Դավիթ Տոնոյանը և ԿԽՄԿ ներկայացուցիչները քննարկել են լարվածությունը ՀՀ-Ադրբեջան սահմանին
https://parstoday.ir/hy/news/armenia-i110216-Դավիթ_Տոնոյանը_և_ԿԽՄԿ_ներկայացուցիչները_քննարկել_են_լարվածությունը_ՀՀ_Ադրբեջան_սահմանին
Օգոստոսի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչներին՝ Հայաստանում ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավար տիկին Քլեր Մեյթրոի գլխավորությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 07, 2019 13:31 Asia/Tehran
  • Դավիթ Տոնոյանը և ԿԽՄԿ ներկայացուցիչները քննարկել են լարվածությունը ՀՀ-Ադրբեջան սահմանին

Օգոստոսի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչներին՝ Հայաստանում ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավար տիկին Քլեր Մեյթրոի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ ՊՆ և ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության միջև համագործակցության ընթացիկ հարցերը, օրակարգային միջոցառումները, ինչպես նաև փոխգործակցության արդյունավետության բարձրացման հնարավորությունները և առաջիկա անելիքները:

Կողմերն անդրադարձել են նաև վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածում լարվածության աճին: Արտահայտելով իր մտահոգությունը քաղաքացիական անձանց կյանքի, առողջության և գույքի նկատմամբ առկա սպառնալիքներին, Ք.Մեյթրոն պատրաստակամություն է հայտնել ՀՀ պատկան մարմինների հետ համագործակցությամբ առավել խոցելի համայնքներից մեկում իրականացնել ռիսկերի նվազեցմանն ուղղված պիլոտային ծրագիր, որը ենթադրում է համայնքների դպրոցներում, մանկապարտեզներում ու առավել գնդակոծվող տեղամասերում պաշտպանիչ պատերի կառուցում և մարդկանց շրջանում իրազեկվածության բարձրացման միջոցառումների անցկացում:

Հանդիպման վերջում զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելու հետ կապված, ինչպես նաև ՀՀ գերիների, պատանդների, անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի և ԿԽՄԿ-ի կողմից իրականացվող աշխատանքների համադրմանն առնչվող այլ հարցեր:

Verelq.am