Սահմանվում է այն պաշտոնյաների ցանկը, որոնց անձնական ուղեբեռը ենթակա չէ մաքսային զննության
https://parstoday.ir/hy/news/armenia-i113296-Սահմանվում_է_այն_պաշտոնյաների_ցանկը_որոնց_անձնական_ուղեբեռը_ենթակա_չէ_մաքսային_զննության
Կառավարությունը հավանություն տվեց «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 07, 2019 08:20 Asia/Tehran
  • Սահմանվում է այն պաշտոնյաների ցանկը, որոնց անձնական ուղեբեռը ենթակա չէ մաքսային զննության

Կառավարությունը հավանություն տվեց «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ըստ հիմնավորման, «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը ստորագրվել է 2019թ. մայիսի 29-ին:

Արձանագրությամբ նախատեսվում է փոփոխություններ կատարել Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 321-րդ հոդվածում, որով սահմանված են մաքսային մարմինների կողմից մաքսային հսկողության որոշակի ձեւերի կիրառումից ազատելու դրույթները:

Մասնավորապես նախատեսվում է ԵՏՄ պետությունների ղեկավարների եւ նրանց ուղեկցող ընտանիքի անդամների անձնական ուղեբեռի մաքսային զննումից հավասարապես ազատել նաեւ ԵՏՄ պետությունների կառավարությունների ղեկավարների եւ նրանց ուղեկցող ընտանիքի անդամների անձնական ուղեբեռը:

Նախագծով նախատեսվում է նաեւ փոփոխություն կատարել վերը նշված հոդվածով սահմանված ՀՀ այն պաշտոնատար անձանց ցանկում, որոնց անձնական ուղեբեռը եւս ենթակա չէ մաքսային զննության:

ՀՀ արդարադատության նախարարությունը հայտնել է, որ Արձանագրությունը չի պարունակում ՀՀ օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:

Armenpress.am