Սկանդալ Հայաստանի հարևանությամբ. Երևանը պետք է պատրաստ լինի նոր խաղի
https://parstoday.ir/hy/news/armenia-i119778-Սկանդալ_Հայաստանի_հարևանությամբ._Երևանը_պետք_է_պատրաստ_լինի_նոր_խաղի
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է, որ, եթե Ուկրաինայի նախագահը փոխվարչապետ նշանակի Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին, ապա Վրաստանը հետ կկանչի Ուկրաինայում իր դեսպանին, առնվազն խորհրդակցությունների համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 25, 2020 07:11 Asia/Tehran
  • Սկանդալ Հայաստանի հարևանությամբ. Երևանը պետք է պատրաստ լինի նոր խաղի

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է, որ, եթե Ուկրաինայի նախագահը փոխվարչապետ նշանակի Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին, ապա Վրաստանը հետ կկանչի Ուկրաինայում իր դեսպանին, առնվազն խորհրդակցությունների համար:

Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ Սաակաշվիլին Վրաստանում մեղադրվում է ծանր հանցագործությունների համար, և իրենց համար անընդունելի է, որ նա Ուկրաինայում զբաղեցնի բարձր պաշտոն: Վրաստանի նախկին նախագահին փոխվարչապետի պաշտոնին նշանակելու նախագահ Զելենսկու առաջարկը առանցքային քաղաքական լուր է ոչ միայն Ուկրաինայի, այլ, թերևս, նաև հետխորհրդային քաղաքական տարածության համար, հաշվի առնելով նաև այն, որ Ուկրաինան ԵՄ Արևելյան գործընկերության անդամ է, աշխարհաքաղաքական կարևոր կորում գտնվող առանցքային կետ: Նաև հասկանալի է Սաակաշվիլիի քաղաքական դերակատարման հանգամանքը հենց Վրաստանի նախագահի պաշտոնում եղած տարիների համար, որոնք շրջադարձային էին Կովկասի համար:

Այդ իմաստով, Սաակաշվիլիին արվող առաջարկը հետաքրքիր է մի շարք ասպեկտներով, և պակաս հետաքրքիր չէ այն, որ Վրաստանը պաշտոնապես հայտարարում է այդօրինակ զարգացման անընդունելիության համար: Կբերի՞ դա ուկրաինա-վրացական սկանդալի, թե՞ Զելենսկին կհրաժարվի իր մտադրությունից: Բայց թվում է, որ առաջարկն ու գործընթացը հասունացել են այնքան, որ պատկերացնելի չէ Վրաստանի դժգոհության պատճառով դրանից հրաժարումը: Դա կլինի Զելենսկու համար քաղաքական պարտություն: Միաժամանակ, վրաց-ուկրաինական սկանդալն այդ առումով իր հետք է թողնելու հետխորհրդային-արևելաեվրոպական կորի երկայնքով, դա անկասկած է, եթե չասենք, որ Սաակաշվիլիին արված առաջարկն արդեն իսկ ինքնին խորքային զարգացումների ազդեցություն է:

Միաժամանակ պետք է հետաքրքիր դիտարկել Ադրբեջանի դիրքորոշումը: Բաքուն հեռախոսային խոսակցություն է կազմակերպել արտգործնախարարների մակարդակով, և Ուկրաինայի արտգործնախարարն ընդունել է Բաքու այցելելու Մամեդյարովի հրավերը:

Նկատենք, որ Ադրբեջանը Կովկասի առաջին և առայժմ միակ երկիրն է, որտեղ այցելել է Զելենսկին նախագահ ընտրվելուց հետո: Այդպիսով, նկատելիորեն հասունանում է բավականին ուշագրավ զարգացում ուկրաինական և արևելաեվրոպական կորի ուղղությամբ, որտեղ Հայաստանն ունի այսպես ասած՝ երկակի դերակատարում: Բանն այն է, որ խոսքն այն կորի մասին է, որտեղ գտնվում ենք նաև մենք, և թերևս պետք է պատրաստվել բազմաշերտ ու բազմանդամ նոր խաղի, ու նաև՝ անմիջապես Ուկրաինայում զարգացումների առանցքային կետում է մեր հայրենակից Արսեն Ավակովը, այդ երկրի ներքին գործերի նախարարը, որը ներկայումս Ուկրաինայի ամենաազդեցիկ դեմքերից մեկն է, որը միակն է Պորոշենկոյի կառավարությունից, որ պահել է իր տեղը Զելենսկու կառավարման շրջանում:

Հայտնի է նաև Սաակաշվիլի-Ավակով կոնֆլիկտը դեռ Սաակաշվիլիի՝ Օդեսայի նահանգապետ եղած շրջանից:

Միաժամանակ, իրադարձությունների զարգացումը հետաքրքիր է նաև Արևելյան գործընկերության երկրներին Եվրոպայի խորհրդի առաջարկի զուգակցմամբ, որով նախատեսվում է ստեղծել ԱլԳ ու ԵՄ միասնական տնտեսական տարածք:

1in.am