Հայաստանը փոխում է քաղաքացիություն տալու կարգը. վարչապետը կստանա լրացուցիչ իրավասություն
https://parstoday.ir/hy/news/armenia-i113540-Հայաստանը_փոխում_է_քաղաքացիություն_տալու_կարգը._վարչապետը_կստանա_լրացուցիչ_իրավասություն
ՀՀ կառավարությունը հանդես է եկել նոր օրենսդրական նախաձեռնությամբ։ Կրճատվում է քաղաքացիության շնորհման ժամկետը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 15, 2019 14:59 Asia/Tehran
  • Հայաստանը փոխում է քաղաքացիություն տալու կարգը. վարչապետը կստանա լրացուցիչ իրավասություն

ՀՀ կառավարությունը հանդես է եկել նոր օրենսդրական նախաձեռնությամբ։ Կրճատվում է քաղաքացիության շնորհման ժամկետը։

ՀՀ կառավարությունն առաջարկում է կրճատել ՀՀ քաղաքացիություն ստանալու կամ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ դիմումների քննարկման ժամկետները։

«Քաղաքացիության մասին» ՀՀ գործող օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը մշակել է Արդարադատության նախարարությունը։ Այն  տեղադրվել է իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում։

«Քաղաքացիության մասին օրենքի 29-րդ հոդվածով սահմանված է, որ քաղաքացիության հարցերի վերաբերյալ դիմումները քննարկվում են վեցամսյա ժամկետում: Հիշյալ ժամանակահատվածը բավականին երկար է և հաճախակի առաջ է բերում դժգոհություններ դիմումատուների մոտ»,– ասված է նախագծի հիմնավորման մեջ։

Փոխարենը նոր օրենքով առաջարկվում է սահմանել 3-ամսյա ժամկետ` իննսուն աշխատանքային օր։

Այդ նպատակով Քաղաքացիության հարցերով հանձնաժողովի քննարկմանը կներկայացվեն միայն ՀՀ ոստիկանության ներկայացրած բացասական եզրակացությունները:

Գործող օրենքով ՀՀ վարչապետը Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունն ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում ՀՀ նախագահին է ներկայացնում տվյալ անձին քաղաքացիություն շնորհելու, մերժելու կամ քաղաքացիությունը դադարեցնելու մասին առաջարկություն՝  կցելով հրամանագրի նախագիծը:

Օրենքի նախագծի հեղինակները նշում են, որ իրական կյանքում հաճախ առաջ է գալիս նախագահի հրամանագիրն անվավեր ճանաչելու հարց, ինչը կարող է անել միայն նախագահը:

Բայց քանի որ տվյալ դեպքում հրամանագիրն ընդունվել է վարչապետի առաջարկությամբ, հարկ է, որ վարչապետը կարողանա փոխել իր առաջարկը, ինչն օրենքով նախատեսված չէ։

«Հետևաբար, առաջարկվում է օրենքով կարգավորել հիշյալ հարցը՝ վարչապետին տալով իրավասություն փոփոխելու իր կողմից արված առաջարկությունը, և նոր առաջարկություն ներկայացնելու նախագահին»,նշում են նախագծի հեղինակները։

Ի դեպ, Քաղաքացիության մասին օրենքն ընդունվել է 1995 թվականին։ Օրենքում ի սկզբանե քաղաքացիության շնորհման ու քաղաքացիությունից զրկելու համար նախատեսված է եղել 6–ամսյա ժամկետ։

armeniasputnik.am