ՀՀ ԱԳՆ-ն դատապարտում է Սումգայիթում տեղի ունեցած ողբերգության շահարկումը
https://parstoday.ir/hy/news/armenia-i113847-ՀՀ_ԱԳՆ_ն_դատապարտում_է_Սումգայիթում_տեղի_ունեցած_ողբերգության_շահարկումը
Մենք դատապարտում ենք ներքաղաքական խնդիրների հասցեագրման նպատակով ԼՂ հակամարտությանն առնչվող հարցերի, մասնավորապես՝ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգության շահարկումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 25, 2019 16:19 Asia/Tehran
  • ՀՀ ԱԳՆ-ն դատապարտում է Սումգայիթում տեղի ունեցած ողբերգության շահարկումը

Մենք դատապարտում ենք ներքաղաքական խնդիրների հասցեագրման նպատակով ԼՂ հակամարտությանն առնչվող հարցերի, մասնավորապես՝ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգության շահարկումը:

Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ արձագանքելով Ադրբեջանի նախագահի՝ Սումգայիթ քաղաքի 70-ամյակին նվիրված միջոցառմանն ունեցած ելույթին:

Մասնավորապես, Իլհամ Ալիևը իր ելույթում անդրադարձ է կատարել նաև ԼՂ հակամարտությանն առնչվող հարցերին, այդ թվում և Սումգայիթում տեղի ունեցած հակահայկական ջարդերին: Ադրբեջանի նախագահը նաև բացահայտել է խորհրդային շրջանում ԼՂ-ում «ժողովրդագրական պատկերը փոխելու հետևողական քաղաքականության առկայությունը» և ափսոսանքով է խոսել այդ քաղաքականության ոչ լիակատար իրագործման կապակցությամբ:

«Սումգայիթյան ջարդերը լավագույնս փաստագրված են, և Ադրբեջանի կողմից փաստերի խեղաթյուրումը ժխտողականության վտանգավոր դրսևորում է, որը հրահրում է հայերի նկատմամբ ատելություն և ցեղասպան միտումներ: Բաքվում, Կիրովաբադում, Մարաղայում, Թալիշում և այլուր հայերի նկատմամբ իրականացված ոճրագործությունները, էթնիկ զտումները և զանգվածային ջարդերի չդատապարտումը ու ավելին՝ դրանց արդարացումը, Ադրբեջանի իշխանությունների կողմից խրախուսվող հակահայկական հռետորաբանությունը, Ռամիլ Սաֆարովի և հայերի սպանելու համար այլ մարդասպանների հերոսացումը. այս ամենը խաթարում է վստահության ձևավորումը և վնասում խաղաղ գործընթացին»,- ասել է ԱԳՆ խոսնակը:

Նրա խոսքով, բացահայտելով Ադրբեջանի մտադրությունը և այս ուղղությամբ իրականացված քաղաքականությունը՝ փոխելու Արցախի ժողովրդագրական պատկերը՝ հայերի քանակի նվազեցման և ադրբեջանցիների քանակի ավելացման միջոցով՝ Ադրբեջանի նախագահն առավել ընդգծում է հայկական կողմի՝ Արցախի ժողովրդի էքզիստենցիալ ֆիզիկական անվտանգությանն առնչվող հիմնական մտահոգության վավերականությունը 1988թ.-ին և այսօր:

«Կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին քաղաքական կամք ցուցաբերել Սումգայիթի զանգվածային բռնություններին իրական գնահատական տալու առնչությամբ, դադարեցնել ժխտողականությունը և հարգել զոհերի ու վերապրածների արժանապատվությունը, արժանահավատորեն նպաստել ժողովուրդներին խաղաղության նախապատրսաստմանը»,- հավելել է Աննա Նաղդալյանը:

verelq.am