Մեկնարկել է ԵԽԽՎ նստաշրջանը. այստեղ Փաշինյանը կբացի «Հայաստանի Թավշյա հեղափոխությունը» խորագրով ցուցահանդեսը
https://parstoday.ir/hy/news/armenia-i106144-Մեկնարկել_է_ԵԽԽՎ_նստաշրջանը._այստեղ_Փաշինյանը_կբացի_Հայաստանի_Թավշյա_հեղափոխությունը_խորագրով_ցուցահանդեսը
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն այսօր՝ ապրիլի 8-ին սկսել է իր գարնանային նստաշրջանը, որը կտեւի մինչեւ ապրիլի 12-ը: Այս նստաշրջանը կառանձնանա նրանով, որ այստեղ ապրիլի 11-ին ելույթ կունենա նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նստաշրջանի օրակարգում ընդգրկված բազմաթիվ հարցերից կլինեն մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 08, 2019 17:07 Asia/Tehran
  • Մեկնարկել է ԵԽԽՎ նստաշրջանը. այստեղ Փաշինյանը կբացի «Հայաստանի Թավշյա հեղափոխությունը» խորագրով ցուցահանդեսը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն այսօր՝ ապրիլի 8-ին սկսել է իր գարնանային նստաշրջանը, որը կտեւի մինչեւ ապրիլի 12-ը: Այս նստաշրջանը կառանձնանա նրանով, որ այստեղ ապրիլի 11-ին ելույթ կունենա նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նստաշրջանի օրակարգում ընդգրկված բազմաթիվ հարցերից կլինեն մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը:

Արդեն այսօր հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանն այս համատեքստում բարձրացրել է Ադրբեջանում ապօրինաբար 20 տարվա ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի հարցը:

ԵԽԽՎ-ում օրակարգային հարց է` ինչպե՞ս կանխել ատելության խոսքն ու անհանդուրժողականությունը, ինչպիսի՞ դեր ու պատասխանատվություն ունեն քաղաքական առաջնորդներն այդ խնդիրը լուծելու համար: Վեհաժողովը քննարկելու է նաեւ անդամ երկրների` միջազգային կառույցների հետ համագործակցությանը, փողերի լվացմանը, ինչպես նաեւ սոցիալական մեդիային, հնարավոր սպառնալիքներին վերաբերող հարցեր:

Փաշինյանը ԵԽԽՎ-ում հանդիպումներ կունենա ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի, ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասքիեի եւ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոյի հետ։

Վարչապետ Փաշինյանը վեհաժողովի նախասրահում պաշտոնապես կբացի «Հայաստանի Թավշյա հեղափոխությունը» խորագրով ցուցահանդեսը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը նշել էր, որ ենթադրում է, որ վարչապետը ԵԽԽՎ-ում կխոսի Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների,  անցկացված ազատ եւ արդար ընտրությունների, մարդու իրավունքների, խոսքի ազատության ամրապնդման եւ ընդհանրապես Հայաստանի առաջընթացի մասին:

News.am