Սկանդալ TANAP-ի բացման ժամանակ․ Հունաստանի պատվիրակությունը լքել է արարողությունը
https://parstoday.ir/hy/news/armenia-i114059-Սկանդալ_tanap_ի_բացման_ժամանակ_Հունաստանի_պատվիրակությունը_լքել_է_արարողությունը
Հունաստանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահ Ռեջեթ Թայիփ Էրդողանի խոսքերի վերաբերյալ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 01, 2019 15:38 Asia/Tehran
  • Սկանդալ TANAP-ի բացման ժամանակ․ Հունաստանի պատվիրակությունը լքել է արարողությունը

Հունաստանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահ Ռեջեթ Թայիփ Էրդողանի խոսքերի վերաբերյալ։

Հունաստանի պատվիրակությունը ՝ էներգետիկայի և շրջակա միջավայրի փոխնախարար Դիմիտրիոս Իկոնոմուի գլխավորությամբ, սկանդալով է հեռացել Տրանսանատոլիական գազատարի (TANAP) բացման արարողությունից՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «սադրիչ հայտարարություններին» ի պատասխան: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Skai հեռուստաընկերությանը:

Արարողության ժամանակ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան չի դադարեցնի ուսումնասիրությունն ու հորատման աշխատանքները Կիպրոսում: Նրա խոսքով՝ Անկարան «գործում է միջազգային իրավասությունների շրջանակում, և այժմ ոչ մի գոռոց և ճիչ չի ստիպի» Թուրքիային հետ վերցնել այն նավերը, որոնք Միջերկրական ծովում զբաղվում են հետախուզությամբ:

«TANAP-ը սկիզբ է առնում թուրք-վրացական սահմանից և թուրքական Էդիրնե նահանգի Իփսալ շրջանում, Հունաստանի սահմանի մոտ, միանում է Անդրադրիատիկ խողովակաշարին (TAP): Ես կոնկրետ թեմայով Հունաստանի կառավարությունից ներկայացուցիչ էի և պատճառ ունեի ներկա լինելու արարողությանը: Այն պահին, երբ Էրդողանը սկսեց խոսել խողովակաշարի բացման հետ կապ չունեցող խնդիրների մասին, այդ թվում` Հունաստանի մասին սադրիչ արտահայտություններ թույլ տալով, պարզ դարձավ, որ պետք է հեռանանք»,- ասել է Իկոնոմուն:

Միջադեպից հետո Հունաստանի ԱԳՆ-ն քննադատել է Էրդողանի հայտարարությունը` նրան անվանելով «տարածաշրջանում միջազգային իրավունքի գլխավոր խախտող»: Աթենքում Թուրքիային մեղադրում են տարածաշրջանում բոլոր ժողովուրդների շահերի կայունությունը խոչընդոտելու, ինչպես նաև բարիդրացիության սկզբունքներին լիարժեք արհամարհանք ցուցաբերելու մեջ:

«Ցավալի է, որ Թուրքիայի նախագահը որոշել է խաղաղ համագործակցության նախագիծը վերածել ռազմական հռետորաբանության` արհամարհելով միջազգային իրավունքները»,- գրված է Հունաստանի ԱԳՆ հայտարարության մեջ: Նշվում է նաև, որ հունական պատվիրակության հեռանալը բնական հետևանք էր: Հունաստանում հույս են հայտնել, որ Թուրքիայի նախագահը կգիտակցի, որ միջազգային իրավունքը հարգելը դա պարտականություն է:

Հիշեցնենք՝ TANAP գազատարի առաջին փուլի գործարկման արարողությունը կայացել է 2018 թվականի հունիսի 12-ին։ Նույն տարվա հունիսի 30-ին սկսվել են TANAP-ով ադրբեջանական գազի կոմերցիոն մատակարարումները։ 2019 թվականի հունիսի 15-ին Շահ Դենիզի հանքի ադրբեջանական գազը TANAP-ով հասել է թուրք-հունական սահմանին։

armeniasputnik.am