Լիբանանից ՀՀ է տեղափոխվել 56 հոգի. ևս 45-ը հայրենիք կժամանեն հումանիտար
https://parstoday.ir/hy/news/armenia-i124182-Լիբանանից_ՀՀ_է_տեղափոխվել_56_հոգի._ևս_45_ը_հայրենիք_կժամանեն_հումանիտար
Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո Հայաստանից Լիբանան մեկնած հումանիտար օգնության երկու ինքնաթիռով հայրենիք է տեղափոխվել 56 հոգի, ևս 45-ը Երևան կժամանեն երրորդ ինքնաթիռով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 12, 2020 05:49 Asia/Tehran
  • Լիբանանից ՀՀ է տեղափոխվել 56 հոգի. ևս 45-ը հայրենիք կժամանեն հումանիտար

Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո Հայաստանից Լիբանան մեկնած հումանիտար օգնության երկու ինքնաթիռով հայրենիք է տեղափոխվել 56 հոգի, ևս 45-ը Երևան կժամանեն երրորդ ինքնաթիռով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Առաջին երկու թռիչքների միջոցով հայրենիք են տեղափոխվել մեր 56 հայրենակիցներ, իսկ այսօր գիշերը Լիբանանից վերադարձող ինքնաթիռով ևս 45 հոգի կժամանի Երևան: Հայաստան են տեղափոխվել մեր այն հայրենակիցները, որոնք Բեյրութում պայթյունի արդյունքում անօթևան ու առանց ապրուստի միջոցների են մնացել, ՀՀ քաղաքացի են կամ ՀՀ քաղաքացու ընտանիքի անդամ, Հայաստանում կեցավայր ունեն»,- գրել է փոխվարչապետը:

Ավինյանը հավելել է, որ հայ ժողովուրդը եղբայրական Լիբանանի կողքին է և օժանդակությունը շարունակական է լինելու:

Քիչ անց Լիբանան կուղևորվի հումանիտար աջակցությամբ բեռնված հայկական երրորդ ինքնաթիռը: Հայաստանն ու Արցախը երեք թռիչքների արդյունքում Լիբանանին են տրամադրելու ավելի քան 36 տոննա առաջին անհրաժեշտության ապրանքներ, սննդամթերք ու դեղորայք:

Օգոստոսի 4-ին հզոր պայթյուն է որոտացել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում: Ականատեսները տեսանկարահանել են կատարվածն ու ներկայացրել ավերածությունները, որոնք տեղի են ունեցել շրջակայքում: Տեսանկարահանումը ֆիքսել է հարվածային ալիքը, որը ցնցել է մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող շինությունները: Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը գերազանցել է 220-ը, վիրավորվել է ավելի քան 5 հազար մարդ: Պայթյունի հետևանքով զոհվել է 13, վիրավորվել՝ 300 հայ։ 

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio