Հայաստանի համարձակ որոշում. ԼՂ-ի (Արցախ) հետ ռազմաքաղաքական պայմանագիր
Հայաստանի ոստիկանապետը հուլիսի 24-ին ընդունել է ԼՂ-ի (Արցախ) ոստիկանապետին, ստորագրվել է գործակցության հուշագիր:
Այդ ընթացիկ տեղեկատվությունը հատկանշական է հնչում նախօրեին վարչապետ Փաշինյանի ելույթի ֆոնին, որը վերաբերում էր Տավուշում Հայաստանի հուլիսյան հաղթանակին, և որի շրջանակում վարչապետ Փաշինյանը խոսում էր Հայաստանի և ԼՂ-ի (Արցախ) միասնական անվտանգային համակարգը առավել ամրապնդելու, նաև Հայաստան- ԼՂ սերտ գործակցությանը նոր բովանդակություն հաղորդելու անհրաժեշտության մասին:
Այդ համատեքստում հիշարժան է դեռևս 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ԵԱՀԿ դեսպանների հետ Սերժ Սարգսյանի հանդիպումն ու հայտարարությունների շարքում մեկը, թե հանձնարարել է արտգործնախարարությանը պատրաստել ԼՂ-ի (Արցախ) հետ ռազմաքաղաքական գործակցության պայմանագիր: Հետագա իրադարձություններում պայմանագիրը մոռացվեց, իսկ լրագրողների հարցերին սովորաբար պատասխանում էին, թե այն ուր որ է պատրաստ կլինի ամբողջապես: Անկասկած էր, սակայն, որ այդ հայտարարությունը Սերժ Սարգսյանն արել էր պահի թելադրանքով, իսկ հետագայում դարձյալ իրավիճակի թելադրանքով համարել էր դրա շարունակությունը ոչ նպատակահարմար: Այստեղ թերևս պատճառն այն էր, որ Սարգսյանը, ունենալով ներքին լեգիտիմության խնդիրներ, անկարող էր ստանձնել այնպիսի քայլերի պատասխանատվություն, որը ամրություն էր պահանջելու դրանք միջազգային ասպարեզում հաստատելու համար:
Նիկոլ Փաշինյանը տավուշյան իրողություններին հաջորդած ելույթում արձանագրեց, որ հուլիսյան հաղթանակը ամրացրել է Հայաստանի դիրքերը: Խոսքը ոչ միայն ռազմական դիրքերի մասին էր: Ըստ այդմ, հարց է ծագում՝ նոր դիրքում Հայաստանը կարո՞ղ է համարձակ որոշումներ կայացնել ԼՂ-ի (Արցախ) հետ գործակցության բովանդակային իմաստով էական առաջընթացի համար: Չէ՞ որ թե՛ հանրային լեգիտիմությունը, թե՛ նաև Տավուշում ռազմական հաջողությունը Փաշինյանին տալիս են դիվանագիտական ասպարեզում համարձակ քայլերի հնարավորություն: Առավել ևս, երբ ակնառու է, որ արցախյան խաղաղ գործընթացը հանգել է մի զրոյական կետի, որից այն կողմ պետք է շարունակվի այլ բան:
Ըստ այդմ՝ խնդիրը այն է, թե ո՞վ պետք է ձևավորի այն գերակա, այսպես ասած՝ տրենդային միջավայրը, դեպի որը պետք է շարունակվի գործընթացը այդ զրոյական կետից: ԼՂ-ի (Արցախ) հետ Հայաստանի հարաբերության իրավապայմանագրային նոր մակարդակն այս դեպքում դառնում է էական՝ զրոյական կետում նոր իրողություններ ձևավորելու և ռազմավարական նպատակները արդեն դրանց վրա կառուցելու համար:
Երևանը հայտարարել է ԼՂ-ի ( Արցախ) սուբյեկտության բարձրացման քաղաքականության, ռազմավարության մասին: Այդ սուբյեկտությունը հնարավոր չի լինի բարձրացնել այլ շրջանակում, եթե այն էապես չի բարձրանում Հայաստան- ԼՂ ( Արցախ) ձևաչափում: Միաժամանակ, դրա միջոցով Հայաստանը կարող է ստանալ արտաքին միջավայրում ԼՂ-ի (Արցախ) սուբյեկտության առաջմղման նոր գործիքներ, որոնք ոչ միայն ավելորդ չեն լինի, այլև կարող են մեծ անհրաժեշտություն լինել նոր աշխարհակարգի ձևավորման լայն շրջափուլում:
1in.am