Լավրովի կիպրական պլաններն ու Հայաստանը
Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մեկնում է Կիպրոս, որտեղ, անկասկած, քննարկման հիմնական հարցերից մեկը լինելու է միջերկրածովյան հակամարտությունը Հունաստան-Կիպրոսի և Թուրքիայի միջև:
Ավելին, Լավրովը չի էլ թաքցրել, որ մեկնում է միջնորդական օրակարգով, իհարկե կողմերի համաձայնության դեպքում: Միաժամանակ նա հայտարարել է, որ Թուրքիայի հետ ՌԴ սերտ հարաբերությունը չի վնասի Կիպրոսի հետ երկխոսությանը: Մոսկվան փաստորեն անում է միջերկրածովյան հակամարտությանն աշխույժ միջամտության առաջին փորձը: Այդ փորձը հատկանշական է երկու հանգամանքի ֆոնին՝ Հայաստանի տավուշյան հաղթանակի և դեռևս 2019 թվականին Հայաստանի նախաձեռնությամբ Հունաստան-Կիպրոս-Հայաստան եռյակ ձևաչափի ֆոնին: Տավուշյան հաղթանակը Թուրքիային դրել է երկիմաստ վիճակում: Մի կողմից այն թույլ տվեց Անկարային գնալ Ադրբեջանը ռազմա-քաղաքական իմաստով կլանելու «բլից-կրիգի», մյուս կողմից, սակայն, Թուրքիան այդպիսով նաև իր վրա գցեց Ադրբեջանի պարտության ստվերը: Երկիմաստ վիճակում հայտնվեց նաև Մոսկվան: Մի կողմից առավելություն Թուրքիայի նկատմամբ, քանի որ Հայաստանի ռազմա-քաղաքական գործընկեր լինելու հանգամանքը Ռուսաստանի վրա դրեց նաև հայկական հաղթանակի դափնիների որոշակի ստվեր, մյուս կողմից Մոսկվան հայտնվեց Բաքվում դիրքերի կորստի մարտահրավերի առաջ: Ահա այդ ֆոնին Ռուսաստանը փաստորեն կտրուկ շրջադարձ է անում միջերկրածովյան ռեգիոն, կարծես թե Թուրքիային առաջարկելով Կովկասի փոխարեն քննարկել այլ ուղղություն: Այսինքն՝ Կովկասի առումով առաջարկվում է այսպես ասած՝ քաղաքական-դիվանագիտական և ռազմա-քաղաքական «հրադադար»՝ իհարկե համեմատական իմաստով:
Չի բացառվում, որ Անկարան ընդունի դա, քանի որ դրա կարիքն ունի նաև ինքը՝ պետք է մարսել Ադրբեջանում կլանածը: Այդ հանգամանքը նկատելի անհանգստություն է առաջացրել հենց Բաքվում, թեև Բաքվի անհանգստությունները այլևս ոչ ոքի չեն հետաքրքրում, ինչպես պարզ դարձավ նաև Հայաստանին սպառազինություն մատակարարելու առնչությամբ Ալիևի անհանգստությանը Ռուսաստանի տված, ըստ էության, հեգնական պատասխանից՝ ասացին, որ ռազմական բեռներ չեն, այլ տեղափոխել են շինանյութ: Հայաստանին էլ Բաքուն այլևս երևի թե չպետք է հետաքրքրի, իսկ ահա Լավրովի կիպրական այցը՝ անկասկած: Արդյո՞ք Ռուսաստանը կփորձի խառնվել Հայաստան-Հունաստան-Կիպրոս ձևաչափին, հատկապես նկատի ունենալով այն, որ ԱՄՆ որոշել էր չեղարկել Կիպրոսին զենքի մատակարարման արգելքը: Ասել կուզի, արդյո՞ք Մոսկվան Հայաստանի նախաձեռնած ձևաչափում կտեսնի «արևմտյան հետք» և կփորձի տորպեդահարել, թե՞ այդուհանդերձ կտեսնի հնարավորություն և կփորձի մասնակցել: Համենայնդեպս, Լավրովի կիպրական պլանների ֆոնին արդիականանում է թերևս հարցը, թե ինչ վիճակում են Հայաստանի նախաձեռնած եռյակ ձևաչափի առաջին Վեհաժողովի հետ կապված պլանները:
1in.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio