Համատեղ շատ մեծ օրակարգ ունենք․ կայացել է Նիկոլ Փաշինյանի Արայիկ Հարությունյանի առանձնազրույցը
https://parstoday.ir/hy/news/armenia-i124869-Համատեղ_շատ_մեծ_օրակարգ_ունենք_կայացել_է_Նիկոլ_Փաշինյանի_Արայիկ_Հարությունյանի_առանձնազրույցը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով վ է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 30, 2020 04:39 Asia/Tehran
  • Համատեղ շատ մեծ օրակարգ ունենք․ կայացել է Նիկոլ Փաշինյանի Արայիկ Հարությունյանի առանձնազրույցը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով վ է:

Ստեփանակերտում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և   ԼՂ-ի  (Արցախի Հանրապետություն)   նախագահ Արայիկ Հարությունյանի առանձնազրույցը:

«Մեծարգո պարոն վարչապետ, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել հերթական անգամ   ԼՂ (Արցախի Հանրապետություն) այցելելու կապակցությամբ: Ցանկանում եմ կիսվել երեկ Սարդարապատում կայացած միջոցառման կապակցությամբ: Երեկ խորհրդանշական օր էր, որովհետև Հայաստանի Հանրապետության առիթով հերոսացման առիթներ շատ ենք ունեցել, բայց ունենալ այնպիսի հաջողություն, որը մենք արձանագրել ենք հուլիսյան օրերին Տավուշում և ծանոթանալով մեր հերոսների սխրագործությանը, ակամայից հիշել եմ 1990-ական թվականները` պատերազմի ժամանակահատվածը: Նշեմ, որ դա մեր հերթական հաղթանակն է անկախության տարիներին: Տպավորված եմ և այսօր ողջ օրվա ընթացքում շփումների ժամանակ կիսել եմ այն ապրումները, որոնք ունեցել եմ: Ցանկանում եմ բոլորիս շնորհավորել երեկվա կապակցությամբ: Դա հերթական ապացույցն է, որ մեր ընտրած ճանապարհը ճիշտ է:

Կրկին ցանկանում եմ ողջունել Ձեզ ԼՂ-ում (Արցախի Հանրապետություն): Մենք նախանշել ենք ոչ միայն այցելություն Զինված ուժեր, առաջնագիծ, նաև տնտեսական խոշոր որոշ նախագծեր, որոնք համակարգաստեղծ նշանակություն ունեն ոչ միայն ԼՂ-ի (Արցախի Հանրապետություն) տնտեսության, այլ նաև մեծ նշանակություն են ունենալու մեր ընդհանուր Հայաստան աշխարհի, Հայաստանի Հանրապետության տնտեսության համար: Բարով եք եկել»,-ասել է Արայիկ Հարությունյանը:

«Մեծարգո պարոն նախագահ, ուրախ եմ մեր հերթական հանդիպման համար: Սա Ձեր երդմնակալության արարողությունից հետո առաջին այցն է ԼՂ-ի (Արցախի Հանրապետություն): Իհարկե, մենք մի շարք այցելություններ կունենանք, նաև առիթ կունենանք քննարկելու տարածաշրջանում տեղի ունեցող պրոցեսները: Ցավոք, ռազմաքաղաքական իրավիճակը մեր տարածաշրջանում շարունակում է մնալ լարված, ականատես ենք լինում սադրիչ գործողությունների, բայց մյուս կողմից մեր մարտավարությունը և ռազմավարությունը և մեր փոխգործակցության, և մեր զարգացման ռազմավարությունը չի փոխվում, որովհետև այդ սադրանքները, որոնք տեղի են ունեցել և տեղի են ունենում, մեզ համար կանխատեսելի են: Մենք բազմիցս քննարկել ենք հնարավոր պարամետրերը: Իհարկե, մենք համատեղ շատ մեծ օրակարգ ունենք սկսած Հայաստանի զինված ուժերի և ԼՂ-ի (Արցախի Հանրապետություն) պաշտպանության բանակի բնականոն զարգացումից: Իհարկե, մենք նաև որոշակի պարտավորություններ ենք ստանձնել ԼՂ-ում (Արցախի Հանրապետություն) տնտեսության, էներգետիկ ոլորտում ունենք բավականին լայն օրակարգ: Ցավոք, նոր տիպի կորոնավիրուսի համավարակը որոշակիորեն փոխեց տնտեսական տրամադրությունը, և մենք պետք է ավելի շատ ջանք գործադրենք, որպեսզի տնտեսական տրամադրությունը ոչ միայն վերադարձնենք նախահամավարակային շրջանին, այլև շատ ավելի բարձր նոտաներ հաղորդենք:

Համաձայն եմ, երեկվա միջոցառումը շատ կարևոր էր և ուրախ եմ, որ Ստեփանակերտում էլ համանման մի արարողություն ենք ունենալու, ինչը շատ կարևոր է: Կարծում եմ, նման միջոցառումները, նման որոշումները մեծացնում են մեր ազգային համախմբվածության մակարդակը և մեզ նոր ուժ ու լիցք են տալիս, որովհետև մեր կենդանի հերոսները, մեր նահատակները, իհարկե, այն ուղենիշն են, որոնց երազանքների և նպատակադրումների իրագործումը մեզ համար պիտի դառնա ամենօրյա խնդիր: Իհարկե, մենք պետք է հասկանանք, որ դա մեկ գործողությամբ չէ տեղի ունենալու, պարզապես մենք պետք է լինենք հետևողական»,- ինչպես «Արմենպրես»-ին  տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,  նշել է Նիկոլ Փաշինյանը:

«Մի քանի նախադասությամբ կցանկանայի ներկայացնել տնտեսական իրավիճակը. անմիջական Ձեր ղեկավարությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության ստեղծած հնարավորությունը թույլ է տալու տարին փորձել ամփոփել առանց անկման: Սա մեզ համար կլինի լուրջ հաջողություն, իսկ մյուս տարի կնախատեսենք երկնիշ աճի տեմպ` հիմքում ունենալով այն ծրագրերը, որոնք այսօր սկսել ենք կյանքի կոչել: Դրանք ուղղված են ենթակառուցվածքների զարգացմանը, լայնածավալ ճանապարհաշինությանը, ոռոգման համակարգերի կառուցմանը: Արդեն սկսված է մեր ամենախոշոր ծրագիրը` ոռոգման համակարգերի արդիականացման ու զարգացման, որոնք նախատեսում ենք ավարտել մեկուկես տարում: Այս փուլում նախատեսում ենք 35 հազար հեկտար ոռոգելու հնարավորություն, ինչը ոչ միայն տնտեսական ցուցանիշներն է կարգավորելու, այլ նաև ինչպես քննարկել ենք անվտանգության խորհուրդների համատեղ նիստին մեր ընդհանուր հայրենիքի պարենային անվտանգության խնդիրներն ենք լուծելու:

Իհարկե, սրանով չենք սահմանափակվելու, վերամշակման, մանավանդ սննդի արդյունաբերության առումով ունենք նախանշված ուղղություններ: Ընդհանուր առմամբ, սննդի վերամշակման ոլորտը լինելու է մեր գլխավոր ուղղություններից մեկը, և արդեն այսօր նոր հնարավորություններ ենք փնտրում նոր շուկաներ մուտք գործելու նպատակով:

Կրկին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր ամենօրյա օպերատիվ համագործակցության, կառավարության ստորաբաժանումների օպերատիվ արձագանքման, հնարավորության դեպքում մեր բարձրացրած խնդիրներին աջակցություն ցուցաբերելու համար: Դա մեզ համար ամենագլխավորն է»,-նշել է ԼՂ-ի (Արցախի Հանրապետություն)  նախագահը:                   

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio