Միջազգային կառույցներին ուղարկեցինք ադրբեջանական ԶՈւ գնդակոծությունների վերաբերյալ առաջին միջանկյալ զեկույցը. ՄԻՊ
https://parstoday.ir/hy/news/armenia-i122852-Միջազգային_կառույցներին_ուղարկեցինք_ադրբեջանական_ԶՈւ_գնդակոծությունների_վերաբերյալ_առաջին_միջանկյալ_զեկույցը._ՄԻՊ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել.
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 13, 2020 09:14 Asia/Tehran
  • Միջազգային կառույցներին ուղարկեցինք ադրբեջանական ԶՈւ գնդակոծությունների վերաբերյալ առաջին միջանկյալ զեկույցը. ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել.

«Քիչ առաջ միջազգային կառույցներին ուղարկեցինք Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ուղղությամբ հուլիսի 12-ին և 13-ին ադրբեջանական զինված ուժերի գնդակոծությունների վերաբերյալ առաջին միջանկյալ զեկույցը՝ անգլերեն լեզվով: Այն կազմվել է գիշերվա ընթացքում։

Առանձին ընթացակարգով զեկույցն ուղարկվում է նաև ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին: Հատուկ նշում եմ, որ այսպիսի հնարավորություն ունեն բացառապես «A» միջազգային կարգավիճակ ունեցող Մարդու իրավունքների ազգային հաստատությունները:

Միջանկյալ զեկույցը կազմվել է՝ հիմքում ունենալով տեղեկությունների և փաստերի հավաքագրման մեր ինքնուրույն աղբյուրները:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է իրականացնել մշտադիտարկման աշխատանքներ՝ անմիջական կապ պահպանելով Տավուշի մարզի Մովսես և մի շարք այլ գյուղերի բնակիչների, քաղաքացիական համայնքների վարչական մարմինների, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարության հետ՝ պաշտոնական հաղորդակցությամբ:

Այսօր առավոտյան ևս արձանագրվել են տեղեկություններ Մովսես և մի շարք այլ խաղաղ բնակավայրերի անմիջական հարևանությամբ ադրբեջանական կողմի գնդակոծության, Հայաստանի այդ քաղաքացիական բնակավայրերի, նրանց բնակիչների առողջության, կյանքի ու սեփականության համար իրական վտանգի մասին»:

1in.am