Ընտելանանք (45)
Լավ կյանքի համար կարևոր են թե ֆիզիկական թե հոգեկան առողջությունը: Եվ երբեմն ցանկալի կյանքին հասնելու համար մենք պետք է փոխենք մեր ապրելակերպը: «Ընտելանանք» հաղորդաշարի շրջանակներում փորձում ենք միասին մեր վատ սովորությունները փոխարինել լավերով: Սակայն պետք է նշել, որ ծրագրի ընթացքում ներկայացված առաջարկներն ընդհանուր են և կարող են հարմար չլինել բոլորի համար: Անհրաժեշտության դեպքում դիմեք ձեր բժշկին կամ խորհրդատուին, որպեսզի որոշ փոփոխություններ մտցնեք ձեր ապրելակերպում:

Ողջույն, սիրելի ունկնդիրներ, նախորդ ծրագրում խոսեցինք ստեղծագործական հմտությունների ձեռքբերման մասին: Այս և առաջիկա մի քանի հաղորդումների ընթացքում կանդրադառնանք ընտանիքում, հասարակության մեջ, աշխատավայրում, ընկերների ու հարևանների շրջանում դրսևորվող սոցիալական վարքին:
Սոցիալական վարքը կամ էթիկետը վարվելակերպի կանոնների ամբողջություն է, որոնք օգնում են մեզ ավելի հարգալից լինել ուրիշների հետ հարաբերություններում: Դրանք մեծացնում են սոցիալական հարաբերությունների հաստատման ու պահպանման հաջողությունը: Էթիկետի կանոնները ֆիքսված չեն և տարբեր մշակույթներում տարբեր են: Բացի այդ, դրանք ժամանակի հետ փոփոխվում են: Հետևաբար էթիկետի կանոններին համապատասխնելու համար մենք պետք է ավելի տեղեկացված լինենք և թարմացնենք այդ կապակցությամբ մեր գիտելիքները:
Էթիկետի կանոնների պահպանումը կարևոր է, քանի որ դա մարդուն դարձնում է քաղաքակիրթ: Նման մարդիկ ամենուր իրենց հետքն են թողնում: Էթիկայի կաննոները մեզ սովորեցնում են ճիշտ խոսել, քայլել, և ամենակարևորը՝ դրսևորել մեզ հասարակության մեջ: Որպեսզի մենք հենց առաջին հանդիպումից տպավորություն թողնենք մարդկանց վրա, պետք է պահպանենք սոցիալական էթիկետի կանոնները: Իրականում մեր վերադասի, ծնողների, գործընկերների և ընկերների հետ մեր շփվելու ձևը մեր անհատականության և դաստիարակության արտահայտությունն է: Երբ դուք առաջին հանդիպման ժամանակ ջերմ եք, անկեղծ ժպիտով և սեղմում եք դիմացինի ձեռքը, դա դրական ազդեցություն է ունենում:
Սոցիալական էթիկետի կանոնների պահպանումը հասարակության շրջանում հարգանք է առաջացնում: Որովհետև ոչ մեկին դուր չի գա զրուցել մեկի հետ, ով բարձր է խոսում, և չի հարգում հասարակական վարքի ու խոսելու կանոնները: Էթիկետը բացի ուրիշների մոտ հարգանք առաջացնելուց, մարդուն օգնում է դառնալ ավելի պատասխանատու և հասուն և գնահատել իր հարաբերությունները: Աշխատավայրում էթիկետի կանոնների պահպանումը հնարավորություն կտա առաջ գնալ:
Էթիկետի կանոնները պահպանելու մյուս առավելությունը կայանում է նրանում, որ մարդն իրեն բավարարված ու երջանիկ է զգում: Քաղաքակիրթ մարդիկ սովորաբար արագ աչքի են ընկնում ամբոխի մեջ և իրենց վրա գրավում մարդկանց ուշադրությունը: Էթիկետի կանոններին հետևելը նաև անձնական անվտանգության զգացողություն է առաջացնում տարբեր իրավիճակներում: Երեխաները վաղ տարիքից սովորում են հաղորդակցման հմտությունները և կանոնները, որոնք նրանց օգտակար են լինելու դպրոցում, համալսարանում և նույնիսկ աշխատավայրում։
Ինչպես արդեն ասացինք հաղորդման սկզբում, սոցիալական էթիկետը կապված է վարքագծային տարբեր ոլորտների հետ և ներառում է լայն շրջանակ: Էթիկետի կանոններին հետևելը կարող է ազդել մարդու հաղորդակցման հմտությունների վրա և զգալիորեն բարելավել նրա հարաբերությունները:

Ոլորտներից մեկը, որտեղ էթիկետը շատ կարևոր է, սոցիալական միջավայրն է, որովհետև տարբեր խմբերում մարդու հաղորդակցվելու հմտությունը, վերաբերմունքը և վարքագիծն արտացոլում են նրա անհատականությունը: Եթե նման հանդիպումների ժամանակ էթիկետի կանոնները չպահպանվեն, մարդը կկորցնի ուրիշների հետ շփվելու հնարավորությունը: Իսկ էթիկետի կանոնները պահպանելն օգնում է ավելի հետաքրիքր լինել ուրիշների համար:
Հասարակական վայրերում բարձր չխոսելը էթիկետի կանոններից է: Կարևոր է նաև հասարակական վայրերում խուսափել ուրիշներին զիլ-զիլ նայելուց: Կան նաև մարդիկ, ովքեր սովորություն ունեն թքել հասարակական վայրերում, ինչը հակասում է էթիկետի կանոններին: Մարդը պետք է ուսումնասիրի քաղաքացիական իրավունքը, չոտնահարի ուրիշների իրավունքը և մտածի, թե այդպիսով նա խելացի մարդ է դառնում: Հարկավոր է մարդկանց հետ շփումներում պահպանել հանգստություն: Հակառակ դեպքում մարդիկ կմտածեն, որ դուք անհանգիստ մարդ եք ինչը նրանց մոտ կարող է անհարմարություն առաջացնել: Չի կարելի նաև անձնական հարցեր տալ մարդկանց հետ զրույցի բռնվելու համար: Եթե ժամադրված եք, տեղում եղեք ճիշտ ժամանակին: Սոցիալական հաղորդակցության մեջ ընդունված չեն ուշ գալը և շուտ հեռանալը:
Նախորդ թողարկման ընթացքում խոսեցինք նաև համացանցում սոցիալական վարվելակերպի մասին: Այս թողարկման ընթացքում կսահմանափակվենք այդ թեմայի մասին մի քանի կետի անդրադառնալով:
Որոշ մարդիկ համացանցին լուրջ չեն վերաբերվում և չեն վերահսկում իրենց վարքն այնտեղ: Գուցե պատճառն այն է, որ մարդիկ համացանցում երբեմն անանուն են և նրանց քչերն են ճանաչում: Դա մարդկանց հնարավորություն է տալիս ուրիշների հետ վարվելակերպում չհարգել նորմերը: Ցանկացած գործիք կիրառելիս պետք է ծանոթանալ դրա կիրառման ձևին: Համացանցում շփումը տարբերվում է կենդանի շփումից: Եվ կարևոր է հետևել մի շարք կանոնների:
Նախ չի կարելի առաջին ծանոթության ժամանակ մարդուն դիմել «դու»-ով: Սեռական թեմաներով կատակները նույնպես ընդունելի չեն, քանի որ դրանք կարող են դուր չգալ դիմացինին: Առանց օգտատիրոջ թույլտվության նրան որևէ խմբում ավելացնելու դեպքում դուք խախտում եք սոցիալական հարաբերությունների սկզբունքներից մեկը: Բացի այդ չի կարելի նաև օրվա ընթացքում չափից դուրս մեծ ծավալով ինֆորմացիայով ծանրաբեռնել ուրիշներին: Նախքան որևէ բանի մասին խոսելը անհրաժետ է այդ կապակցությամբ բավարար ինֆորմացիա ստանալ: Ինչ-որ նյութ տեղադրելուց առաջ մտածեք որ չնպաստեք կեղծ տեղեկատվության տարածմանը, քանի որ դա կարող է լուրջ վնաս հասցնել մարդկանց կյանքին:
Սնվելիս էթիկայի կանոնների պահպանումը նույնպես շատ կարևոր է մարդու համար: Շատերին կարող է թվալ, որ ուտելու ձևը կարևոր չէ մարդկանց մոտ տպավորություն թողնելու համար: Սակայն ուտելիս նույնպես կան որոշ կանոններ, որոնց պետք է ուշադրություն դարձնել:
Սնունդը կտրելու համար օգտագործեք դանակ և մի արեք դա ձեր ձեռքերով։ Լիքը բերանով ուրիշների հետ խոսել չի կարելի: Պետք է ուտել դանդաղ, իսկ հյութը չի կարելի խմել միանգամից: Ուրիշների ներկայությամբ չի կարելի օգտագործել ատամի փայտիկ: Երեկույթների ժամանակ անհրաժեշտ է նախ հյուրասիրել ծերերին ու կանանց:

Վարվելակարգի կանոնների մեջ է մտոնւմ նաև որևէ տեղ հրավիրված լինելու դեպքում թեկուզ փոքրիկ նվեր գնելը: Եթե խմբով ինչ որ տեղ եք գնացել, վճարեք ձեր բաժինը: Եթե հյուրերի հետ նստած եք մի սեղանի շուրջ, սպասեք մինչև բոլորին հյուրասիրեն և տանտերը սկսի ուտել:
Շատ կարևոր է նաև ճիշտ ներկայանալ տարբեր իրավիճակներում: Ձեր հագուստը կարող է ձեր մասին շատ բան ասել: Սակայն պարտադիր չէ, որ այն անպայման շատ թանկ արժենա: Հետևելով մի շարք կանոնների, կարող եք լավագույնս ներկայանալ նաև ձեր ունեցած հագուստով: Ավելի կարևոր է, որ հագուստը հարմար լինի ու սազի ձեզ, քան որ այն նորաձև լինի:
Շնորհակալություն հայտնելը և ուրիշներին գնահատելը սոցիալական վարվելակարգի հիմնական կանոններ են, որոնք ընդունված են եղել և պահպանվել հասարակության մեջ շատ երկար ժամանակ: Այդ կանոններից է նաև շփման ժամանակ ինքնատիրապետումը պահպանելը և գռեհկությունիզ զերծ մնալը: Շատ կարևոր է ուշադրություն դարձնել ձեր վարքին, եթե խմբի մեջ եք: Քանի որ անքաղաքավարությունն ընդունելի չէ: Չի կարելի նաև գոռոզաբար խոսել սեփական ունեցվածքի ու ձեռքբերումների մասին: Ձեր արարքները խոսում են ձեր մասին և կարիք չկա դրանց մասին գոռալու:
Շփվելիս աշխատեք ավելի շատ լսել, քան խոսել: Քանի որ այդ դեպքում նոր բաներ կսովորեք: Մարդկանց ընդհատելը հակասոցիալական վարքագիծ է: Երբ խմբում որևէ մեկը խոսում է, համբերատար լսեք նրան մինչև վերջ:
Եվ վերջապես խոսքը շատ կարևոր է և կարող է նպաստել թե հարաբերություններ հաստատելուն, թե դրանք խզելուն: Փորձեք խոսելիս լինել նրբանկատ և ուշադիր: Խոսելիս պահպանեք տեսողական կապը, քանի որ դա զրուցակիցների մեջ փոխըմըռնում և վստահություն է առաջացնում:
Կարևոր է նաև ծանոթանալիս մեկնել ձեռքը և ողջունել դիմացինին: Ծանոթանալիս ոտքի կանգնելը նույնպես մարդու նկատմամբ հարգանքի դրսևորում է:
