Ռուսաստանը թույլ չի տա Լեռնային Ղարաբաղի հակամարտության ոչ արդարացի լուծում. Զատուլին
https://parstoday.ir/hy/news/armenia-i112409-Ռուսաստանը_թույլ_չի_տա_Լեռնային_Ղարաբաղի_հակամարտության_ոչ_արդարացի_լուծում._Զատուլին
Ռուսաստանը թույլ չի տա Լեռնային Ղարաբաղի հակամարտության ոչ արդարացի լուծում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 11, 2019 15:13 Asia/Tehran
  •  Ռուսաստանը թույլ չի տա Լեռնային Ղարաբաղի հակամարտության ոչ արդարացի լուծում. Զատուլին

Ռուսաստանը թույլ չի տա Լեռնային Ղարաբաղի հակամարտության ոչ արդարացի լուծում:

Այս մասին Ստեփանակերտում անցկացվող «Համագործակցություն հանուն արդարության եւ խաղաղության» միջազգային համաժողովի ժամանակ ասել է Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հարցերով կոմիտեի փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը:

Հիշեցնելով, որ Ռուսաստանում բնակվում է 2 միլիոնից ավելի հայ՝ նա հավելել է, որ սա երկրի բնակչության ազդեցիկ եւ հարգարժան հատվածն է: Զատուլինի խոսքով՝ կայացման ճանապարհին ժողովուրդներն ու պետություններն անցնում են հրի ու ջրի եւ փառքի միջով: «Ես Ղարաբաղում բազմիցս եմ եղել: Եղել եմ Եվրոպայի եւ հետխորհրդային տարածքի առանց բացառության բոլոր հակամարտային գոտիներում: Մեծ տպավորություն է գործում այն, որ չնայած բոլոր զոհողություններին եւ տառապանքին, Արցախի ժողովուրդը ցուցադրում է խաղաղ կյանքի վիթխարի ձեռքբերումներ: Արցախում մարդիկ ապրում են լիարժեք կյանքով՝ դիմակայելով ցանկացած հավակնության»,- նշել է Զատուլինը:

Նրա խոսքով՝ բոլորս ակնկալում ենք եւ հույս ունենք, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում կգերիշխեն բարի կամքն ու սթափ մոտեցումը, եւ խաղաղությունը կվերադառնա այս հող:

Զատուլինն ընդգծել է, որ Ռուսաստանը սատարում է խաղաղ լուծմանը եւ ամեն կերպ կանխում է ռազմական փորձերը: Նրա խոսքով՝ նման փորձ ձեռնարկվեց նաեւ 2016 թվականի ապրիլին, եւ Ռուսաստանն ամեն ինչ արեց այն ամենաարագ կերպով դադարեցնելու եւ պայթյունավտանգ լարվածությունը նվազեցնելու համար:

«ՌԴ-ն՝ որպես պետություն, թույլ չի տա ղարաբաղյան հակամարտության ոչ արդարացի լուծում: Ով էլ որ լինի վարչապետը կամ նախագահը, ռուս ժողովուրդն առաջին հերթին գնահատում է խիղճն ու արդարությունը: Իսկ նրանք ձեր կողմից են»,- ամփոփեց Զատուլինը:

News.am