Հայաստանի ամենաթանկ գործիքը. ՀԲ կանխատեսումը
Համաշխարհային բանկը, գնահատելով համաշխարհային ռեցեսիայի պայմաններում տնտեսական աճերի հեռանկարները, Հայաստանը հետխորհրդային տարածքում դիտարկում է ամենաբարձր սպասման աստիճանով:
Ըստ ՀԲ գնահատականի՝ Հայաստանում սպասվում է 1,7 տոկոս աճ: Իհարկե, այդ աճն ինքնին չափազանց քիչ է Հայաստանի զարգացման համար, բայց կրկնենք, որ խոսքը կորոնավիրուսով պայմանավորված համաշխարհային աննախադեպ համարվող ռեցեսիայի պարագայի մասին է: Այդ պարագայում, ըստ ՀԲ փորձագետների, Հայաստանը կարող է ունենալ, կամ Հայաստանում սպասվում է հետխորհրդային տարածքի, այդ թվում՝ Կովկասի երկրների շարքում, ամենաբարձր աճը: Իսկ դա հետաքրքիր է, որքան էլ խոսքը զուտ թվային արտահայտությամբ ոչ շատ բարձր կամ հարաբերական ցուցանիշի մասին է: Իր հերթին, իհարկե, դա առաջացնում է հարց, թե ո՞րն է այդ գնահատականի հիմքը, եթե նկատի առնենք այն, որ տնտեսական մեկնարկային պայմաններով, այսպես ասած, կուտակած պաշարներով և բնական ռեսուրսային հարստությամբ Հայաստանը, մեղմ ասած, առաջատարը չէ:
ՀԲ գնահատականն ըստ ամենայնի արտացոլում է Հայաստանում թավշյա հեղափոխությանը հաջորդած շրջանը և այդ շրջանում ծավալված իրողությունները: Ու թեև տնտեսական ռեֆորմացիայի, համակարգային ռեֆորմացիայի առումով Հայաստանի հետհեղափոխական երկամյակը առանձնապես տպավորիչ ցուցանիշ չունի, այդուհանդերձ, եղածը փաստորեն բավարար է համարվում դրական սպասումների էական աստիճանի պահպանման համար: Մյուս կողմից, սակայն, ՀԲ կանխատեսումն այդ իմաստով թերևս պետք է դիտարկվի նաև որպես Հայաստանից համաշխարհային տնտեսության պատասխանատու սպասում, այսինքն՝ պատասխանատվություն առաջացնող սպասում, ինչը նշանակում է, որ ՀԲ կանխատեսումը ինքնաբերաբար իրականանալիք բան չէ: ՀԲ կանխատեսումը աշխատանքի պատասխանատվություն է և ավելին՝ մի նշաձող, որին պետք է ձգտել, և որը պետք է գերազանցել: Այսինքն՝ եթե Հայաստանի աճի սպասումը ամենից բարձրն է հետխորհրդային տիրույթում, դա դեռ չի նշանակում, որ այն, ի վերջո, ամենից բարձրն էլ մնալու է: Ամեն ինչ կախված է այն հանգամանքից, թե Հայաստանն ինչպես կաշխատի՝ ի տարբերություն մյուս հետխորհրդային երկրների: Այդ աշխատանքն է, որ վերջում պետք է տա պատասխան՝ պահպանե՞լ է Հայաստանն առաջատարությունն արդեն սպասման կապիտալիզացիայի առումով, թե՞ ոչ: Իսկ դա ենթադրելու է աշխատանք ոչ միայն ներսում, այլ նաև դրսի, այսինքն՝ արտաքին ուղղությամբ, ընդ որում՝ թե՛ տնտեսական, թե՛ նաև քաղաքական, իսկ գուցե նույնիսկ ռազմա-քաղաքական:
Որովհետև Համաշխարհային բանկի կանխատեսումը, անկասկած չլինելով բոլորովին միարժեք, նաև ամենևին լոկ տնտեսական չէ: Համաշխարհային բանկը համաշխարհային ռազմա-քաղաքականության տնտեսական գործիքներից մեկն է, ըստ այդմ՝ այդ գործիքից ստացվող որևէ ազդակ պետք է դիտարկել ամենայն բազմաշերտության մեջ, և գնահատել ըստ այդմ, ու անել դրանից բխող եզրահանգումները: Դրանցում իհարկե պետք է անվերապահ գերակայություն տրվի մի հանգամանքի՝ Հայաստանի որևէ աճ չպետք է տեղի ունենա երկրի սուվերենության աստիճանի հաշվին, համաշխարհային ոչ մի ուղղությամբ: Սուվերենությունը ներկայիս համաշխարհային շրջափուլում կարող է լինել Հայաստանի, թերևս, ամենաթանկ, ամենաարժեքավոր կապիտալն ու գործիքը:
1in.am