«Համագործակցության լայն դաշտ կա». Փաշինյանը՝ Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկի նախագահին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկի նախագահ Դմիտրի Պանկինի գլխավորած պատվիրակությանը:
Վարչապետը նշել է, որ մեր երկրի տնտեսությունը դինամիկ կերպով աճում է եւ ՀՀ կառավարությունը շահագրգռված է Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկի հետ համագործակցության զարգացմամբ, վերջինիս կողմից մասնավոր հատվածի ֆինանսավորմամբ: Կառավարության ղեկավարի խոսքով՝ համագործակցության մեծ ներուժ կա Էներգետիկայի, զբոսաշրջության, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում:
Դմիտրի Պանկինի խոսքով՝ իր գլխավորած բանկը մեր երկրում կենտրոնացած է հիմնականում առեւտրային բանկերի միջոցով փոքր եւ միջին բիզնեսի ֆինանսավորման ուղղությամբ, սակայն առաջիկայում նախատեսում են ծրագրեր իրականացնել նաեւ ենթակառուցվածքների, էներգետիկայի ոլորտներում:
Վարչապետը ողջունել է նախաձեռնությունը՝ ընդգծելով, որ վերը նշված ոլորտներում մեր երկրում տեղի ունեցող միտումները վկայում են՝ առկա են զարգացման լայն հնարավորություններ եւ տարեցտարի ֆինանսների ներգրավման անհրաժեշտությունը մեծանալու է: «Այսինքն համագործակցության լայն դաշտ կա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը եւ ողջունել Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկի ու հայասատանյան առեւտրային բանկերից մեկի միջեւ 10 մլն դոլարին համարժեք վարկային նոր համաձայնագրի ստորագրումը, միջոցների ուղղումը փոքր եւ միջին ձեռնարկությունների վարկավորմանը:
News.am