Սի Ծինփինը երախտագիտություն է հայտնել կորոնավիրուսի դեմ պայքարում հայկական կողմի աջակցության համար
https://parstoday.ir/hy/news/armenia-i117226-Սի_Ծինփինը_երախտագիտություն_է_հայտնել_կորոնավիրուսի_դեմ_պայքարում_հայկական_կողմի_աջակցության_համար
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Թիան Էրլունին:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Փետրվար 19, 2020 08:36 Asia/Tehran
  • Սի Ծինփինը երախտագիտություն է հայտնել կորոնավիրուսի դեմ պայքարում հայկական կողմի աջակցության համար

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Թիան Էրլունին:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հայաստանի նախագահը և Չինաստանի դեսպանը, մասնավորապես, անդրադարձել են կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակին և կանխարգելման ուղղությամբ իրականացվող միջոցառումներին: Դեսպանը նախագահ Սարգսյանին է փոխանցել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինի նամակը, որով վերջինս իր երախտագիտությունն է հայտնել նախագահ Սարգսյանին՝ նշելով, որ հայկական կողմի աջակցությունը կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում իր ազդեցությունն է ունենում բարձր մակարդակում փոխադարձ վստահության, երկու երկրների և ժողովուրդների բարեկամության վրա: «Մեծապես կարևորում եմ հայ-չինական հարաբերությունների զարգացումը և պատրաստ եմ Ձեզ հետ միասին ջանքեր ներդնել երկկողմ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու համար՝ ի շահ երկու երկրների և ժողովուրդների»,- նշված է ՉԺՀ նախագահի ուղերձում:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները բարձր են գնահատել միջպետական հարաբերությունների առկա մակարդակը և վստահություն հայտնել, որ կողմերը կշարունակեն համատեղ ջանքեր գործադրել հայ-չինական բարեկամության զարգացման և գործընկերային հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ:

armenpress.am