Գեղարվեստական հաղորդում
Բարի երեկո հարգարժան բարեկամներ։ Ներկայացնում ենք գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում կանդրադառնանք անցած շաբաթ մշակույթի և արվեստի ոլորտում տեղի ունեցած կարևորագույն իրադարձություններին։Հաղորդման շրջանակում լինելու են ռեպորտաժներ,որոնք ներկայացնելու է մեր գործընկերը։ Ընկերակցեք մեզ:
Լույս է տեսել Իրանի հռչակավոր քնարերգու Հաֆեզի գազելների ու քառյակների հայերեն ժողովածուն։ Սա բնագրից առաջին ամբողջական թարգմանությունն է՝ Հայաստանում բնակվող իրանահայ լրագրող թարգմանիչ Ժորժ Աբրահամյանի թարգմանությամբ։
«Հաֆեզը իրանական պոեզիայի համաշխարհային մեծության գագաթներից է, որը մեծ ժողովրդականություն է վայելում Իրանում։ Չկա տուն, որ չունենա Հաֆեզի ժողովածուն։ Ղուրանի կողքին միշտ Հաֆեզ կա», –– ասում է Ժորժ Աբրահամյանը։
Թարգմանիչն ասում է, Հաֆեզն իրանական մշակույթի խորհրդանիշն է։ Նա ծայրից ծայր անգիր գիտեր Ղուրանը՝ 14 մեկաբանություններով։ Բնական է, որ իր գազելները պիտի ազդեցություն կրեին Ղուրանից։ Թարգմանչի կարծիքով Հաֆեզի գազելները իրանական ու իսլամական մշակույթի արտացոլանքն է։
«Հաֆեզը, ի տարբերություն այլ պոետների, ոչ միայն սիրային ու միստիկ քնարերգու է այլ նրան կարդալով կարելի է հասկանալ իր ժամանակաշրջանի պատմա-քաղաքական իրավիճակը, նա նաև համամարդկային հարցերից է խոսել․ մարդասիրական, սոցիալ- հասարակական խնդիրներից»։
Ժորժ Աբրահամյանը նշում է, որ Հաֆեզը հայտնի է, որպես ծույլ բանաստեղծ, նա չէր սիրում շատախոսել, տարեկան ընդամենը տասը գազել է գրել։ Հիսուն տարվա ընթացքում՝ 500 գազել և շուրջ 40 քառյակ, դա է իր ողջ ստեղծագործական ժառանգությունը։ Արևելյան համ ու հոտը մեր պոեզիայում նկատելի է, ասում է Ժորժ Աբրահամյանը, հիշատակելով Սայաթ-Նովային, ասում է՝ քանի որ պարսկերեն է իմացել ենթադրվում է, որ ազդեցություն ունեցել է Հաֆեզից։
«Գազել» առաջին անգամ հենց Սայաթ-Նովան է գրել, հետագայում այդ ազդեցությունները կրել են նաև Չարենցը, Շիրազը։ Թարգմանիչը նշում է, որ Իրանական մշակույթի հետ ընդհանրությունը շատ է ու բազմաբովանդակ․ բառարմատներ, լեզվամտածողություն, այդ պատճառով Հաֆեզ թարգմանելն իրեն հեշտ է տրվել։ Հենց հայերենն է նրան պոեզիա թարգմանելու հնարավորություն տվել։
Թարգմանիչը նույնիսկ մի շարք նոր բառեր է ստեղծել։ «Կարծում եմ և՛ պարսկերենը, և՛ հայերենը շատ մեծ հնարավորություն ունեն բառաստեղծման, նոր բառեր ստեղծելու, թարգմանության ընթացքում ես ավելի սիրահարվեցի հայերենին»։
Պոեզիան պարսիկ ժողովրդի առօրյայի անբաժանելի մասն է, նրանք կարող են ժամեր շարունակ իրենց դասական պոետներին ասմունքել։ Տաքսու վարորդ կամ պատահական անցորդ անգիր գիտի իրենց պոեզիան։ Իրանում տարածված է նաև Հաֆեզի պոեզիայով գուշակությունը, որն ընդունված է ձմեռամուտի կամ ՝ Նոռուզի, իրանական Նոր տարվա ժամանակ։
«Զանգակ» հրատարակչության Հաֆեզի գազելների ու քառյակների ժողովածույին Ժորժ Աբրահամյանի թարգմանությամբ հաջորդելու է Ռումիի ու Սաադիի բանաստեղծությունների ժողովածուները։

Շուշթարի ջրային կառույցները, որպես աշխարհի տեխնիկական և ինժեներական գլուխգործոցներից մեկը, գտնվում են Իրանի հարավում՝ Խուզեստան նահանգում:
Շուշթարի ջրային կառույցները մի շարք կամուրջներով, ջրվեժներով, ջրանցքներով և թունելներով ստեղծել են յուրահատուկ գեղեցկություն և ճարտարագիտություն, որոնք հիացմունք են առաջացրել իրանցի և օտարերկրյա զբոսաշրջիկների մոտ։
Շուշթար պատմական քաղաքը Խուզեստան նահանգ (Իրանի հարավ) մեկնող զբոսաշրջիկների կարևոր ուղղություններից է, և ջրային կառույցները համարվում են այս պատմական քաղաքի ամենաարժեքավոր և զբոսաշրջային գրավչությունը։
Այս զարմանահրաշ, հնագույն և զբոսաշրջային համալիրը պատկանում է Սասանյան ժամանակաշրջանին և գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։

Իրանն ավելի քան 85 տարի անց ամերիկացիներից վերցրել է Աքեմենյան դարաշրջանի (մ.թ.ա. 550-330 թթ.) 3506 կավե սալիկները: Տեղեկացնում է IRNA գործակալությունն, այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Էբրահիմ Ռայիսին։
Իրանի նախագահը կավե սալիկների վերադարձի մասին հայտարարել էր դեռ 2023 թ․ սեպտեմբերին, երբ ավարտել էր իր եռօրյա ուղևորությունը Նյու Յորք, ուր նա մեկնել էր Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանին մասնակցելու։
Ռայիսին նշել է, որ Մշակութային ժառանգության, արհեստների ու զբոսաշրջության նախարարության և Արտաքին գործերի նախարարության հետագա գործողությունները հանգեցրին իրանական ժառանգության վերադարձին:
«Մենք երկիր ենք hետ բերել 3506 կավե սալիկ, մնացածը շուտով կվերադարձնենք», - ասել է Իրանի նախագահը։
2019 թ. Իրանը ԱՄՆ-ից պահանջել էր վերադարձնել Աքեմենյան ժամանակաշրջանի 30 հազար սալիկներից բաղկացած «անօրինականորեն պահվող հավաքածուն»։ Դրանք Չիկագոյի համալսարանի Արևելագիտության ինստիտուտի հնագետների կողմից 1933 թ. հայտնաբերվել են Պերսեպոլիսում (Իրանի Ֆարսի նահանգ) պեղումների ժամանակ, որոնք անցկացվել են իրանցի հետազոտողների հետ համատեղ։ Այս և մյուս կավե սալիկներն ուսումնասիրության համար 1935 թ. փոխանցվել էին Չիկագոյի համալսարանի Արևելագիտության ինստիտուտին: Իրանի իշխանությունների տվյալներով՝ ամերիկացիները 1948 թ. վերադարձրել են դրանցից 150-ը, իսկ 2001 թ.՝ ևս 200-ը, սակայն ցուցանմուշների մեծ մասը մնում է ԱՄՆ-ում։
2023 թ․ օգոստոսին Իրանի մշակութային ժառանգության պահպանության փոխնախարարը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները պատրաստվում է մի քանի ամսվա ընթացքում վերադարձնել Աքեմենյան դարաշրջանի ավելի քան 20 հազար կավե սալիկներ: Դրանք տեղեկատվության կարևոր աղբյուրներ են, որոնք բացահայտում են մ.թ.ա. 5-րդ դարում տնտեսական, սոցիալական և կրոնական տվյալներ Աքեմենյան կայսրության և Մերձավոր Արևելքի տարածաշրջանի մասին:

«Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական և պատանեկան գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ հունվարի վաճառքի տվյալների:
Ինգա Մովսիսյանի «Բվիկ Բուուի արկածները» առաջին տեղում է։ Բվիկ Բուուի արկածները պատմվածքների ժողովածուն նախատեսված է 3-8 տարեկան երեխաների համար։ Գրքում արծարծվում են այնպիսի սոցիալական արժեքներ, ինչպիսիք են ընկերությունը, բարությունը, համակեցությունը և բնության մասին հոգ տանելու կարևորությունը։
Երկրորդ տեղում է «Բոքոնիկը» գիրքը: Բոքոնիկի մասին հեքիաթը հանդիպում է ռուսական և ուկրաինական բանահյուսություններում, ինչպես նաև ունի իր նմանակները շատ ժողովուրդների մոտ: Սյուժեն հանդիպում է նաև սկանդինավյան, գերմանական, ուզբեկական, թաթարական և այլ հեքիաթներում:
Երրորդ տեղում է «Շունն ու կատուն» գիրքը։ Այս հեքիաթի սյուժեի մասին կարելի է ընդհանրապես չխոսել, քանի որ այն ծանոթ է յուրաքանչյուր փոքրիկի: Թումանյանական այս հեքիաթը սիրված է շատերի կողմից:
Չորրորդ տեղում է Հովհաննես Թումանյանի «Փիսիկի գանգատը» ստեղծագործությունը: Հայտնի գործն այս անգամ ներկայացվում է ինքնատիպ պատկերազարդումների միջոցով:
Բոդո Շեֆերի «Մանի անունով շունը» հինգերորդ տեղում է։ «Մանի անունով շունը» գիրքը գերմանացի հանրահայտ ֆինանսիստ և քոուչ Բոդո Շեֆերի լավագույն ստեղծագործություններից է՝ նախատեսված հատուկ երեխաների և պատանիների համար:
«Անբան Հուռին» վեցերորդ հորիզոնականում է։ Թումանյանական այս հեքիաթը սիրված է շատերի կողմից։
Հովհաննես Արամյանցի «Անտառի գիրքը» յոթերորդ տեղում է։ «Անտառի գիրքը» հայ ժամանակակից հեղինակ Հովհաննես Արամյանցի առաջին ստեղծագործությունն է՝ նախատեսված բոլոր հետաքրքրասեր փոքրիկների և պատանիների համար։
Գիրքը պատմում է խորամանկ փոքրիկ աղվեսիկի և խելացի մանչուկի ծանոթության մասին և բացահայտում մի շարք զարմանահրաշ պատմություններ Խոսրովի անտառի գազանիկների մասին։ Այն սովորեցնում է, թե ինչ է ընկերությունը, թե ինչպես գնահատել և լինել շնորհակալ, ինչպես երազել և պայքարել մեր երազանքներին հասնելու համար։
Ութերորդ տեղում է Հովհաննես Թումանյանի «Չարի վերջը» բալլադը: Բալլադը պատմում է մի խորամանկ աղվեսի և միամիտ կկվի մասին. վերջինս հավատում է աղվեսի ստին և զոհաբերում իր ձագերին, որպեսզի աղվեսը չքանդի նրա բույնը: Սակայն խելացի ագռավը խորհուրդ է տալիս մի լավ դաս տալ աղվեսին: Երբ աղվեսը նորից գալիս է, կկուն քշում է նրան:
Իններորդ տեղում է Գրիգոր Քեշիշյանի «Երկնքում շատ աստղեր կան» պատմվածքների ժողովածուն։ Վերջինիս մեջ ներառվել են գաղափարներ ընտանեկան ջերմության, սիրո, փոխըմբռնման և նվիրվածության, ծնող-երեխա բազմաշերտ փոխհարաբերությունների, ընտանիքում տիրող խաղաղ և ջերմ մթնոլորտի կարևորության մասին։
Տասներորդ տեղում է Ալիս Բրիեռ-Հաքետի «Պետրոսիկը և Լուսինը» …Պետրոսիկը փոքրիկ տղա է, ով շատ է ցանկանում նվիրել իր մայրիկին նվերներից ամենագեղեցիկը՝ Լուսինը:Այո՛, բայց Լուսինը շատ բարձր է:Պետրոսիկը բոլորից օգնություն է խնդրում. յուրաքանչյուրին խոստանում է Լուսնից մի փոքրիկ կտոր… Բայց այն կբավականացնի՞ բոլոր մարդկանց: