Սադրանք Նախիջեւանից. հիբրիդային գրոհ Վրաստանի դեմ
Վրացի սահմանապահները կանգնեցրել են թուրքական բեռնատարը, որը վարորդի խոսքով ուղեւորվել է Նախիջեւանից եւ Վրաստան էր տեղափոխում աղ, սահմանապահները բացատրություն են պահանջել բեռնատարի վրա երկու խոշոր դիմանկարների կապակցությամբ:
Դրանցից մեկը Օմար Խալիսդեմիրն է, որը զոհվել է 2016 թվականին Թուրքիայում հեղաշրջման փորձի դեմ գործողություններում, իսկ մյուսը՝ Մուբարիզ Իբրահիմովը:
Իբրահիմովը 2010 թվականին Չայլու գյուղի հայկական դիրքերի ուղղությամբ դիվերսիա իրականացրած զինծառայողն էր, որի դիվերսիոն գործողությունը խլել էր չորս հայ զինծառայողի կյանք: Իբրահիմովը զոհվել էր հայկական զինուժի պատասխան գործողությունից եւ նրա դին մնացել էր հայկական կողմում: Իլհամ Ալիեւը Իբրահիմովին հետմահու շնորհեց Ադրբեջանի հերոսի կոչում:
Եվ ահա, թուրք վարորդը իր բեռնատարի վրա երկու այդ անձանց դիմանկարներով հատել է Վրաստանի տարածքը, ընդ որում ինչպես նշում են ադրբեջանական աղբյուրները՝ հերթական անգամ: Եվ վրաց սահմանապահները հերթական անգամ քայլ են արել դիվերսիան կանխելու ուղղությամբ: Խոսքը հիբրիդային, տեղեկատվա-քարոզչական դիվերսիայի մասին է, որ բեռնատարի վարորդը իրականացնում է Վրաստանի նկատմամբ:
Հատկանշական է, որ ըստ տեղեկության նրան հորդորել են հանել Իբրահիմովի նկարը, հենց հայ-ադրբեջանական հակամարտության պատճառով: Այսինքն, վրաց սահմանապահները որեւէ խնդիր չեն տեսնում թուրքական հեղաշրջման գործընթացում զոհվածի դիմանկարի հետ, բայց չեն թույլ տալիս, որպեսզի դրա կողքին լինի ադրբեջանցի դիվերսանտը՝ չցանկանալով որեւէ կերպ ներքաշվել հայ-ադրբեջանական հակամարտության այսպես ասած ադրբեջանա-թուրքական տրամաբանության շրջանակ:
Իսկ Բաքուն եւ Անկարան ակնհայտորեն փորձում են անել դա, ուժգնացնելով տարատեսակ հիբրիդային գրոհները Վրաստանի ուղղությամբ: Այստեղ սակայն հարկ է արձանագրել, որ նրանց խնդիրը ամենեւին այն չէ, որ Վրաստանը դարձնեն Հայաստանի եւ ԼՂ-ի (Արցախ) դեմ իրենց դաշնակից կամ գործընկեր: Նրանց համար Վրաստանն ուղիղ թիրախ է, առանձին նպատակ եւ այդ իմաստով հայ-ադրբեջանական հարվին առնչվող երանգները գործիք կամ միջոց են Վրաստանը աստիճանաբար ցանցի մեջ գցելու համար:
Թբիլիսին ակնհայտորեն դիմադրում է, թեեւ իհարկե չի գնում առավել կոշտ եւ ուղիղ դիմակայության, հաշվի առնելով մի շարք հարցեր, որոնք ստիպում են Վրաստանին զերծ մնալ երկու հարեւանների հետ անմիջական եւ կոշտ դիմակայությունից: Որքա՞ն կենսունակ կգտնվի Թբիլիսին թուրք-ադրբեջանական այդ հիբրիդային գրոհների նկատմամբ, որոնք անկասկած դրսեւորելու են ուժգնանալու միտումներ, հաշվի առնելով այն, որ Անկարան եւ Բաքուն աշխարհաքաղաքական իմաստով գնում են վա-բանկ: կամ, ավելի շուտ՝ վա բանկ գնում է Անկարան, Բաքվին քաշելով իր հետ:
Lragir.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio