ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
https://parstoday.ir/hy/news/armenia-i10993-ՀՀ_Նախագահ_Սերժ_Սարգսյանը_և_ՌԴ_Նախագահ_Վլադիմիր_Պուտինը_հեռախոսազրույց_են_ունեցել
Ապրիլի 5-ի երեկոյան հեռախոսազրույց է տեղի ունեցել Նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի միջև: Հեռախոսազրույցը կայացել է ՌԴ Նախագահի նախաձեռնությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 05, 2016 18:37 Asia/Tehran
  • ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Ապրիլի 5-ի երեկոյան հեռախոսազրույց է տեղի ունեցել Նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի միջև: Հեռախոսազրույցը կայացել է ՌԴ Նախագահի նախաձեռնությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, երկու երկրների նախագահները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի վերջին զարգացումները: Զրուցակիցները կարևորել են բանակցային գործընթացի վերսկսումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված հետագա ուղիների որոնման նպատակով:

Նախագահ Պուտինը լուրջ մտահոգություն է հայտնել լայնամասշտաբ ռազմական բախումների կապակցությամբ, որոնք բազմաթիվ զոհերի պատճառ են դարձել: ՌԴ Նախագահը կողմերին կոչ է արել պահպանել զինադադարի ռեժիմը: Նշվել է, որ Ռուսաստանը իրականացրել և իրականացնելու է անհրաժեշտ միջնորդական քայլեր՝ միտված նպաստելու իրավիճակի կարգավորմանը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր ձևաչափերով: