Խոշոր սադրանք է հասունանում հայ-վրացական հարաբերության դեմ
Ադրբեջանական քարոզչամեքենան նշանակալի ուշադրության է արժանացրել Թբիլսիի 23-ամյա բնակչուհի Թամար Բաչալիաշվիլիի մահվան հանգամանքը:
Երիտասարդ աղջկա դին հուլիսի վերջին հայտնաբերել էին իր իսկ մեքենայի հետնամասում: Հարուցվել է քրգործ՝ ինքնասպանության հիմնական վարկածով: Աղջկա ընտանիքը սակայն համաձայն չէ դրան եւ պահանջում է, որ գործը վերաորակավորվի դիտավորյալ սպանության:
Ինչ է կատարվել երիտասարդ աղջկա հետ, որը տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ է: Ադրբեջանական քարոզչությունը, հղում անելով ծնողներին, որոնք բողոքում են Վրաստանի իրավապահներին, հայտնում է, իբրեւ թե աղջկան պատահաբար հասանելի են դարձել տվյալներ Վրաստանի պաշտոնյաների մասին, որոնք առնչություն ունեն «ղարաբաղյան հակամարտության գոտի զենք ուղարկելու» հետ: Մայրն, ըստ ադրբեջանցիների, կոչ է անում Թուրքիայի ու Ադրբեջանի ղեկավարությանը հետաքրքրվել դրանով եւ տեղեկություն պահանջել Վրաստանի իշխանությունից:
Վրաստանը մոտենում է նախընտրական թեժ շրջանի: Վրաստանի խորհրդարանի ընտրությունը տեղի է ունենալու թե ռեգիոնալ, թե աշխարհքաղաքական ոչ պակաս ինտենսիվ զարգացումների եւ վերափոխումների փուլում: Դա նշանակում է, որ լինելու են Վրաստանի ներքին իրավիճակի վրա արտաքին ազդեցության էական փորձեր:
Թուրքիան ու Ադրբեջանն օգտագործելու են ցանկացած առիթ Վրաստանի իրավիճակի վրա ազդելու, միաժամանակ հայ-վրացական հարաբերությունը տորպեդահարելու համար: Այդ ջանքը Անկարան ու Բաքուն հատկապես աշխուժացնելու են այն հարվածից հետո, որ ստացան Տավուշում, որտեղ հայկական բանակը փաստացի գցեց ոչ միայն հայկական, այլ ռեգիոնալ անվտանգության ռազմավարական նշանակության դիրքային ռազմա-քաղաքական հանգույց, որի էական շահառու է նաեւ Վրաստանը:
Անկարան ու Բաքուն չեն էլ թաքցնում իրենց պատմական եւ տարածքային հավակնությունը Վրաստանի նկատմամբ:
Խիստ հատկանշական է օրերս Վրաստանի դեսպանի եւ Հայաստանում առաքելությունն ավարտող Վրաստանի ռազմական կցորդի այցը Հայաստանի ՊՆ եւ հանդիպումը նախարար Տոնոյանի հետ: Այդ հանդիպմանն ընդգծվել էր Հայաստանի եւ Վրաստանի անվտանգության փոխկապակցվածությունը եւ դրանից բխող գործակցության հեռանկարները:
Իհարկե ակնառու է հենց այն, որ դրանից էլ նաեւ բխում է, որ հատկապես Վրաստանի խորհրդարանի ընտրության համատեքստում հայ-վրացական հարաբերությունը մտնում է սադրանքային նկատելիորեն բարձր ռիսկայնության փուլ, որտեղ շահառու սուբյեկտները կանգ չեն առնի անգամ ողբերգական առիթների առաջ, ինչպիսին երիտասարդ աղջկա մահն է, գործիք դարձնելով ողբերգության ծանր հարվածի տակ գտնվող սգակիր ծնողերին:
Lragir.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio