Թբիլիսիում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Սալոմե Զուրաբիշվիլիի հանդիպումը
https://parstoday.ir/hy/news/armenia-i117761-Թբիլիսիում_տեղի_է_ունեցել_Նիկոլ_Փաշինյանի_և_Սալոմե_Զուրաբիշվիլիի_հանդիպումը
Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վրաստան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 03, 2020 11:43 Asia/Tehran
  • Թբիլիսիում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Սալոմե Զուրաբիշվիլիի հանդիպումը

Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վրաստան:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ կառավարության ղեկավարը հյուրընկալվել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին:

Ողջունելով ՀՀ վարչապետին՝ տիկին Զուրաբիշվիլին բարձր է գնահատել երկու երկրների բարեկամական հարաբերությունները և նշել, որ այսօրվա հանդիպումներում քննարկված հարցերն ու նախաձեռնությունները նոր խթան կհանդիսանան հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ուրախ է Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում տիկին Զուրաբիշվիլիին հանդիպելու և երկու երկրների հարաբերությունների հետագա խորացման ու զարգացման հեռանկարները քննարկելու հնարավորության համար: «Հաճելի է հերթական անգամ հանդիպել Ձեզ: Կարող եմ արձանագրել, որ մեր առաջին հանդիպումից ի վեր հայ-վրացական հարաբերությունները դրական զարգացում ունեն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ համոզմունք հայտնելով, որ այցի ընթացքում կուրվագծվեն միջպետական համագործակցության զարգացման նոր հնարավորություններ:

Նիկոլ Փաշինյանը և Սալոմե Զուրաբիշվիլին քննարկել են հայ-վրացական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր: Այնուհետև քննարկումները շարունակվել են պաշտոնական ճաշի շրջանակում:

Armenpress.am