Ադրբեջանը ապրիլի լույս 2-ի գիշերն անցել է հարձակման
Ադրբեջանը ապրիլի լույս 2-ի գիշերը հարձակում է ձեռնարկել ԼՂՀ-Ադրբեջան շփման գծի ողջ երկայնքով, կիրառելով ծանր տեխնիկա եւ մարտական ավիացիա:
Հարձակումը տեղի է ունեցել մի շարք իրադարձությունների ֆոնին: Վաշինգտոնում Ալիեւը եւ Սարգսյանը մասնակցել են միջուկային անվտանգության վեհաժողովին: Մինչ այդ, կային խոսակցություններ, որ Վաշինգտոնում կայանալու է նրանց հանդիպումը, սակայն դա տեղի չունեցավ, կան տեղեկություններ, որ Բաքուն չի համաձայնվել:
Ենթադրվում էր, որ հանդիպմանը քննարկվելու էր հակամարտության գոտում հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ներդրման հարցը, որն առաջարկել է ԱՄՆ-ն: Հայաստանը կողմ է այդ մեխանիզմին, Ադրբեջանը՝ դեմ, քանի որ այդ դեպքում Բաքուն կկորցնի իր միակ փաստարկը՝ շփման գծում լարվածությունն ու շանտաժը: Բացի այդ, նման մեխանիզմի ներդրումը նշանակում է ներկայիս ստատուս-քվոյի որոշակի միջազգային «ճանաչում»:
Ռուսաստանը լուռ է այս հարցում, սակայն նախօրեին ՌԴ ԱԳՆ խոսնակը հայտարարել էր, թե ղարաբաղյան հարցում Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջեւ կան հակասություններ: Թե ինչ հակասություններ են՝ նա չէր մանրամասնել, ենթադրելի է, որ դա կարող է կապված լինել հենց հետաքննության մեխանիզմի հետ: Բանն այն է, որ այդ պարագայում Ղարաբաղ խաղաղապահներ մտցնելու Ռուսաստանի ծրագիրը կարող է տապալվել:
Ահա այս ֆոնին, Ադրբեջանը ապրիլի լույս 2-ի գիշերն անցել է հարձակման: Հնարավոր է, այս փակուղային իրավիճակը պետք է ինչ որ կերպ հանգուցալուծվի, եւ Ադրբեջանը հույս ունի ռազմական գործողությունների միջոցով հասնել իր նպատակին՝ տապալել հետաքննության մեխանիզմի ներդրումը եւ փոխել Մինսկի խմբի ձեւաչափը:
Հայկական կողմի համար սա վճռորոշ պահ է: Իրավիճակը հիշեցնում է զինադադարի հաստատման պահը, երբ հայկական բանակը ստիպված էր կիսատ թողնել գործը: Հիշեցնում է նաեւ 2014-ի օգոստոսը, երբ հայկական զինուժը հստակ գործողությունների շնորհիվ ձախողեց հակահայկական ծրագիրը:
Հիմա բոլորի ուշադրությունը բեւեռված է ռազմական գործողություններին եւ զինված ուժերի մարտունակությանը, իրավիճակից ելքին, որից հետո արվելու են եզրակացությունները:
Հայկական զինուժն այսօր վճռում է հայկական երկու պետությունների ապագան:
lragir.am
2/4/2016