Փաշինյանը՝ Զասին. 2020 թ. հունվարի 1-ից կստանձնեք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը
https://parstoday.ir/hy/news/armenia-i107812-Փաշինյանը_Զասին._2020_թ._հունվարի_1_ից_կստանձնեք_ՀԱՊԿ_գլխավոր_քարտուղարի_պաշտոնը
ՀԱՊԿ-ը հանդիսանում է ՀՀ անվտանգության համակարգի կարևորագույն տարրերից մեկը, և Հայաստանը շահագրգռված է այդ կառույցի արդյունավետ աշխատանքում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 28, 2019 10:25 Asia/Tehran
  • Փաշինյանը՝ Զասին. 2020 թ. հունվարի 1-ից կստանձնեք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը

ՀԱՊԿ-ը հանդիսանում է ՀՀ անվտանգության համակարգի կարևորագույն տարրերից մեկը, և Հայաստանը շահագրգռված է այդ կառույցի արդյունավետ աշխատանքում:

Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ ընդունելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի թեկնածու, Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասին:

Վարչապետը ողջունել է հյուրերին ՀՀ կառավարությունում և կարևորել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության հարցում կազմակերպության անդամ երկրների միջև համաձայնության գալու փաստը: «Ուրախալի է, որ համաձայնության եկանք, որ 2020 թ. հունվարի 1-ից ռոտացիոն սկզբունքով Դուք կստանձնեք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը: ՀԱՊԿ գործունեությունը մեր տարածաշրջանում պետք է նպաստի հավասարակշռության և խաղաղության պահպանմանը», - նշել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն ավելացրել է, որ ՀԱՊԿ անդամ երկրները պետք է գործեն կազմակերպության կանոնադրության տառին ու ոգուն համաձայն, և Հայաստանը հավատարիմ է այդ սկզբունքներին: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ Ստանիսլավ Զասն իր գործունեությամբ կնպաստի ՀԱՊԿ անդամ երկրների միջև անվտանգության ոլորտում համագործակցության և հավաքական անվտանգության ապահովման արդյունավետության բարձրացմանը:

Ստանիսլավ Զասը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին՝ ընդունելության և Հայաստանի կողմից իր թեկնածությունը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում հավանության արժանացնելու համար: Նա նշել է, որ պաշտոնավարման ընթացքում կներդնի առավելագույն ջանքերը՝ ՀԱՊԿ գործունեության արդյունավետությունը բարձրացնելու և անդամ պետությունների միջև համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ:

Զրուցակիցները քննարկել են ՀԱՊԿ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել անվտանգության մարտահրավերներին, ռազմատեխնիկական գործակցությանը, տարածաշրջանում ռազմական հավասարակշռության պահպանման խնդիրներին և այլն, հայտնում է կառավարության լրատվական ծառայությունը։

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը տրամադրված է երկխոսության մթնոլորտում շարունակել համատեղ աշխատանքը՝ գործուն օրակարգի ձևավորման և փոխշահավետ համագործակցության զարգացման ուղղությամբ:

Ստանիսլավ Զասը ևս մեկ անգամ ընդգծել է, որ 2020 թ. հունվարի 1-ից ստանձնելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը՝ իր գործունեությունը ծառայեցնելու է հենց այդ նպատակների իրագործմանը և կազմակերպության անդամ պետությունների միջև անվտանգության ոլորտում փոխգործակցության ամրապնդմանը: Նա նաև շնորհավորել է ՀՀ վարչապետին և հայ ժողովրդին՝ Հանրապետության տոնի առթիվ, մաղթել խաղաղություն, բարեկեցություն և բարգավաճում:

Panarmenian.net