Վիետնամի վարչապետը կարևորել է Հայաստանի հետ առևտրատնտեսական համագործակցության զարգացումը
(last modified Wed, 05 Feb 2020 05:19:17 GMT )
Փետրվար 05, 2020 08:49 Asia/Tehran
  • Վիետնամի վարչապետը կարևորել է Հայաստանի հետ առևտրատնտեսական համագործակցության զարգացումը

Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության վարչապետի նստավայրում փետրվարի 3-ին կայացել է Վիետնամում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանի հանդիպումը վարչապետ Նգույեն Սյուան Ֆուքի (Nguyễn Xuan Phuc) հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ողջունելով դեսպանին՝ վարչապետ Ֆուքը նշել է, որ երկու երկրների միջև առկա է փոխըմբռնման դրական մթնոլորտ և ընդգծել, մասնավորապես, առևտրատնտեսական և ներդրումային ոլորտներում համագործակցության զարգացման կարևորությունը:

Դեսպան Կաժոյանը, շնորհակալություն հայտնելով Վիետնամի վարչապետին ընդունելության համար, շնորհավորել է նրան Վիետնամի Կոմկուսի հիմնադրման 90-ամյակի, ՄԱԿ-ի ԱԽ անդամակցության և Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԷԱՆ) նախագահությունը ստանձնելու կապակցությամբ:

Հանդիպման ընթացքում Վահրամ Կաժոյանն անդրադարձել է հայ-վիետնամական համագործակցության առաջնահերթ կետերին, այդ թվում՝ նաև մշակութային, զբոսաշրջային ու այլ բնագավառներում համագործակցությանն առնչվող հարցերի: Դեսպան Կաժոյանը նշել է, որ հայկական ընկերությունների կողմից կա մեծ հետաքրքրություն մասնակցելու 2020 թվականի «Վիետնամ ԷՔՍՊՈ»-ին, ինչը լավ հիմք կարող է դառնալ հայկական ապրանքների արտահանման համար ոչ միայն Վիետնամ, այլ նաև ԱՍԷԱՆ-ի ողջ տարածաշրջան:

Հանդիպմանը մասնակցել են ՎՍՀ արտաքին գործերի, արդյունաբերության ու էկոնոմիկայի և պաշտպանության նախարարությունների, ինչպես նաև կառավարության աշխատակազմի ներկայացուցիչները:

Armenpress.am

 

Պիտակ