ՀՀ անդամակցումը ՀԱՊԿ-ին Հարավային Կովկասում կանխեց գլոբալ ճգնաժամեր. Հարությունյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i113204-ՀՀ_անդամակցումը_ՀԱՊԿ_ին_Հարավային_Կովկասում_կանխեց_գլոբալ_ճգնաժամեր._Հարությունյան
ՀԱՊԿ-ում կան խնդիրներ, բայց պետք է գիտակցենք, որ սպառնալիքները տարբեր պետությունների համար տարբեր են: Այս մասին Երևանում ընթացող «ՀԱՊԿ-ի դերը տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցում» խորագրով կլոր սեղանի ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:
(last modified 2026-04-19T14:24:21+00:00 )
Նոյեմբեր 04, 2019 16:18 Asia/Tehran
  • ՀՀ անդամակցումը ՀԱՊԿ-ին Հարավային Կովկասում կանխեց գլոբալ ճգնաժամեր. Հարությունյան

ՀԱՊԿ-ում կան խնդիրներ, բայց պետք է գիտակցենք, որ սպառնալիքները տարբեր պետությունների համար տարբեր են: Այս մասին Երևանում ընթացող «ՀԱՊԿ-ի դերը տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցում» խորագրով կլոր սեղանի ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:

Խնդիրներից մեկն այն է, ասաց նա, որ ՀԱՊԿ անդամներն Ադրբեջանին զենք են վաճառում: Ըստ նրա, գաղտնի չէ, որ կազմակերպությունում կան երկրներ, որոնք հատուկ վերաբերմունք ունեն Ադրբեջանի նկատմամբ.
«Սա լուրջ խնդիր է, քանի որ երբ խոսում ենք ՀԱՊԿ-ի մասին, պետք է հասկանանք, որ դրա հիմքում հստակ ամրագրված է՝ սպառնալիքը մեր պետության համար սպառնալիք է բոլոր պետությունների համար: Ըստ այդմ՝ այդ պետությունները չպետք է գործեն կամ անեն քայլեր, որոնք ուղղված կլինեն որևէ պետության անվտանգության դեմ: Զենք վաճառելը տրամաբանության մեջ է, բայց այստեղ պետք է հաշվի առնել, որ մի պարագայում այն ապահովում է բալանսը, մյուս պարագայում՝ խախտում: Այնպես որ՝ կան նման խնդիրներ, և սրա մասին պետք է խոսվի ու լուծում գտնվի»,- ընդգծեց պաշտպանության նախկին նախարարը:

Վաղարշակ Հարությունյանը նշեց, որ Հայաստանի անդամակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը թույլ տվեց կայունություն հաստատել Հարավային Կովկասի տարածաշրջանում և կանխել գլոբալ ճգնաժամեր: Որպես օրինակ նա հիշեցրեց, որ Արցախյան պատերազմի ժամանակ՝ 1993-ին, օգտվելով ստեղծված իրավիճակից, Թուրքիայի Զինված ուժերը մոտեցել էին  Հայաստանի սահմաններին և հայտարարում էին ինտերվենցիայի մասին և միայն ավիացիոն մարշալ Եվգենի Շապոշնիկովի նախազգուշացնումը, որ երրորդ կողմի միջամտությունը հակամարտությանը կարող է Երրորդ աշխարհամարտի հիմք դառնալ, զսպեց Անկարային: Վագարշակ Հարությունյանը հիշեցրեց նաև, որ գեներալ Պավել Գրաչովը ևս հանդես եկավ նման հայտարարությամբ, բայց մի փոքր այլ ձևաչափով և «այլ ուղիներով»:
«Տարածաշրջանում պատերազմի սպառնալիքը դեռևս գոյություն ունի, դրա հիմքում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանների շրջափակումն է»,- ասաց նա:

Նրա խոսքով, Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի ներուժի ավելացումը, որի մասին հայտարարեց ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Երևան կատարած վերջին այցի ընթացքում, ուղղված է տարածաշրջանային անվտանգությանն ուղղված սպառնալիքների չեզոքացմանը:

Verelq.am