Ստանիսլավ Զասը Նիկոլ Փաշինյանին ներկայացրել է ՀԱՊԿ շրջանակում նախանշված ծրագրերը
https://parstoday.ir/hy/news/armenia-i117617-Ստանիսլավ_Զասը_Նիկոլ_Փաշինյանին_ներկայացրել_է_ՀԱՊԿ_շրջանակում_նախանշված_ծրագրերը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 28, 2020 14:47 Asia/Tehran
  • Ստանիսլավ Զասը Նիկոլ Փաշինյանին ներկայացրել է ՀԱՊԿ շրջանակում նախանշված ծրագրերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը ողջունել է նրա այցը Երևան ու ևս մեկ անգամ շնորհավորել պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՀԱՊԿ-ի դերը տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում և հավելել. «Մենք պետք է մեր գործունեությամբ շարունակենք հետևողական քայլերը կազմակերպության արդյունավետության բարձրացման և ամրապնդման ուղղությամբ»: Կառավարության ղեկավարն ընդգծել է գլոբալ մարտահրավերներին դիմագրավելու ուղղությամբ սերտ համագործակցությունը և հույս հայտնել, որ Ստանիսլավ Զասի պաշտոնավարման ընթացքում հնարավոր կլինի հասնել առկա տարբեր խնդիրների լուծմանը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը վարչապետին է ներկայացրել կազմակերպության շրջանակում առաջիկայում նախանշված ծրագրերն ու առաջնահերթությունները, այդ թվում՝ համատեղ զորավարժությունների անցկացման, միջազգային այլ  կազմակերպությունների հետ համագործակցության ուղղությամբ:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպմանը, ինչպես նաև միջազգային ու տարածաշրջանային նշանակության մի շարք այլ հարցերի:

Armenpress.am