեզ կտամ անտառի կեսը»: Էշը սկզբում տատանվեց, ապա պարանն արձակեց:
Երբ առյուծն ազատ արձակվեց և իր վրայից թափ տվեց փոշին էշին ասաց.«Ես քեզ չեմ տա անտառի կեսը»: 
Էշը զարմացած ասաց. «Բայց դու խոստացել ես»:

Առյուծն ասաց.«Ես քեզ կտամ ամբողջ անտառը: Որովհետև այն անտառը, որտեղ շները կապում են առյուծին և էշերը փրկում նրան, այլևս  ապրելու տեղ չէ»: