Երեխաներն ու դեռահասները՝ վիրտուալ տարածքի շրջափակման մեջ(5.Ինքնության ճգնաժամ)
Այս թողարկման ընթացքում քննարկելու ենք վիրտուալ տարածքի դերը երեխաների և դեռահասների ինքնության ճգնաժամի առաջացման հարցում։
Բարև ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ։ Ներկայացնում ենք «Երեխաներն ու դեռահասները՝ վիրտուալ տարածքի շրջափակման մեջ» հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում կանդրադառնանք երեխաների և դեռահասների ինքնության ճգնաժամին,որը շար կարևոր հարց է։
Ինքնաճանաչման, կամ այլ խոսքով՝ մեր ինքնության ամբողջական ու խորը ըմբռնման շնորհիվ մենք կարող ենք լավապես կատարել մեր դերը հասարակության մեջ և մեր ինքնությանը համապատասխան քայլել մեր կյանքի ճանապարհով:
Ինքնությունը կամ ով լինելը տարբեր բնութագրերի ամբողջություն է, որը տարբերում է մարդկանց միմյանցից: Փաստորեն, մեր ինքնությունը ներառում է մեր համոզմունքներն ու վերաբերմունքը տարբեր թեմաների և խնդիրների վերաբերյալ, որոնց շնորհիվ ձևավորվում է մեր անհատականությունը, և ճանաչելով մեր ինքնությունն ու անհատականությունը՝ մենք կարող ենք որոշել և հետապնդել մեր կյանքի նպատակները:
Ընդհանրապես կարելի է մեկ նախադասությամբ ասել՝ յուրաքանչյուր անձի պատասխանները «Ո՞վ եմ ես» հարցին, արտահայտում են այդ անձի ինքնությունը։
Ամենաակնառու հակասություններից մեկը, որը կարող է ծագել ցանկացած մարդու կյանքում, ինքնության ճգնաժամն է: Ինքնության ճգնաժամի դեպքում մարդը շփոթված է իր ով լինելու հարցում և չգիտի, թե հասարակության մեջ ինչպիսի դիրք ունի:
Իր բազմաչափության պատճառով ինքնության ճգնաժամը կարող է վտանգել մարդու կյանքի տարբեր հատվածներ, այդ թվում՝ կենսաբանական, հոգեբանական, սոցիալական և մշակութային: Շատ դեպքերում ինքնության ճգնաժամը տեղի է ունենում դեռահասության կամ հասունացման շրջանում: Ժամանակաշրջան, որում տեղի է ունենում մարդու հոգեբանական և սոցիալական աճը։
Ինքնության ճգնաժամով տառապող մարդու ախտանիշներից մեկը տանջվելն է։ Այդպիսի մարդը շփոթված է զգում ընտանիքում և հասարակության մեջ իր դերակատարության հարցում: Ինքնության ճգնաժամ ունեցող մարդը, թեև գիտակցում է որոշում կայացնելու կարևորությունը,սակայն անկարողության պատճառով կասկածներ ունի իր նպատակներին հասնելու հարցում: Ձախողելու ճնշումը կրելով՝ նա ճնշում է զգում իր ընտանիքի և հասարակության կողմից։ Այս կերպ ինքնության ճգնաժամում մարդը հեռանում է առաջընթացից և հայտնվում է կոնֆլիկտի, երկակիության և առաջընթացի բացակայության ճանապարհին։
Տեղին է իմանալ, որ ինքնության ճգնաժամը հիմք է հանդիսանում բացասական և հակասոցիալական վարքագծի ձևավորման, հանցագործությունների կատարման, թմրամիջոցների չարաշահման, նպատակներին չվստահելու և հասարակության մեջ ներգրավվելուց խուսափելու համար:
Այժմ, երբ արդեն գիտենք թե ինչ է ինքությունը և ծանոթացել ենք ինքնության ճգնաժամին, դրա ախտանիշներին ու հետևանքներին, երաժշտական կարճ դադարից հետո կփորձենք ուսումնասիրել վիրտուալ տարածքի օգտագործման ազդեցությունը և ինքնության ճգնաժամի ստեղծումը երեխաների և դեռահասների մոտ։ Շարունակեք մնալ մեզ հետ։
․․․․․
Վիրտուալ տարածքը և սոցիալական ցանցերը մեծ ազդեցություն ունեն ինքնություն գտնելու կամ մարդկանց մեջ ինքնության ճգնաժամ ստեղծելու հարցում։ Այս խնդիրը շատ ավելի ընդգծված է երեխաների և դեռահասների տարիքային խմբում, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է, որ ծնողները լիովին գիտակցեն այս խնդիրը և կառավարեն իրենց երեխաներին այս ոլորտում։
Ինտերնետի ոչ պատշաճ օգտագործումը անհատականության և մշակութային կոնֆլիկտների պատճառ է դառնում: Երեխաները և դեռահասները, հատկապես հասունության շրջանում, որը նրանց ինքնության ձևավորման փուլն է, և նրանք միշտ ձգտում են արժեքներ բացահայտել և ներքինացնել դրանք, բախվում են ինտերնետին և զարմանալի ու բազմազան տեղեկատվության հոսքին և իրենց ինքնությունը որոնում այդ վիրտուալ աշխարհում: Արդյունքում, որոշ և, հավանաբար, մեծ թվով երեխաներ ու դեռահասներ կարող են կորցնել իրենց ճանապարհն ինտերնետում և իրենց ինքնությունը գտնելու շրջանն անցկացնել ճգնաժամի մեջ:
Վիրտուալ տարածքը թույլ է տալիս մարդկանց իրենց անհատականությունից ստեղծել նոր կերպարներ նոր աշխարհներում: Օրինակ՝ երեխան կամ դեռահասը սոցիալական ցանցերում և կիբերտարածքում ներկայանում է այնպես, որ չի համապատասխանում իրականությանը։ Հետևաբար, ինտերնետային ինքնությունը կամ վիրտուալ ինքնությունը շատ է տարբերվում մարդկանց իրական ինքնությունից, և այդ տարբերությունը կարող է լինել մարդկանց ինքնության ճգնաժամի հիմքը:
Կարող ենք հարցնել, թե ինչո՞ւ են երեխաներն ու դեռահասները փորձում կիբերտարածությունում ներկայանալ այլ ինքնությամբ:
Այս հարցին պատասխանելու համար կարելի է շատ կետեր առաջ քաշել, բայց ընդհանուր առմամբ, այն, ինչ ստիպում է երեխաներին ու դեռահասներին վիրտուալ աշխարհում այլ կերպ կամ իրականությանը հակառակ ներկայանալ,ակունք է առնում իրենց հասակակիցների հետ նրանց բազմաթիվ համեմատություններից:
Երբ երեխան կամ դեռահասը վիրտուալ տարածքում տեսնում է առանձնահատուկ և շքեղ ապրելակերպով իր հասակակիցներին, նա համեմատում է իր կյանքը նրանց հետ և փորձում նմանվել նրանց, ուստի փորձում է իր անիրական անհատականությամբ ներկայանալ այս տիրույթում:
Մյուս կողմից, հնարավոր է, որ որոշ երեխաներ և դեռահասներ իրենց կարողություններն ու տաղանդները ներկայացնեն կիբերտարածությունում, բայց երբեմն այդ կարողություններն ու տաղանդները իրական չեն, կամ երեխաներն ու դեռահասները չափազանցնում են իրենց կարողություններն այս ոլորտում, արդյունքում՝ այլ երեխաներ և դեռահասներ երբ տեսնում են դրանք, իրենց կարողությունների ու տաղանդների հարցում հայտնվում են տագնապի ու ճգնաժամի մեջ։
----
Ինտերնետում և սոցիալական ցանցերում գտնվող վիրտուալ համայնքները, բնականաբար, ունեն մշակութային, քաղաքական և սոցիալական տարբեր արժեքներ՝ հիմնված իրենց կառուցվածքի և սահմանումների վրա: Վիրտուալ համայնքները կարողացել են վերաիմաստավորել այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են «ընկերը», «հաղորդակցությունը», «ընտանիքը», «ինքնությունը» և նույնիսկ աննշան հարցեր, ինչպիսին է ողջունելու եղանակը:
Թեև օգտատերերն իրենք կարևոր դեր են խաղում այդ համայնքների ձևավորման գործում, սակայն վիրտուալ համայնքները և նրանց կանոններն ու իշխող դիսկուրսը կարևոր դեր են խաղում իրենց անդամների ինքնությունը ձևավորելու գործում:
Երբ երեխան կամ դեռահասը որ հայտնվում է վիրտուալ համայնքներում, ինքնության առումով նա բախվում է բազմաթիվ մարտահրավերների, քանի որ, որպես վիրտուալ օգտատեր՝ երեխան կամ դեռահասը կամաց-կամաց մոռանում է իր իսկ ինքնությունն ու իրականությունը և փորձում է այս տիրույթում ստեղծել իդեալական ինքնություն ու անհատականություն:
-----
Երբ երեխաներն ու դեռահասները փորձում են իրենց նոր ու իդեալական ինքնությունը ներկայացնել վիրտուալ աշխարհում, նրանք անգիտակցաբար փոխվում են տարբեր հարթություններում, և այդ փոփոխություններն իրական կյանքում և իրական ինքնության մեջ շատ վնասներ են պատճառելու նրանց: Օրինակ՝ նրանց վարքագիծը, խոսքը և նույնիսկ նպատակները կյանքում շատ փոփոխություններ են կրելու։ Բացի այս դեպքերից, սոցիալական ցանցերը ապահովում են այնպիսի հարթակ, որտեղ օգտատերերը՝ անկախ սեռից, տարիքից, սոցիալական խավից, ռասայից և էթնիկ պատկանելությունից, կարող են իրենց ուզած դերակատարությամբ հանդես գալ։
Իրականում, սոցիալական ցանցերում մարդուն հնարավորություն է տրվում ֆիզիկական աշխարհում իր իրական ինքնությունից դուրս , վերաիմաստավորել և ներկայացնել իրեն այնպես, ինչպես ցանկանում է:
Անգլիացի գրող և հետազոտող Ռիչարդ Բարթլը կարծում է, որ վիրտուալ աշխարհները հայելի են ապահովում մարդկանց համար,որոնցում որքան մարդ իր պատկերը հարազատ է գտնում իր իրական կամ իդեալական կերպարին, այնքան ավելի է շփվում նրանց հետ։ Իրականում հաջողության գաղտնիքն ու օգտատերերի գրավչությունը խոշոր կայքերի համար այն է, որ օգտատերը իրեն տեսնի վիրտուալ աշխարհի հայելու մեջ: Այսպիսով, վիրտուալ աշխարհում ինքնության հետ կապված՝ խնդիրն այն է, թե օգտատերը որքանով է հավանում իր կերպարի արտացոլումն այդ հայելու մեջ։
Կարելի է ասել, որ այս խնդիրն ավելի գրավիչ է երեխաների և դեռահասների համար, քան մյուս տարիքային խմբերի, հետևաբար ինքնության ճգնաժամն ավելի ընդգծված կլինի երեխաների և դեռահասների տարիքային խմբում։