Մարտ 10, 2020 08:42 Asia/Tehran
  • Բրյուսելը Հայաստանի համար կարևոր ռազմաքաղաքական գործընկեր է. Փաշինյանի այցի ուշագրավ ուղերձները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Բրյուսելում է և հանդիպումներ է ունեցել եվրոպական մի շարք կառույցների ղեկավարների հետ՝ այդ թվում նաև ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկի հետ:

Վարչապետի այցի շուրջ ինտրիգը մեծ չէր լինի, եթե չհաջորդեր Սերժ Սարգսյանի այցին և չնախորդեր սահմանադրական հանրաքվեին:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին  վերլուծաբան Հակոբ Բադալյանը, Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը և «Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացուցիչ, իրավաբան Նարեկ Ներսիսյանը:

Հակոբ Բադալյանի դիտարկմամբ՝ վարչապետի՝ Բրյուսել կատարած այցի կարևորությունը հայ-եվրոպական հարաբերությունների համատեքստում քննարկման ենթակա չէ: «Այս այցի մասին նախապես ազդարարված չէր, և այն հետաքրքիր է Ս. Սարգսյանի այցի ֆոնին, որը նույնպես մի քանի օր առաջ եղել էր Բրյուսելում և հանդիպել Տուսկի հետ: ՀՀԿ-ն ԵԺԿ անդամ է, և այս հանգամանքը փորձում է օգտագործել Հայաստանի ներքին կյանքում իր դիրքերի ամրապնդման հարցում՝ ընդ որում մրցակցության մեջ մտնելով ոչ թե նոր իշխանության, այլ նախկին իշխանության շրջանակների հետ: Նախկին իշխանության շրջանակների մեծ մասը, այդ թվում նաև Ռ. Քոչարյանը, կողմնորոշված են դեպի Ռուսաստան, իսկ ՀՀԿ-ն Ս. Սարգսյանի հրաժարականից հետո դիրքավորվել է դեպի Եվրոպա»:

Վերլուծաբանի կարծիքով՝ Ն. Փաշինյանի այցը հետաքրքիր է նաև նրանով, որ այն տեղի ուեցավ ռազմաքաղաքական արտաքին միջավայրի բավականին թեժ իրավիճակում. «Սա այցի գլխավոր շարժառիթն է, Բրյուսելը Հայաստանի համար ռազմաքաղաքական գործընկեր է ընդհանուր շահերով՝ բալանսը ապահովելու համար, որպեսզի ռուս-թուրքական խաղում մենք լինենք ոչ թե մանրադրամ, ինչպես միշտ ենք եղել, այլ լինենք խաղացող և կարողանանք մեր շահերը թելադրել: Այս օրերին վարչապետը մի քանի անգամ կարևոր հայտարարություն արեց այն մասին, որ Կովկասով ոչ միայն Հայաստանի և Արցախի անվտանգության գիծն է անցնում, այլ նաև Եվրոպայի անվտանգության գիծը, և որ այդ գիծը պահում է հայկական Զինուժը…»:

Ազատ Արշակյանի կարծիքով՝ ժամանակն է իմանալ, թե մեր արտաքին քաղաքականությունը եվրոպական ուղղութամբ ինչպիսին է, և ճիշտ ժամանակին քայլը արվել է: «Կարևոր մի հանգամանք կա ԵԺԿ կանոնադրության մեջ. ԵԺԿ անդամ կարող են լինել միայն այն կուսակցությունները, որոնք ԱԺ-ում ներկայացված են, ՀՀԿ-ն օրենքի ուժով դուրս պետք է գա ԵԺԿ-ից»,- նկատեց նախկին պատգամավորը:

«Կառավարող ուժը՝ «Քաղաքացիական պայմանագիրը» հանդիպել է եվրոպական տարբեր քաղաքական ուժերի հետ, բայց կաևոր է, թե «Քաղաքացիական պայմանագիրն» ինչ արժեհամակարգ է որդեգրելու,- նշեց Նարեկ ներսիսիյանը:- Ես այս հանդիպումներին մեծ ուշադրություն չէի դարձնի մինչև չլուծվեր ՀՀ ինքնիշխանության հարցը, այսինքն՝ մինչև մենք չհասնենք այնպիսի իրավիճակի, երբ ՀՀ-ն ընկալվի որպես խաղացող: Այս պահին, կարծում եմ, միջանկյալ փուլում ենք, և մեզանից է կախված՝ մանրադրամի կվերածվենք, թե կդառնանք միջազգային խաղացող: Նախևառաջ պետք է հասկանանք, թե ինչ տեսլական և առաքելություն ունենք, ինչ պետական համակարգ ենք ուզում ստեղծել, և մեր ժողովրդավարությունն ինչպիսի արժեքների վրա պետք է հիմնվի»:

1in.am

 

Պիտակ