ՀՀ-ում իշխանություն-ընդդիմություն պայքարը պետք է լինի ծրագրային
https://parstoday.ir/hy/news/armenia-i113900-ՀՀ_ում_իշխանություն_ընդդիմություն_պայքարը_պետք_է_լինի_ծրագրային
ՀՀ ներքաղաքական դաշտում տեղի է ունենում նոր բևեռների կոնսոլիդացիա, որոնց պայքարի թիրախում հիմնականում Նիկոլ Փաշինյանն է ու նրա քաղաքական թիմը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 27, 2019 11:21 Asia/Tehran
  • ՀՀ-ում իշխանություն-ընդդիմություն պայքարը պետք է լինի ծրագրային

ՀՀ ներքաղաքական դաշտում տեղի է ունենում նոր բևեռների կոնսոլիդացիա, որոնց պայքարի թիրախում հիմնականում Նիկոլ Փաշինյանն է ու նրա քաղաքական թիմը:

Քաղաքական նոր շարժումներն ու ուժերը համախմբում են տարբեր ֆորմատների ներքո՝ Վերնատուն, Ադեկվադ, ՎԵՏՕ և այլ ուժեր, որոնց նպատակն է արտախորհրդարանական կոալիցիայի ձևավորումն ու Փաշինյանի քննադատության ֆոնին սեփական քաղաքական կշիռը բարձրացնելու ռազմավարությունը:

ՀՀ նախկին իշխանություններն, ի դեմս ՀՀԿ-ի, փորձում են ռեստարտ անել կուսակցությունն ու հանդես գալ նոր, երիտասարդ դեմքերով և այլ ուժերի հետ կոալիցիա կազմած կոնսենսուս մինուս մեկ բանաձևով հեռացնել Նիկոլ Փաշինյանին: ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, որոնք չանցան խորհրդարան, այժմ փորձում են միավորվել այլ ուժերի հետ՝ հասկանալով, որ սեփական ուժերով չեն կարողանալու պայքարել իշխանության համար:

Սակայն ամենակարևորն այն է, որ հին ու նոր կուսակցությունները չպայքարեն միայն աթոռների ու պաշտոնների համար՝ Փաշինյանին և թիմին փոխարինելով այլ անուններով: Կարևոր է, որ ՀՀ ներքաղաքական պայքարում առկա լինեն լուրջ, ազգային-պետական կարևորության օրակարգեր: Հասարակությունը հոգնել է շոուներից, երբ մեկ ուժին փոխարինում է այլ ուժ, որը զբաղվում է սեփական թիմի ֆինանսական հարցերն ու ճոխ կյանքն ապահովելով ու յուրայիններին աշխատանքի տեղավորելով:

Հայաստանը գտնվում է այնպիսի գեոպոլիտիկ վիճակում, որ թե՛ գործող, թե՛ ապագա իշխանությունները պետք է ունենան երկրի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման հստակ տեսլական՝ թվերով, ներդրումային ռեսուրսներ մատնանշելով: Ու ամենակարևորը՝  ունենան արտաքին քաղաքական հստակ ուղենիշներ՝ ՌԴ-ի հետ ռազմավարական, դաշնակցային կապերի պահպանում, ռուսական ռազմակայանի ներուժի ավելացում, որպես առաջնահերթություն, իսկ այլ ուժային կենտրոնների հետ՝ ԵՄ, ԱՄՆ, Չինաստան և այլն պրագմատիկ հարաբերությունների կառուցում՝ շեշտը դնելով տնտեսական կապերի ընդլայնման վրա, քանի որ միայն քաղաքական հայտարարություններով չպետք է սահմանափակվի երկրի արտաքին քաղաքականությունը:

Իշխանության ձգտող ուժերը, որոնք քննադատում են Նիկոլ Փաշինյանին այդ թվում տնտեսական քաղաքականության, արտաքին քաղաքականության և ղարաբաղյան հարցի մասով, պետք է իրենց հերթին առաջարկեն այդ ոլորտներում հստակ ռազմավարություն՝ այդ ի՞նչ չի անում Փաշինյանը, որ նրանց իշխանության գալով տեղի կունենա: Ղարաբաղյան հարցում արդյոք նրանք չեն շարունակելու բանակցություններն Ադրբեջանի հետ՝ մադրիդյան սկզբունքներով, տնտեսության արագ աճի համար որտեղից են միջոցներ, ներդրումներ ներգրավելու, ինչպես նաև արտաքին քաղաքականության մասով ի՞նչ հարաբերություններ են լինելու ՌԴ-ի, ԵՄ-ի, ԱՄՆ-ի, հարևան Վրաստանի, Իրանի և Թուրքիայի հետ, որ չի անում Փաշինյանը:

Այսպիսով, ներքաղաքական պայքարը կլինի հստակ ռազմավարությունների, տեսլականների, ծրագրերի պայքար, այլ ոչ թե անձնավորված քննադատություն, թրոլինգ միմյանց հասցեին՝ սև PR-ի էլեմենտներով: Դրանից չի շահում ո՛չ պետությունը, ո՛չ քաղաքական համակարգը, իսկ հասարակության մեջ խորանում են ապատիայի տրամադրությունները բոլոր ուժերի նկատմամբ, ինչն էլ սոցիալական պատճառների հետ միասին հանգեցնում է արտագաղթի աճին, ինչն արդեն իսկ ազգային անվտանգության սպառնալիք է ՀՀ-ի համար:

verelq.am