ՀՀ և Վրաստանի ԱԳ նախարարները վերահաստատել են հակամարտությունները խաղաղ լուծելու հանձնառությունը
https://parstoday.ir/hy/news/armenia-i109756-ՀՀ_և_Վրաստանի_ԱԳ_նախարարները_վերահաստատել_են_հակամարտությունները_խաղաղ_լուծելու_հանձնառությունը
ՀՀ և Վրաստանի ԱԳ նախարարները վերահաստատել են հակամարտությունները խաղաղ լուծելու հանձնառությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 24, 2019 15:20 Asia/Tehran
  • ՀՀ և Վրաստանի ԱԳ նախարարները վերահաստատել են հակամարտությունները խաղաղ լուծելու հանձնառությունը

ՀՀ և Վրաստանի ԱԳ նախարարները վերահաստատել են հակամարտությունները խաղաղ լուծելու հանձնառությունը:

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին հուլիսի 24-ին կայացած հանդիպմանը փոխանակել են իրենց մոտեցումները և տեսակետները տարբեր հարցերի շուրջ, որոնք վերաբերում են տարածաշրջանային անվտանգությանը և վերահաստատել հանձնառությունը տարածաշրջանում առկա հակամարտությունների լուծմանը բացառապես խաղաղ ճանապարհով, նաև այն ըմբռնումը, որ յուրաքանչյուր հակամարտություն ունի իր յուրահատկությունները և իր բանակցային շրջանակը, որի մեջ տեղի է ունենում խաղաղ կարգավորում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Զոհրաբ Մնացականյանն այս մասին նշել է իր վրացի գործընկերոջ հետ հանդիպումից հետո հանդես գալով մամուլի համար հայտարարությամբ։

« Ցավոք, մենք դեռևս տարածաշրջանում ունենք չկարգավորված հակամարտություններ: Մենք վերահաստատեցինք մեր հանձնառությունը հակամարտությունների լուծմանը բացառապես խաղաղ ճանապարհով, նաև այն ըմբռնումը, որ յուրաքանչյուր հակամարտություն ունի իր յուրահատկությունները և իր բանակցային շրջանակը, որի մեջ տեղի է ունենում խաղաղ կարգավորում: Վերահաստատեցինք մեր մտադրությունը՝ ձևավորված շրջանակներում և ձևավորված բանակցային հարթակներում աջակցելու խաղաղ կարգավորման գործընթացներին»,- ասել է Հայաստանի ԱԳ նախարարը։ 

Նա իր խորին շնորհակալությունն է հայտնել գործընկերոջը՝ Դավիթ Զալկալիանիին , և հայտնել, որ մեկ տարվա ընթացքում ունեցել են բազմաթիվ առիթներ միմյանց հետ շփվելու և քննարկելու մեր օրակարգի բազմաթիվ հարցեր: «Շփումների և անմիջապես միմյանց հասանելի լինելու խնդիր երբևէ չենք ունեցել, և շատ շնորհակալ եմ Դավիթին այս աշխատելաոճի համար: Եվ այժմ տեղի է ունենում իմ պաշտոնական այցը Վրաստան, որը շատ լավ առիթ է, որպեսզի մենք կարողանանք ամփոփ և համապարփակ ձևով անդրադառնալ մեր երկկողմ օրակարգին: 

Ցանկանում եմ ընդգծել մեր բավարարվածությունը այն բավականին բարձր դինամիկայի առնչությամբ, որն առկա է մեր հարաբերություններում, շփումներում, մեր համագործակցության մեջ: Մեր վարչապետները շատ ակտիվ երկխոսության մեջ են միմյանց հետ: Մի քանի փոխայցելություններ են տեղի ունեցել: Մեր նախագահները շատ ակտիվ շփվում են միմյանց հետ: Մի քանի շաբաթ առաջ տեղի ունեցավ Հայաստան-Վրաստան  միջկառավարական հանձնաժողովի նիստը, որը բավական բովանդակալից էր և ծավալուն: Անդրադարձ է կատարվել բազմաթիվ հարցերի և ծրագրվել են բոլոր ոլորտներում համագործակցության աշխատանքները: Որպես կառավարություններ՝ մենք նաև փորձում ենք խթանել բոլոր շփումները բիզնես ոլորտի, քաղհասարակության շրջանակներում»,-ընդգծել է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:   

Նա շատ էական է համարել համագործակցության միջխորհրդարանական հարթակը: «Մենք մեր կողմից փորձում ենք մեր ներդրումն ունենալ, արտաքին ոլորտի պատասխանատուների, արտաքին ոլորտի գերատեսչությունների մակարդակով ակտիվ պահել այդ երկխոսությունը և համագործակցությունը»,- ասել է նա՝ նշելով, որ սպասում է Դավիթ Զալկալիանիին Հայաստանում պատասխան այցով: 

«Այս ամենն իր ամբողջության մեջ  արտահայտում է մեր մտադրությունների լրջությունը և պատասխնատվությունը՝ որպես երկու հարևան պետություն, երկու ժողովուրդ, որոնք բազմադարյա պատմական արժեքային հիմքերի վրա կառուցած հարաբերություններ ունեն, առաջ տանելու այս հարաբերությունները՝ ի շահ մեր ժողովուրդների, մեր երկրների, բայց նաև ամենակարևորը՝ ի ամրապնդումը մեր տարածաշրջանային համագործակցության և անվտանգության, որը մեզ համար շատ կարևոր խնդիր է: 

Մենք նաև փոխանակեցինք մեր մոտեցումները և տեսակետները տարբեր հարցերի շուրջ, որոնք վերաբերում են տարածաշրջանային անվտանգությանը: Ցավոք, մենք դեռևս տարածաշրջանում ունենք չկարգավորված հակամարտություններ: Մենք վերահաստատեցինք մեր հանձնառությունը հակամարտությունների լուծմանը բացառապես խաղաղ ճանապարհով, նաև այն ըմբռնումը, որ յուրաքանչյուր հակամարտություն ունի իր յուրահատկությունները և իր բանակցային շրջանակը, որի մեջ տեղի է ունենում խաղաղ կարգավորում: Վերահաստատեցինք մեր մտադրությունը՝ ձևավորված շրջանակներում և ձևավորված բանակցային հարթակներում աջակցելու խաղաղ կարգավորման գործընթացներին։ 

Մենք ունենք շատ լավ համագործակցություն միջազգային բազմաթիվ հարթակներում և ևս մեկ անգամ վերահաստատեցինք մեր մտադրությունը համատեղ աշխատանքով էլ ավելի խորացնել նման համագործակցությունը։ 

Մենք բավական երկար խոսեցինք օրակարգային այլ հարցերի շուրջ և շարունակելու ենք քննարկումներն օրվա ընթացքում։ Արդեն տեսաք՝ որքան ժամանակ պահանջվեց արտահայտելու, թե ինչ ենք քննարկել, որը կրկին ցույց է տալիս, թե որքան լայն է հարցերի շրջանակը, որը միավորում է մեզ՝ Հայաստանին և Վրաստանին։ 

Եվս մեկ անգամ խորապես շնորհակալ եմ, Դավի՛թ, շատ ջերմ հյուրընկալության համար»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը։

Armenpress.am