Խստորեն դատապարտում ենք տարածաշրջանում անկայունություն հրահրելու Թուրքիայի փորձերը․ ՀՀ ԱԳՆ
https://parstoday.ir/hy/news/armenia-i122880-Խստորեն_դատապարտում_ենք_տարածաշրջանում_անկայունություն_հրահրելու_Թուրքիայի_փորձերը_ՀՀ_ԱԳՆ
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Թուրքիայի արտաքին գերատեսչության հայտարարությանը, որով այդ երկիրը անվերապահ աջակցություն է հայտնել Ադրբեջանին՝ փաստացիորեն արդարացնելով Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական սահմանին ուժի կիրառումը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 13, 2020 14:51 Asia/Tehran
  • Խստորեն դատապարտում ենք տարածաշրջանում անկայունություն հրահրելու Թուրքիայի փորձերը․ ՀՀ ԱԳՆ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Թուրքիայի արտաքին գերատեսչության հայտարարությանը, որով այդ երկիրը անվերապահ աջակցություն է հայտնել Ադրբեջանին՝ փաստացիորեն արդարացնելով Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական սահմանին ուժի կիրառումը։

 «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ ԱԳՆ մեկնաբանությունը

«Հուլիսի 12-ին Թուրքիայի ԱԳ նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով ոչ միայն իր երկրի անվերապահ աջակցությունն է հայտնում Ադրբեջանին՝ փաստացիորեն արդարացնելով Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական սահմանին ուժի կիրառումը, այլև տարածում է բացահայտ սուտ և ապակողմնորոշիչ տեղեկատվություն:

Թուրքիայի այս սադրիչ կեցվածքը և Հայաստանի դեմ ուղղված անհիմն մեղադրանքները հաստատում են այն իրողությունը, որ այդ երկիրը գործում է ոչ թե որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, այլ ԼՂ հակամարտության մեջ ներգրավված կողմ: Այս իրողությունն առավել քան անհնար է դարձնում միջազգային՝ նախևառաջ ԵԱՀԿ շրջանակներում Թուրքիայի որևէ դերակատարում, որն առնչվում է ղարաբաղյան հակամարտությանը:

Թուրքիայի ձգտումը՝ միջամտելու իր հարևան տարածաշրջաններում առկա հակամարտություններին, արդեն իսկ հանգեցրել են այդ տարածաշրջաններում անվտանգության խաթարմանը և անկայունության տարածմանը:

Խստորեն դատապարտում ենք մեր տարածաշրջանում անկայունություն հրահրելու Թուրքիայի փորձերը և հաստատում, որ ՀՀ-ն շարունակելու է հետևողականորեն հանդես գալ միջազգային և տարածաշրջանային անվտանգության պահպանման և ամրապնդման դիրքերից՝ այդ ուղղությամբ սերտորեն համագործակցելով իր միջազգային գործընկերների հետ»:

Armenpress.am