Չորրորդ օրն անընդմեջ` Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային ինտենսիվ հակամարտության վերջին զարգացումները
Վերջին զեկույցները ցույց են տալիս, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային բախումները շարունակվում են Տավուշի սահմանային շրջանում: Երկու երկրների միջև լարվածության դադարեցման կամ նվազեցման որևէ նշան չկա:
09:07 - Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարեւելյան հատվածում ժամը 00:15-ից մինչ այս պահը պահպանվում է հարաբերական անդորր։ Գիշերվա ընթացքում հրետանային միջոցներ չեն կիրառվել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:
11:16 - «Այս պահի դրությամբ շարունակվում է երեկվա հարաբերական անդդորը, հանգիստ վիճակը: Արցախյան հատվածում էլ է հանգիստ եղել, արտառոց բան տեղի չի ունեցել»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
11:26 -Հայ-ադրբեջանական սահմանային հատվածում կամավորների կարիք չկա, ՀՀ զինված ուժերն իրենց խնդիրը փայլուն կատարել և կատարում են, կոնֆլիկտի բնույթն այնպիսին չէ, որ ՀՀ-ն պահեստազորայինների կամ կամավորների աջակցության դիմի, Իջևանում հայտարարել է Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը։
11:35 - Ադրբեջանը հարվածային անօդաչու թռչող սարքով թիրխավորել է Բերդի քաղաքացիական ենթակառուցվածքները․ տուժածներ չկան։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:
11:43 - Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ծավալված գործողությունների ընթացքում վիրավորում ստացած ՀՀ Զինված ուժերի զինծառայողներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
11:44 - Ադրբեջանի կողմից վերջին տարիներին Հայաստանի սահմանային գոտում հարձակումներից հետո Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատը մտադիր է քննարկել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին պաշտպանական միջոցների մատակարարումն արգելափակելու հարցը: Այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:
11:46 - Հուլիսի 14-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Արտգործնախարարները քննարկել են հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը: Նախարար Մնացականյանն իր կիպրացի գործընկերոջը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել Ադրբեջանի սադրիչ գործողությունների, այդ թվում վերջինիս կողմից քաղաքացիական ենթակառուցվածքների և բնակչության թիրախավորման վերաբերյալ: Այս առնչությամբ Կիպրոսի ԱԳ նախարարը դատապարտել է Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ագրեսիան:
12:23 - Փարիզում Ադրբեջանի դեսպանատան շենքի մուտքը ներկվել է «Ո՛չ պատերազմին» և «Կանգնեցրե՛ք Ալիևին» գրություններով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Զարթոնք Մեդիա»-ն:
Դեսպանատան շենքի մուտքի առջև և դիմային հատվածում նման գրություններ են հայտնվել հուլիսի 14-ի գիշերը: Ադրբեջանի դեսպանության դռան վրա նաև արնագույն ներկ է թափվել՝ խորհրդանշելով խաղաղ հայ հարևանների նկատմամբ Ալևի արյունարբու ռեժիմի գործողությունները:

12:59 - ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հաշվի առնելով հայ-ադրբեջանական պետական սահմանին հակառակորդի կողմից վերջին օրերին հրահրված սադրանքները, ինչպես նաև իրադրության սրման տեսական հնարավորությունը, կոչ է անում հանրությանը և ԶԼՄ-ների ներկայացուցիչներին չօգտվել ադրբեջանական տեղեկատվական ռեսուրսներից։
13:03 - Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն անգլերենով երկրորդ միջանկյալ զեկույցն է ուղարկում միջազգային կառույցներին՝ կապված Հայաստանի Տավուշի մարզի ուղղությամբ հուլիսի 12-14-ի ադրբեջանական զինված ուժերի հրետակոծությունների և գնդակոծությունների հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
15:58 - Երևանը մտադիր չէ Ռուսաստանից լրացուցիչ զենք խնդրել։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս մասին ասել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը՝ պատասխանելով հարցին՝ Ադրբեջանի հետ սահմանին իրավիճակի լարվածության ֆոնին արդյո՞ք Հայաստանը զենքի լրացուցիչ մատակարարումների հարցով կդիմի ՌԴ-ին։ «Լրացուցիչ մատակարարումների կարիք այսօրվա դրությամբ չկա»,- ասել է դեսպանը։Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝
16:13 - ««Սու-30CM»-ները դուրս են գալիս մարտական հերթապահության՝ ապահովելու ՀՀ օդային սահմանների անձեռնմխելիությունը»,- ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու տեսանյութ հրապարակել: Իսկ ՊՆ խոսնակը հավելել է. «Սու-30 ՍՄ բազմաֆունկցիոնալ գերժամանակակից կործանիչների մարտական հերթապահությունը կրելու է մշտական բնույթ»:
16:17 - Ռուսական ուղղաթիռները պարեկություն չեն իրականացնում հայ–թուրքական սահմանին։ Ռուսաստանի ՀՌՕ–ից Sputnik Արմենիային հայտնեցին, որ նախատեսված լայնածավալ զորավարժություններ են ընթանում։