Շաբաթվա ամփոփում
Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Ամփոփելով շաբաթը անդրադառնալու ենք Միջին Ասիայի և Կովկասի անցած շաբաթվա կարևորագույն իրադարձություններին,որոնց խորագրերը ներկայացրեցինք Ձեր ուշադրությանը։ Ընկերակցեք մեզ։
Այն պայմաններում,երբ կովկասյան տարածաշրջանում արտաքին միջամտության հետևանքով խառնաշփոթ իրավիճակ է տիրում, Իրանը իր պատրաստակամությունն է հայտնել երաշխավորելու այս զգայուն տարածաշրջանի ռազմավարական անվտանգությունը։
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին, ողջունելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունները և իր աջակցությունը հայտնելով այդ բանակցություններին, ընդգծել է Իրանի Իսլամական Հանրապետության կամքն ու պատրաստակամությունը՝ երաշխավորելու կովկասյան տարածաշրջանի ռազմավարական անվտանգությունը, իհարկե հաշվի առնելով Իրանի կարմիր գծերը։
Նախագահ Ռայիսին Հայաստանի փոխվարչապետ, ՀՀ և ԻԻՀ միջկառավարական տնտեսական համատեղ հանձնաժողովի համանախագահ Մհեր Գրիգորյանի և նրան ուղեկցող պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ասել է,-«Մենք համաձայն չենք խնդիրներ լուծելու պատրվակով տարածաշրջանում արտաքին ուժերի ներկայությանը, և կարծում ենք, որ նրանց ներկայությունը ոչ միայն որևէ խնդիր չի լուծելու, այլև այն կդառնա ավելի մեծ խնդիր տարածաշրջանի ժողովուրդների ու պետությունների համար»։
Անդրադառնալով Հարավային Կովկասում տիրող իրավիճակին՝ Ռայիսին ընդգծել է, որ Իրանը շատ կարևոր է համարում տարածաշրջանի կայունության և անվտանգության պահպանումը։Իսլամական Հանրապետության նախագահի հայտարարություններն արվել են այն դեպքում, երբ ադրբեջանական կողմի սպառնալիքները կովկասյան տարածաշրջանում ամեն օր ինչ-որ պատրվակով սաստկանում են։
ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը, ի պատասխան պաշտոնական Բաքվից հնչող մի շարք հայտարարություններին նշել է,- Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը Հայաստանի Հանրապետության ներքին գործն է, և որևէ արտաքին ուժ իրավունք չունի միջամտել մեր երկրի ներքին գործերին:
Նրա խոսքով, Ադրբեջանը պարբերաբար խախտում է այս պայմանավորվածությունները` շարունակելով ագրեսիվ հռետորաբանությունը, ուժի և ուժի սպառնալիքի կիրառումը, ինչը նույնպես հակասում է միջազգային հարթակներում ձեռք բերված գրավոր պայմանավորվածություններին:
Այս ամենը ցույց է տալիս, որ Ադրբեջանը շարունակում է տարածաշրջանում թշնամության խորացման ռազմավարությունը, ինչն ապակայունացման շարունակական սպառնալիք է» – գրել է Բաղդասարյանը։
Փաստորեն Իլհամ Ալիևի կառավարության վերջին սպառնալիքները, որոնք օտարերկրյա որոշ կառավարությունների աջակցությամբ օրեցօր ավելի սաստկանում են, բոլորը վկայում են այն մասին, որ Բաքվի իշխանությունները ոչ միայն չեն ձգտում ստորագրել ղարաբաղյան խաղաղության վերջնական համաձայնագիրը, այլև կրկնակի ջանքեր են գործադրում որպեսզի ներգրավվելով օտարների արկածախնդրություններում կովկասյան տարածաշրջանում խառնաշփոթ իրավիճակ ստեղծել։
Ակնհայտ է, որ այս պայմանները կարող են լարվածություն և ռազմական հակամարտություններ տարածել կովկասյան տարածաշրջանում, և դրանից կտուժեն միայն տարածաշրջանի ժողովուրդներն ու անկախ երկրները, այսինքն՝ Ռուսաստանն ու Իրանը։
Այս իրավիճակում Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը հայտնել է Հարավային Կովկասի տարածաշրջանում պատերազմն ու հակամարտությունը կանխելու Թեհրանի պատրաստակամությունը և ընդգծել, որ թույլ չի տա, որ փոխվի տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը։
Թվում է, թե Իլհամ Ալիևի կառավարությունը, չնայած Իրանի հետ բարեկամության պնդմանը և Թեհրանի աջակցությունը ստանալու փորձին, տարածաշրջանից դուրս որոշ պետությունների ծրագրերն իրականացնելու համար, կեղծ պատրվակներով փորձում է օրակարգ մտցնել ղարաբաղյան երրորդ պատերազմը։
Արևմտյան պետությունների նպատակն է փակել Իրանի և Հայաստանի միջև սահմանը։ Եթե օտարներն այս ոլորտում հաջողության հասնեն, Հայաստանը կկորցնի իր անկախությունը և աստիճանաբար կկործանվի։
Իսկ Իրանը ևս կկորցնի դեպի Ռուսաստան և Եվրոպա տանող կարևոր և ռազմավարական ճանապարհը։ Այս գաղութային քաղաքականության իրականացման նպատակը տարածաշրջանում Իրանի վրա ավելի մեծ ճնշում գործադրելն է։
Ընդհանուր առմամբ, կասկած չկա, որ կովկասյան տարածաշրջանի երկրներին ուղղված Իրանի անվտանգության երաշխիքները կարելի է համարել այս տարածաշրջանում խաղաղության հաստատման կարեւոր ուղիներից մեկը։Հատկապես, որ Իրանը, լինելով պատերազմող կողմերի բարեկամը, միշտ ընդգծել է հարավկովկասյան տարածաշրջանի հանրապետությունների անկախությունն ու տարածքային ամբողջականությունը։
***
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մյունխենում հանդիպել է Իսրայելի ռեժիմի ղեկավար Իսհակ Հերցոգի հետ։
Մյունխենում Բաքվի և Թել Ավիվի ղեկավարների հանդիպմանը կողմերը քննարկել են տարբեր ոլորտներում Ադրբեջանի և Իսրայելի ռեժիմի միջև համագործակցության, այդ թվում՝ երկկողմ հանձնաժողովի գործունեության, ինչպես նաև տնտեսական, առևտրային, մշակութային և հումանիտար հարաբերությունների վերաբերյալ հարցեր:
Իսրայելի ռասիստական ռեժիմի հետ Իլհամ Ալիևի կառավարության հարաբերությունների դիտարկումը ցույց է տալիս, որ այդ հարաբերությունները շատ ավելին են, քան այն, ինչ արտացոլվում է լրատվամիջոցներում։
Մի քանի տարի առաջ Իլհամ Ալիևը խոստովանել էր, որ Իսրայելի հետ հարաբերությունները նման են այսբերգի, որի մի մասը ջրի վրա է, իսկ մնացածը՝ ջրի տակ։
Ադրբեջանի նախագահն այս մեկնաբանությամբ ցանկանում էր ընդգծել Բաքվի կառավարության և Իսրայելի միջև ամուր հարաբերությունները։
Չնայած այն հանգամանքին, որ Բաքվի կառավարության պաշտոնյաները մշտապես Իսրայելի հետ հարաբերությունների մասին որպես առավելություն են խոսում , և ենթադրում են, որ Սիոնիստական ռեժիմը ձգտել է Ադրբեջանի հետ համագործակցությանը՝ Ալիևի իշխանությանը սատարելու նպատակով, սակայն փաստերն այս մտքի հակառակն են ապացուցում։
Փաստն այն է, որ Սիոնիստական ռեժիմը Բաքվին նախապատրաստում է Իրանի հետ առավել սրված թշնամանքի, հատկապես Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո։
Փաստորեն, մոտենալով Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի կնքմանը, որի մասին հայտնել են երկու կողմերի, ինչպես նաև Ռուսաստանի, Եվրոպայի և ԱՄՆ-ի պաշտոնյաները, ավելի հաճախակի են դառնում տարբեր ձևերով Սիոնիստական ռեժիմի պաշտոնյաների այցերը Բաքու և հատկապես նրանց ներկայությունը Բաքվի կիբերպատերազմի կենտրոնում, որը վերջերս է բացվել Իսրայելի իշխանությունների կողմից:
Փաստորեն, թվում է, թե Սիոնիստական ռեժիմը Իլհամ Ալիեւի կառավարությանը նախապատրաստում է Իրանի դեմ ավելի բուռն թշնամանքի։
Այս համատեքստում հայ ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը անցյալ ամառվա վերջին ֆեյսբուքյան իր էջում պարզաբանել էր Իսրայելի հետ Իլհամ Ալիևի կառավարության վտանգավոր ռազմական համագործակցությունը։
Միևնույն ժամանակ այս հայտնի հայ փորձագետը հստակեցրել էր, որ Իսրայելը ակտիվորեն զինում է Ադրբեջանին։ Հատկապես վերջին մեկ ամսում Իսրայելից Ադրբեջան է ուղարկվել առնվազն երեք բեռնատար ինքնաթիռ։ Ինչը խոսում է այն մասին, որ սա տարածաշրջանում նոր ռազմական գործողությունների նախնական փուլ է։
Երկու կողմերի պաշտոնյաների այս փոխադարձ այցերը ցույց են տալիս, որ թեև Բաքվի կառավարությունը Իրանի հետ բարեկամության մասին է խոսում, այդուհանդերձ նա պատրաստ է, առանց ժամանակ կորցնելու, Իրանի դեմ իրականացնել մահմեդական ազգերի թշնամիների կողմից առաջադրված առաքելությունը։
Ամփոփելով այս ամենը, պետք է ասել, որ ընդհանուր առմամբ, Իլհամ Ալիևի կառավարության լայնածավալ հարաբերությունները Սիոնիստական ռեժիմի հետ ընդլայնվում են այն դեպքում, երբ Ադրբեջանի ժողովուրդը կտրականապես դեմ է այդ հարաբերություններին։
***
Վերջին շաբաթներին Եվրոպայի հետ Բաքվի պաշտոնյաների լեզվակռիվն այն աստիճանի էր, որ երկկողմ համագործակցության մի մասը կասեցվեց և երկու կողմերի հարաբերությունների հեռանկարը հայտնվեց «անորոշության» մեջ։
Ընդհանուր առմամբ, Բաքու-Բրյուսել հարաբերությունների ճգնաժամը լուրջ խնդիր է, որի վրա ազդում են երկու խումբ գործոններ՝ Բաքվի և եվրոպական երկրների կողմից։
Նախ՝ Եվրամիությունում և Եվրախորհրդարանում հայկական հզոր լոբբիի ճնշումն է, որի միջոցով հայերը ցանկանում են ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ իրագործելու խաղաղության ցանկալի վիճակն այնպես, որ լրջորեն իրականացվեն նաև Հայաստանի պահանջները։ Միևնույն ժամանակ, Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունները խորացնելու և այդ երկրին զենք վաճառելու և Ադրբեջանի դեմ Երևանի պաշտպանական ներուժն ամրապնդելու եվրոպական կառավարությունների ջանքերը զայրացրել են Բաքվի իշխանություններին։
Երկրորդը վերաբերում է Ադրբեջանի կառավարության ներքին և արտաքին մոտեցումներին ու գործողություններին, ինչը հարուցել է Եվրամիության երկրների, հատկապես Ֆրանսիայի, Գերմանիայի և Նիդեռլանդների դժգոհությունը, քանի որ այդ երկրները Բաքվի գործողությունները համարում են մարդու իրավունքների և նմանատիպ այլ հարցերի վերաբերյալ եվրոպական ընդունված չափանիշներին հակասող: Իհարկե, այս ընթացքում որոշ երկրներ, այդ թվում Ավստրիան և Հունգարիան լարվածություն չեն փնտրում Ադրբեջանի հետ երկկողմ հարաբերություններում։
Փաստն այն է, որ եվրոպական երկրները իրենց ազդեցության խորքն ու գոտին զարգացնելու հարցում «դժգոհ» են Հարավային Կովկասում առկա կարգերից ու հավասարումներից և այն չեն գնահատում իրենց արտաքին քաղաքականությանը համահունչ։
Ներկայումս Եվրոպան ձգտում է ձեռք բերել «մեծ խաղահրապարակ» և «առավելագույն դերակատարություն» տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ռազմական-անվտանգության և էներգետիկ բնագավառներում Հարավային Կովկասում, որն առանձնահատուկ տարածաշրջան է աշխարհաքաղաքական, աշխարհատնտեսական և աշխարհառազմավարական, ինչպես նաև տրանսպորտային ու տարանցիկ գծերի առումներով։ Այն «ազդեցիկ դեր» ունի նաև Եվրոպային էներգակիրների մատակարարման գործում, հատկապես ուկրաինական պատերազմից հետո։
Ընդհանուր առմամբ, հետզհետե սառում են Բաքվի հարաբերությունները եվրոպական կառավարությունների հետ եւ դրա համար լավ հեռանկար չի երևում։ Հետևաբար, վերջին ընդհարումները, բացի այն, որ «լուրջ մարտահրավերներ» առաջացրին Բաքվի հետ Արևմուտքի հարաբերություններում, դրդում են Եվրամիությանը ավելի շատ համագործակցել Երևանի հետ՝ Հայաստանից ավելի շատ օգուտներ քաղելու համար, նամանավանդ, որ վերջին մեկ տարում այդ երկրին հրավիրել են անդամակցելու եվրոպական ռազմական և տնտեսական կառույցներում։
Իհարկե, այստեղ մի կարևոր խնդիր կա։ Ադրբեջանը Եվրոպայի նավթի ու գազի կարևոր մատակարարներից է։ Երկկողմ հարաբերություններում ճգնաժամի սրումը կարող է «ստվերի տակ» դնել երկու կողմերի էներգետիկ փոխանակումները. ընդորում այն իրավիճակում, երբ Եվրոպայի պահանջարկը Ադրբեջանի էներգակիրների նկատմամբ դարձել է «ռազմավարական կարիք»՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի պատճառով։
Հետևաբար, քանի դեռ երկու կողմերի հարաբերություններում առկա է էներգետիկ բաղադրիչը, և Ադրբեջանը «ռազմավարական նշանակություն» ունի Եվրամիության էներգետիկ անկախության համար, Բաքու-Բրյուսել հարաբերություններում ճգնաժամը անտրամաբանական ընթացք չի ունենա և կշարունակի մնալ «վերահսկվող» մակարդակում։