Փաշինյանը կարևորում է ՀՀ և Վրաստանի հավասարակշռված դիրքորոշումը տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման գործում
https://parstoday.ir/hy/news/armenia-i104663-Փաշինյանը_կարևորում_է_ՀՀ_և_Վրաստանի_հավասարակշռված_դիրքորոշումը_տարածաշրջանային_հակամարտությունների_կարգավորման_գործում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 21-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիային:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 21, 2019 15:15 Asia/Tehran
  • Փաշինյանը կարևորում է ՀՀ և Վրաստանի հավասարակշռված դիրքորոշումը տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման գործում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 21-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիային:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը ողջունել է Վրաստանի պաշտպանական գերատեսչության պատվիրակության այցը Հայաստան՝ կարևորելով երկու երկրների միջև տարբեր ոլորտներում  եղբայրական հարաբերությունների սերտացումը և զարգացումը:  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է այս տարվա հունվարին Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ Բոլնիսիում կայացած հանդիպմանը՝ նշելով, որ Հայաստանի և Վրաստանի միջև առկա ներկայիս բարեկամական, աշխատանքային մթնոլորտը լավագույնս կխթանի համագործակցության ընդլայնումը և նոր մակարդակի կբարձրացնի այն: Այս համատեքստում ՀՀ վարչապետն ընդգծել է երկու երկրների միջև բարձրաստիճան հաճախակի փոխայցերի և տարբեր մակարդակներով քաղաքական կոնսուլտացիաների անցկացման կարևորությունը:

Նշելով, որ ուրախ է պաշտոնական այցով գտնվել Հայաստանում՝ Լևան Իզորիան կարևորել է  ՀՀ պաշտպանության նախարարի հետ այսօրվա հանդիպումը և դրա արդյունքներով պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության 2019թ. ծրագրի ստորագրումը: Նրա խոսքով՝ Վրաստանը շահագրգռված է ամրապնդելու և խորացնելու բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունները և պատրաստ է շարունակել արդյունավետ փոխգործակցությունն այդ ուղղությամբ:

Զրուցակիցները քննարկել են հայ-վրացական պաշտպանական համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր՝ վերահաստատելով ինչպես ընթացիկ գործընկերությունն ամրապնդելու, այնպես էլ նոր նախաձեռնություններ իրականացնելու փոխադարձ պատրաստակամությունը:

Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովման, հակամարտությունների խաղաղ կարգավորման հարցերի շուրջ և երկուստեք ընդգծել այդ ուղղությամբ փոխադարձ ջանքերի կարևորությունը: Վարչապետ Փաշինյանը կարևորել է երկկողմ հավասարակշռված դիրքորոշումը տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման գործում: Վրաստանի պաշտպանության նախարարը նշել է, որ Վրաստանը կարևորում է տարածաշրջանային բարիդրացիական հարաբերությունների հաստատումը և սատարում է հակամարտությունների խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերին:

Armenpress.am