«Ասկետը»
Նիկոլ Փաշինյանն անմիջապես կառավարական առանձնատնից մտել է ֆեյսբուքյան ուղիղ եթեր:
Նիկոլ Փաշինյանն անմիջապես կառավարական առանձնատնից մտել է ֆեյսբուքյան ուղիղ եթեր ջանալով անել ամեն ինչ, որպեսզի մեղմի հանրությանը վերջին շրջանում ցնցած, ինչպես նաև բազմաթիվ հարցականների ու տարակուսանքների տեղիք տված տեղեկությունների ազդեցությունը. հարյուր հազարավոր դոլարների հասնող վարչապետական ծառայողական մեքենայի, 50 միլիոնանոց ինքնաթիռի և այլ շքեղությունների մասին տեղեկություններն ակնհայտորեն մեծ հարված են հասցրել «ժողովրդի վարչապետի» հանրային վարկանիշին ու ստիպել հանրությանը բարձրացնել հարցեր, որոնց իշխանությունները դժվարանում են պատասխանել:
Ինչպես հնարավոր դարձավ պարզել Փաշինյանի ֆեյսբուքյան «լայվից», նրան քունուդադար չեն տվել հատկապես առանձնատան վերանորոգման մասին տարածված լուրերը, որոնց համաձայն՝ Փաշինյանը մոտ 2 մլն դոլար է ծախսել՝ կառույցը սեփական ճաշակով վերաձևելու, վերանորոգելու համար:
Փաշինյանը պնդում է, որ առավելագույն գումարը, որ հնարավոր է եղել ծախսել վերանորոգման համար, կազմել է մոտ 200,000 դոլար՝ 2 մլն-ից տասն անգամ քիչ:
«Իրոք տենց բաներ են ասո՞ւմ, հա՞, 2 մլն դոլա՞ր: Էս ամեն ինչի վրա առնվազն, ներառյալ ամեն ինչը՝ դրսով, ներսով և այլն, առնվազը տասն անգամ ավելի պակաս գումար է ծախսվել, և ես ուզում եմ հիշեցնել, որ մեկ տարվա գործունեության ընթացքում ՀՀ կառավարությունը բյուջեին բերել է 130 մլն դոլարի չնախատեսված եկամուտ»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում, մասնավորապես, հայտարարել էր Փաշինյանը:
Փաշինյանն, իհարկե, միայն վերանորոգման ծախսերի մասին չէ, որ խոսել էր՝ ջանալով փրկել սեփական դեմքն ու կանխել հիասթափության ալիքը: Փորձելով թվալ «3 մլն վարչապետներից» միայն մեկը՝ նա նույնիսկ սեփական տան սառնարանի դռներն է բացել հանրության առաջ ու ցույց տվել, որ այն դատարկ է. միակ բանը, որ դրանում գտնվել էր, մի հին ձայնային նվագարկիչ էր:
Փաշինյանի տրամաբանությունն, իհարկե, պարզ է. նա շատ լավ տեղյակ է հայ հասարակության ցավոտ կողմերին ու գիտի, որ հասարակության առնվազը գերակշիռ հատվածը, որ ապրում է հիմնականում միջինից ցածր կենսամակարդակի պայմաններում, հարուստներին չի սիրում: Ահա այդ չսիրվելուց խուսափելու համար է, որ Փաշինյանը որոշել էր «կաշվից դուրս գալ»՝ հասարակությանն ապացուցելու, որ «ասկետ» է:
Ստացվե՞ց դա վարչապետի մոտ: Ակնհայտ է, որ ոչ, քանի որ համեստ կենցաղավարությամբ ապրող մարդը, ինչպիսին ջանում էր Փաշինյանը ներկայանալ, չի կարող 50 մլն դոլարանոց ինքնաթիռ ձեռք բերել կամ գնել մոտ կես միլիոնանոց ավտոմեքենա. այս պարագայում «դատարկ սառնարանը» ոչ մի բանի մասին չի կարող վկայել:
Փաշինյանն, ինչպես հայտնի է, իր քաղաքական կարիերան կառուցել է՝ այդ թվում նաև շահարկելով նախկինների՝ շքեղությունների հանդեպ ունեցած թուլությունները, նա շարունակ պնդում էր, թե իբր նախկին իշխանավորների բարեկեցության աղբյուրը եղել է ժողովրդից կորզած գողոնը, որը պետք է անպայմանորեն վերադարձնել իրական տերերին: Հիմա, փաստորեն, պարզվում է, որ շքեղությունների հանդեպ թուլությունը բնորոշ է նաև իրեն՝ «աշխարհի ամենաժողովրդական վարչապետին», պարզվեց, որ նա էլ է ցանկանում կառավարական առանձնատանն ապրել՝ հետ չմնալու կամ, եթե ստացվի, գերազանցելու Սերժ Սարգսյանին, ավելին՝ անում է ամեն բան սեփական ընկերներին՝ քայլարածներին կյանքի հաճույքներին հաղորդակից դարձնելու՝ ասենք նախարարների աշխատավարձերը հասցնելով 1,5 մլն-ի, հսկայական պարգևավճարներ տալով և այլն:
Իհարկե, ոչ ոք դեմ չէ, որ Հայաստանի Հանրապետությունում նախարարները ստանան բարձր աշխատավարձեր: Հարց է, սակայն, թե արդյոք նրանք դա վաստակե՞լ են, թե՞ նրանց այդ գումարները որպես դրամաշնորհ է տրվում անձամբ Փաշինյանից: Ինչպե՞ս կարող են հազարավոր դոլարների հասնող աշխատավարձեր ստանալ մարդիկ, ովքեր շատ դեպքերում չեն համապատասխանում պետական պաշտոնյային ներկայացվող նույնիսկ մինիմալ պահանջներին, ովքեր երբեք ոչ մեկին չեն ղեկավարել և չգիտեն՝ ինչ բան է մենեջմենթ ասվածը՝ առհասարակ:
Մեկ բան հստակ է՝ եթե Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ինքն առավել է նախորդներից ու շատ ավելի ժուժկալ, ապա պարտավոր է իր կողմից առաջ քաշված այդ թեզերի կենսունակությունն ապացուցել գործնականում, շատ ավելի զուսպ լինել բոլոր նրանցից, որոնց պատվի հետ խաղալով ու փնովելով էլ իշխանության է եկել՝ հայտնվելով կառավարական շքեղ առանձնատանը կամ դրան հարակից այգու թփուտներում:
Այնինչ նա պետք է իրեն նեղություն տար ու ապրեր ընդգծված համեստ կենցաղով, ապրեր որպես իսկական հեղափոխական, մեկը, ով արմատապես մերժում է միայն հարուստ բուրժուաներին վայել շքեղությունը՝ այն ստորադասելով հասարակ կենցաղին՝ ելնելով, առաջին հերթին, գաղափարական դրդապատճառներից. շատ ավելի ընկալելի ու արդար կլիներ, եթե նա, դրսևորելով ժուժկալություն, բնակվեր ոչ թե կառավարական առանձնատանը, այլ շատ ավելի համեստ պայմաններում կամ չնախընտրեր երթևեկել կեսմիլիոնանոց շքեղ ավտոմեքենայով: Որպես հեղափոխական, Փաշինյանը պետք է օրինակ վերցներ այն նախկին ու ներկա ականավոր գործիչներից, որոնք, գալով իշխանության, մերժել էին շքեղությունը: Նրանցից մեկը, օրինակ, Վիետնամի ազգային-ազատագրական շարժման գործիչ, 1946-ի մարտին ՎԴՀ նախագահ հռչակված Հո Շի Մինն էր, այդպիսիների թվում էր նաև նույն Լենինը՝ մարդիկ, որոնց կենցաղը աչքի էր ընկնում ընդգծված համեստությամբ՝ նույնիսկ իշխանության գալուց հետո, երբ թվում է՝ նրանց ոչինչ չէր խանգարում կյանքը լիաթոք վայելել:
Մեր ժամանակներում ընդգծված համեստ կենցաղավարությամբ հայտնի են, օրինակ` Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, ով, լինելով Ճիզվիտների օրդենից, կոտրեց կարծրատիպերը, նախընտրեց չապրել շքեղ պապական ապարանքներում ու չօգտվել թանկ ծառայողական ավտոմեքենաներից (պապը երթևեկում է «Renault» մակնիշի փոքրածավալ մի ավտոմեքենայով), ինչպես նաև Ուրուգվայի նախկին նախագահ Խոսե Մուխիկան, ով իր պաշտոնավարման շրջանում համարվում էր աշխարհի ամենաաղքատ նախագահը՝ մեկը, ով, չնայած ունեցած իշխանությանն ու հնարավորություններին, նախընտրում էր ապրել շարքային ուրուգվայցու համեստ կենցաղով:
Բայց Փաշինյանը փաստացի նախընտրեց գնալ բոլորովին այլ ճանապարհով՝ իր մեջ ոչ թե խեղդելով, այլ բավարարելով շքեղության հանդեպ ունեցած թուլությունը,և բնավ հոգ չէ, որ նույն հեղափոխական հարթակներից այսօր արդեն 50 միլիոնանոց ինքնաթիռով Խաղաղ օվկիանոսը կտրել պատրաստվող վարչապետը պարբերաբար հանդես էր գալիս սոցիալական հավասարության կոչերով՝ ինքն իրեն համարելով ժողովրդի ծոցից դուրս եկած ու բացառապես ժողովրդի շահերի պաշտպանության դիրքերից հանդես արդար պայքարի առաջամարտիկ:
Tert.am