Վրաստանի տարածքում ԱՄՆ ռազմաբազաների տեղակայման հարց չի քննարկվում
Վրաստանի տարածքում ԱՄՆ ռազմաբազաների տեղակայման հարց չի քննարկվում: Այս մասին հայտարարել է Վրաստանի ԱԳՆ ղեկավար Դավիդ Զալկալիանին, հաղորդում է Նովոստի Գրուզիան:
«Դրանք ընդամենը սպեկուլյացիաներ են: Այդ հարցը չի քննարկվում»,- ասել է նա:
Նա նշել է, որ Թբիլիսիում ուշադիր հետեւում են Մերձավոր Արեւելքի իրադարձություններին: «Մեր շահերից է բխում լարվածության թուլացումն ու շատ կարեւոր է, որպեսզի պրոցեսներն ընթանան լարվածության թուլացման ուղղությամբ, եւ որ դրան միանան դիվանագիտական մեխանիզմներն ու բոլոր հնարավորությունները»,- ասել է Զալկալիանին: Նախարարի խոսքով՝ Բաղդադում Վրաստանի քաղաքացիներ չկան, սակայն նրանք գտնվում են Իրաքի հյուսիսային հատվածում:
Նախարարը նշել է, որ Մերձավոր Արեւելքում իրավիճակի հարցը քննարկվել է Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի ձեւաչափով:
ԱՄՆ եւ Իրանի հարաբերություններն ավելի սրվեցին հունվարի սկզբին Իրաքում իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո՝ ամերիկյան հատուկ գործողության հետեւանքով։ Իրանն ի պատասխան հրթիռներ է արձակել Իրաքում բազաների դեմ, որտեղ տեղակայված է ԱՄՆ բանակի զորակազմը։ Վաշինգտոնի տվյալներով՝ ԱՄՆ ոչ մի քաղաքացի չի տուժել։ Հարվածից հետո Վաշինգտոնը հայտարարել է, որ ի պատասխան կսահմանափակվի նոր պատժամիջոցներ մտցնելով։
News.am